Գևորգ Ասրյանը շաբաթվա մեջ չորս անգամ Արարատի մարզից գալիս է Երևան բժշկական կենտրոններից մեկում հեմոդիալիզի ծառայություններից օգտվելու համար։ Նա 2011 թվականից հաշմանդամություն ունի՝ պայմանավորված երիկամների խնդիրներով, շուրջ մեկ տարի է ոտքն է կոտրել ու զրկվել քայլելու հնարավորությունից, վիրահատությունը հակացուցված է։ Այժմ տեղաշարժվում է անվասայլակով։
«Ոտքս ջարդվել է, տրանսպորտից չեմ կարողանում օգտվել։ Դիալեզը դարձրել են չորս անգամ, բայց այդքան գումար չունեմ, որ տամ տաքսիներին՝ գամ, գնամ»,-ասում է Գևորգ Ասրյանը։
Նա երկու անչափահաս երեխա ունի։ «Ես ուզում եմ ապրել, չեմ ուզում երեխաներս առանց հայր մնան։ Աստված ինձ որքան կյանք տվել է, ես այս դիալեզով կապրեմ, բայց հնարավորություն չունեմ, որ շաբաթվա մեջ չորս անգամ հասնեմ Երևան»,-մտահոգված ասում է նա։
Գևորգ Ասրյանն անաշխատունակ է։ Ընտանիքի միակ եկամուտը իր հաշմանդամության թոշակն է ու ընտանեկան նպաստը։ Կառավարությունը վերջին անգամ կենսաթոշակները բարձրացրել է 2023 թվականի հուլիսի 1-ին, Գևորգի թոշակն աճել է շուրջ 4000 հազար դրամով։ Նշում է, որ սա բավարար չէ նույնիսկ մեկ ամիս Արարատից Երևան հասնելու համար։
«Ես ամեն անգամ 10 հազար դրամ եմ տալիս տրանսպորտին, շաբաթը չորս անգամ գալիս եմ, ստացվում է 40 հազար դրամ։ Իմ թոշակը բարձրացել է՝ դարձել է 40 հազար դրամ, բայց դա մեկ շաբաթվա համար է բավարարում։ Ես դեղեր եմ գնում, սնունդ, իսկ թոշակս չի բավարարում է։ Եղել է, որ տաքսու վարորդին խնդրել եմ, որ ինձ բերի հիվանդանոց, հետո կտամ կամ հարևանից եմ պարտքով վերցրել։ Հիմա պարտքեր ունեմ, չգիտեմ ինչ անել»,-ասում է նա։
Գևորգը նախկինում գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, իսկ հիմա չի կարողանում որևէ աշխատանք կատարել։ Նա մտահոգված է՝ հնարավոր է, որ մի օր չկարողանա ճանապարհածախսի բացակայության պատճառով հասնել հիվանդանոց։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան