«Շատ տարածված է այն կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող անձը կամ չի կարող աշխատել կամ եթե անգամ կարող է, ապա ոչ բոլոր բնագավառներում։ Ես մերժում եմ այդ գաղափարը։ Հաշմանդամություն ունեցող անձը, ինչպես մյուսները, կարող է կրթվել, աշխատել ու ծառայել հայրենիքին, գտնել իր տեղը տարբեր ոլորտներում»,- նշում է 22-ամյա Գնել Սաֆարյանը, որը ծնունդով Լոռու մարզից է։
Գնելը ունի մանկական ուղեղային կաթված, երբ հիշում է դպրոցական տարիները, իր խոսքով՝ խտրական վերաբերմունքի կամ կարծրատիպային մտածելակերպի հետ չի բախվել։
«Կարծում եմ դա նաև այն պատճառով է, որ ես գյուղում եմ դպրոց գնացել, մթնոլորտն այնտեղ շատ հաճելի ու հարազատ էր ինձ համար, ճիշտ է, այդ տարիներին գյուղերում խոսել ներառական կրթության մասին մի փոքր խորթ էր, բայց իմ սովորելու վերջին երկու տարիների ընթացքում ներառական կրթական մոդելը մեր դպրոց ևս հասավ։ Ինձ ներառում էին միջոցառումների մեջ ինչպես բոլորին։ Հիշողություններս դրական են դպրոցից ու դասարանցիներիցս, անգամ դասից փախչելուց, այդ ժամանակ համադասարանցիներս գրկում էին ինձ ու տանում իրենց հետ։ Ըստ ինձ՝ հաշմանդամություն ունեցող անձինք առավել հաճախ քաղաքներում են հանդիպում կարծրատիպային մոտեցումների»։
Գնելը զբաղվում է նաև սպորտով՝ վերջին երկու տարիներին պարալիմպիկ ծանրամարտով, որով Հայաստանի առաջնությանը զբաղեցրել է 3-րդ տեղը, մինչ այդ էլ մոտ 5 տարի զբաղվել է բազկամարտով՝ դառնալով Հայաստանի առաջնության չեմպիոն։ Համեմատելով այլ երկրներում ներառական միջավայրն ու հնարավորությունները Հայաստանի հետ՝ նշում է, որ այստեղ մատչելիության խնդիր կա։
«Սկսած ճանապարհներից, բացակայող կամ չափորոշիչներին չհամապատասխանող թեքահարթականերից մինչև շենքային մատչելիության, վերելակների և այլնի մասին է խոսքը, կան վայրեր, որ թեքահարթակները զուտ թեք են, ուրիշ ոչինչ, անգամ կառուցողները չեն կարող անցնել (կատակում է)»։
Գնելը երեք քույր ունի, իր խոսքով՝ ընտանիքի անդամների կողմից իր հանդեպ երբեք խղճահարություն չի զգացել, կամ թեկուզ ավելորդ ուշադրություն, իրեն մշտապես նայել են որպես հավասարը հավասարին, ու վստահեցնում է՝ եթե տանը ամեն ինչ լավ է, ուրեմն, դրսում էլ այդպես կլինի։ Ինքը IT ոլորտում է, հիմա ուզում է աշխատանքի անցնել, սովորում ու ուսումնասիրում է ոլորտը։ Այն հարցին, թե երբ դառնա իր պատկերացրած մասնագետը կլքի՞ երկիրը, պատասխանում է՝ իհարկե, ոչ։
«Ես սիրում եմ իմ երկիրը, հողն ու ջուրը, չեմ պատրաստվում լքել Հայաստանը։ Կան մարդիկ, որ գործիք են դարձրել իրենց հաշմանդամություն ունենալը՝ խղճահարություն առաջացնելով և հաճախ շահարկելով դա, դադարում են պայքարել ու առաջ նայել, այսպես ասած՝ գործը առաջ տանելով խղճահարությամբ, բայց դա ինձ համար սխալ մոտեցում է»։
Գնելի խոսքով՝ Հայաստանում ներառական միջավայր ունենալու մասով առաջընթաց կա, բայց դեռ աշխատելու շատ տեղ կա, օրինակ՝ աշխատաշուկայում, իսկ մինչ այդ ինքը կմնա հայրենիքում՝ հույս ունենալով, որ շուտով IT ոլորտում աշխատանք կունենա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան