32 -ամյա Վարդուհի Բարսեղյանը պատրաստվում է մայիսի 6-ին կայանալիք բազկամարտի Հայաստանի առաջնությանը։ Ցույց է տալիս մրցանակները, որ ստացել է ծանրամարտի ու բազկամարտի Հայաստանի առաջնություններում։ Առաջին պատվավոր հորիզոնականներ ու մեծ հաջողություններ, որ Վարդուհին գրանցեց հենց առաջին տարում, երբ որոշեց պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել։
Վարդուհի Բարսեղյանը մանկական ուղեղային կաթվածի հետևանքով տեղաշարժման դժվարություն ունի: Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում միշտ ու ամենուր են հանդիպում դժվարությունների, խնդիրների ու խտրականության։
«Իհարկե ես, շնորհիվ ծնողներիս, ինձ երբեք չեմ առանձնացրել հասարակությունից, ինձ ուրիշ չեմ զգացել, հավասար եմ եղել բոլորի հետ, բայց միևնույնն է մարդիկ առանձնահատուկ վերաբերմունք ունեն։ Օրինակ ես 32 տարեկանում աշխատանք չունեմ։ Կզանգենք․ միշտ այսպիսի պատասխան եմ ստացել, ու մինչ այսօր սպասում եմ զանգի։ Գիտեք, եթե անգամ վատ կամ խտրական վերաբերմունք չկա, ապա մի տեսակ խղճահարությամբ են քեզ նայում, բայց ինչու՞։ Յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքում ունենում է դժվարություն և այն հաղթահարում է։ Հաշմանդամություն ունեցող անձն էլ նույն կերպ, ունենում է դժվարություն ու սովորում է այն հաղթահարել։ Ընդամենը պետք է մարդուն տալ հնարավորություն իրացվելու», — ասում է Վարդուհին։
Վարդուհին իրեն սպորտում փորձեց 28 տարեկանում։ Հիշում է, երբ առաջին անգամ զանգեց Սարգիս Ստեփանյանին, հարցրել էր, թե արդյո՞ք իր հաշմանդամությունը չի խանգարի մարզվելուն ու ստացել պատասխան, թե գիտի՞ արդյոք ում է զանգել ու ասել է, որ ուզում է անպայման տեսնել իրեն։ Տեսել է, ընդունել իր ֆեդերացիա ու հետո էլ առաջարկել պրոֆեսիոնալ սպորտով զբաղվել։ Վարդուհին, Սարգիս Ստեփանյանի շնորհիվ մի պարզ կանոն է սովորել, ասում է, «չկա», «չեմ կարող» արտահայտություններին իրենց կյանքում փոխարինելու եկան «կարող եմ» ու «պետք է անեմ» արտահայտությունները։ Կյանքն այսպես ավելի հեշտ է։
«Ես մինչև 28 տարեկանը իմ առողջական խնդիրներով եմ զբաղվել։ Բազմաթիվ վիրահատություններ, բուժումներ, վերականգնողական թերապիաներ։ Զբաղվածությունս ապահովելու համար որոշեցի սիրողական սպորտով զբաղվել ու իմ կյանքի ամենաճիշտ որոշումն էր։ Այսօր ես մեծ հաջողություններ ունեմ և առաջիկայում ավելի մեծ հաջողություններ պետք է ունենամ», — ասում է Վարդուհին։
Երիտասարդ աղջկա վարակիչ լավատեսությունն ու հաջողությունները հույս են բոլոր նրանց համար, ովքեր կյանքում նոր քայլ անելու ճանապարհին դեռ վարանում են։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան