Սովորական տուն՝ սովորական հյուրասենյակով, խոհանոցով, ննջասենյակներով։ 32 շաբաթականում լույս աշխարհ եկած Լիդան, որը հետո պետք է պարզվեր, ունի տեսողական խնդիր, մեծացել է հենց այս պայմաններում:
Տան միակ անկյունը, որն առանձնահատուկ է, դա գրասեղանն է, վառ ու պայծառ լուսավորումով, որտեղ աղջիկը դասերն է պատրաստում և զբաղվում արտադպրոցական խմբակների հանձնարարություններով։
Լիդան Պեծիկյանների երկրորդ երեխան է։ Ծնողների համար նորածնի մոտ անսպասելի հայտնաբերված ռետինոպաթիան շանթի էր նման։ Մայրը՝ Արուսյակը, մտովի տարիներն է ետ գլորում ու հիշում՝ չէին համակերպվում իրողության ու հիվանդության հետ, երկար տարիներ պահանջվեց խնդրի հետ հարմարվելու, ելքային ճանապարհներ որոնելու համար։
Սանկտ-Պետերբուրգում արված մի քանի վիրահատությունից տևական ժամանակ անց հետո աղջիկը սկսել է առարկաներ նկատել, թույլ նշմարել է լույսը։ Ընտանիքը Լիդայի ձեռքից բռնած գնացել է այդ լույսի ետևից։
«Արդեն 3 տարեկանում իմ մոտ փոքրիկ հույս առաջացավ, որ կարելի է Լիդային հասարակություն դուրս բերել, որովհետև ես ինքս գիտակցեցի, որ երեխան տանը կկաշկանդվի, կփակվի ավելի։ Ճիշտ է, ուներ խնդիր, բայց տանը պահելը սխալ էր, ու պետք էր, որ նա դուրս գար պատերից»,-պատմում է Արուսյակը։
Սկզբում զարգացման կենտրոն, այնուհետ մանկապարտեզ գնաց աղջիկը։ Բոլորի նման սովորական մանկական առօրյա ունեցավ։ Աշխույժ ու ժիր Լիդան ծնողներին տարավ իր ցանկացած ճանապարհով։
«Շատ էի սիրում երգել, ու միշտ էի երգում։ Հետո ինձ տարան մասնագետների մոտ, իրենք էլ ասացին, որ ունեմ ձայնային լավ տվյալներ։ Ու նաև պատմել են, որ փոքր հասակում, երբ ինձ առաջին անգամ վիրահատել են, լացս միայն կարողացել են երաժշտությամբ դադարեցնել»,-ասում է Լիդան։
Այնուհետ հերթը դպրոցինն էր։ Այս գործը գլուխ են բերել երեքով՝ Լիդան, մայրն ու ուսուցչուհին։
«Առաջին դասարանի դժվարությունները չափացանց մեծ էին։
Մենք տանը հատուկ տետրեր կկազմեք, կգծեինք հաստ մարկերներով, որ երեխան կարողանար տեսնել տողը, կարողանար գրել։ Եվ տառը գրելը, և ճանաչելը մեծ ջանքեր պահանջեց և իրենից, և մեզնից, և ուսուցչից։
Տարիքի հետ տեսողությունն էլ սկսեց փոքր-ինչ բացվել, ինչը հեշտացրեց մեր աշխատանքը»,-պատմում է մայրը։
«Կարիտաս»-ը աղջկան այս տարի խոշորացույց է նվիրել։ Սարքի շնորհիվ աղջիկն ավելի ինքնուրույն է դարձել, դասերը մենակ է սովորում, հանձնարարությունները կատարում՝ առանց որևէ մեկի օգնության։
Պայքարող, առաջ նայող ուժ է եղել փոքր հասակից։ Արդեն 9-րդ դասարանում է սովորում և այս տարիքում էլ ամեն ինչ անում է, որ որևէ մեկն իրեն տարբեր չհամարի։ Հատկապես պայքարը մոր հետ է։
«Ուզում է, որ միշտ թույլ տամ մենակ գնա ինչ-որ տեղ, կամ, որ քայլելիս զգուշացնում եմ, թե փոս է, քար է, ասում է գիտեմ։ Հենց ինքն է ինձ թևեր տվողը, շատ ամուր բնավորություն ու կամք ունի։ Ամեն վայրկյան պայքարում է իր ու հասարակության մյուս անդամների միջև հավասարության նշանն ամուր ընդգծելու համար»,-աղջկա մասին հիացմունքով փաստում է մայրը։
Աղջիկն այս պահին գերզբաղված է։ Դպրոցից բացի նաև Հայորդյաց տան երգչախումբ է հաճախում, և երաժշտական դպրոց՝ վոկալային երգեցողության։ Քայլ առ քայլ մոտենում է իր մեծ երազանքին՝ դառնալ հայտնի երգչուհի, երգել աշխարհի մեծ բեմերում։
Նաև անգլերենի և ռուսերենի մասնավոր դասերի է հաճախում, որպեսզի մաքուր ու հստակ խոսք ունենալուց զատ, ճիշտ հնչերանգով կարողանա այդ լեզվով գրված երգերը ներկայացնել ունկնդրին։ Ասում է, իր մոտ ամեն բան պետք է հստակ ու գրագետ լինի։
Մայրը ներքին համոզմունք ունի, որ աղջիկը հաջողելու է, Լիդայի համոզմունքն առավել առարկայական ու իրատեսական է։ Ընտանիքն արել է առավելագույնն, իրեն ինքնավստահ ու ազատ մարդ, հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար։ Առաջ նայել է պետք։ Հենց այդպես էլ քայլում է՝ հաստատուն քայլերով դեպի լույսն ու նվիրական երազանքը։
Զրույցի վերջում ավելացնում է՝ ուզում է իր օրինակը վարակիչ լինի բոլոր նրանց համար, որոնք ուժ ստանալու կարիք կունենան ինչ-որ մի պահի, և հույս նրանց համար, որոնք նոր-նոր են քայլելու իր անցած ճանապարհով։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան