«Ես լսողների աշխարհ եմ մտել, այդպես եմ սկսել գրեթե վարժ խոսել»,- ասում է 22-ամյա Աստղիկ Ալավերդյանը։ Նա մանուկ հասակից դժվարանում է խոսել, ունի նաև լսողության խնդիր, լսել կարողանում է սարքի միջոցով։ Ասում է՝ խնդիրն իրեն երբեք ոչ մի հարցում չի կաշկանդել, բավականին ակտիվ է կյանքում։
Աստղիկը Արցախի Ճարտար քաղաքից է, Երևան տեղափոխվել է սովորելու նպատակով, ասում է՝ համալսարանն ավարտելուն պես վերադառնալու է Արցախ, այնտեղի հետ կապված բազմաթիվ նպատակներ ունի, որոնք հերթով ուզում է իրագործել։ Նպատակներից մեկը լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար կենտրոն բացելն է, որը կնպաստի նրանց զարգացմանը և ներառմանը հասարակության մեջ: Մասնագիտությամբ սուրդոմանկավարժ է, մասնագիտության ընտրությամբ նպատակ ունի իր փորձով կիսվելու հաշմանդամություն ունեցողների հետ և ցույց տալու, որ դա չի խանգարում կյանքում սեփական տեղը գտնելուն և նպատակներ իրագործելուն։
«Մինչև 11-րդ դասարան այս կերպ չէի կարողանում խոսել, երբ սովորում էի անգամ մեկ բառ ասել, աշխարհի ամենաերջանիկ մարդն էի դառնում, այդ ժամանակ էի հասկանում, թե որքան ջանք էր պետք գործադրել արդյունք ունենալու համար,- coalition.am-ի հետ զրույցում իր զգացողություններով է կիսվում Աստղիկը։
Արցախում սովորել է լսողության խնդիրներ չունեցող երեխաների հետ, որտեղից և սկսել են իր առաջին դժվարությունները․ «Չէի կարողանում հաղորդակցվել ո՛չ դասընկերներիս, ո՛չ ուսուցիչների հետ, նրանց չէի կարողանում լսել և հասկանալ։ Խոսել ևս չէի կարողանում․․․ Միտք շարադրել, նախադասություն կազմել սովորել եմ միայն 6-րդ դասարանում։ Ծնողներս ինձ տարբեր պարապմունքների էին տանում, որոնք էլ նպաստել են խոսքիս զարգացմանը»,- ասում է նա։ Աստղիկը դպրոցական տարիներին հետ էր մնում դասերից, դժվարություններ էր ունենում ընկալելու հարցում, ասում է՝ շատ էր նեղվում, բայց փորձում էր դասընկերներից հետ չմնալ, գրեթե նրանց հավասար յուրացնել դասերը, բայց և զուգահեռ դրան զարգացնում էր խոսելու հմտությունները։ Նշում է, երբ տեսնում էր օրեցօր ավելացող արդյունքը, համոզվում էր` որքան ուժեղ է ցանկությունը, այնքան հավանական է դրա իրագործումը։
«10-րդ դասարանում արդեն որոշ չափով կարողանում էի խոսք արտաբերել, դա, իհարկե, անհնար կլիներ առանց ծնողներիս աջակցության, նրանք շատ հետևողական էին իմ նկատմամբ և շատ էին ոգևորում, անգամ, երբ մի փոքր առաջընթաց էին նկատում ինձ մոտ։ Մտերիմներս ևս աջակցում էին, բայց շատերն էլ՝ թերահավատորեն էին մոտենում և բացասական արտահայտվում իմ նպատակների մասին»,- coalition.am- ին պատմում է մեր զրուցակիցը։
Չնայած դրան՝ Աստղիկը փորձում է չխուսափել բացասական արձագանքներից, ընդունում է իրավիճակն այնպես, ինչպես` կա ու oգտագործում այն ի օգուտ իրեն․ «Շատ են ասել՝ չես կարող կյանքում ոչնչի հասնել, համալսարան սովորել․․․ Երբ ընդունվել էի, ասում էին, որ կիսատ կմնա ուսումս, դուրս կմնամ։ Ծաղրանքներ էլ են եղել, սթրես եմ տարել, նեղվել, բայց հիմա այդքան էլ չեմ մտածում այդ մասին, որովհետև կյանքը շարունակվում է ու ես ունեմ լիքը անելիքներ, չեմ ուզում մեկը մյուսի վրա ազդի»,- ասում է Աստղիկը։
Ամենամեծ խնդրին բախվել է համավարակի օրերին, երբ բոլորը դիմակներով էին, իսկ ինքը մարդկանց առավել լավ կարողանում է հասկանալ շրթունքերով կարդալով։ Հենց այդ ընթացքում որոշում է մի գաղափար իրականացնել, հատուկ դիմակներ պատրաստել այն անձանց համար, ովքեր ևս ունեին լսողական խնդիրներ և իր նման մարդկանց կարողանում էին հասկանալ շրթունքներով։ Իր պատրաստած դիմակները սովորական դիմակներից տարբերվում էին նրանով, որ շրթունքների հատվածը թափանցիկ էր, տեսանելի։
«Ճիշտ է՝ այդքան էլ հաջող չստացվեց, բայց փորձել եմ։ Այդ ժամանակ բիզնեսի մասին շատ չէին գիտելիքներս, բացի այդ էլ՝ դիմակները լիարժեք հարմար չէին, որևէ այլ բան էր պետք մտածել ու այդպես որոշեցի դադարեցնել դիմակների պատրաստումը»,- նշում է նա։
Հիշում է, երբ այդ դիմակով մտել էր լսարան, բոլորը մտածել էին, որ շրթունքներն երևալու համար է այն կրում, բայց հետո բացատրել է, թե ինչի համար է դա։
Բիզնես գիտելիքները զարգացնելու նպատակով ընդունվել և ավարտել է Սոցիալական ձեռներեցների դպրոցը, որի շնորհիվ պատրաստվում է կյանքի կոչել իր բիզնես նախագիծը, որի ուղղությամբ դեռ աշխատանքներ են տարվում։
Այժմ նրա խոսքային հմտությունները բավականին բարելավվել են, կարողանում է ազատ միտք արտահայտել, իսկ դա իր չհանձնվելու, պատրաստակամության, աշխատասիրության, տարբեր մասնագետների հետ շփման արդյունք է։ Ասում է՝ այդ հանդիպումներն իրեն բացի հաղորդակցվելը և ինքնավստահությունը, տվել են նաև մի շարք մասնագիտական գիտելիքներ, որոնք այժմ կիրառում է իր ապագա մասնագիտության մեջ, որից սպասումները շատ են։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մերի Մաթևոսյան