Դպրոցում 9-ամյա կրթությունն ավարտելուց հետո 17-ամյա Ռաֆայելի մոտ հոգեբանական նոր խնդիրներ են ի հայտ եկել։ Տղան մեկուսացել է, չի խոսում, տանից դուրս գալ չի ուզում։ Միակ զբաղմունքը թուղթն է՝ կա՛մ նկարում է կամ մանր կտրատում, ասում է մայրը՝ Ֆլորա Վարոսյանը։ Միայնակ մայրը 2 որդիներին է մեծացնում, Ռաֆայելն աուտիզմ ունի։ Հիմա ամեից շատ տղան հոգեբանի կարիք ունի, ասում է մայրը, բայց հնարավորություն չկա։
«Տղաս վերջին անգամ հոգեբանի հետ 5 տարի առաջ է աշխատել՝ դպրոցում։ Հետո նաև մասնավոր պարապմունքների է գնացել հոգեբանի հետ ու այդ ժամանակ խոսում էր, հանգիստ էր, վարքի փոփոխությունը նկատելի էր։ Վերջին տարիներին, սակայն, ֆինանսի բացակայության պատճառով չենք կարողանում հոգեբանի ծառայությունից օգտվել ու ինչ արդյունք, որ գրանցել էինք, հետ է գնացել, հիմա նույնսկ խոսք չունի», — ասում է հուսահատ մայրը։
Շաբաթական 3 օր հոգեբանի հետ պաշխատելու համար Ֆլորան վճարում էր
20 000 դրամ, հիմա չունի այդ գումարը, որովհետև աշխատանք էլ չունի, հազիվ երեխայի հոգսերն է հոգում։ Ընտանիքը Ալավերդիում է ապրում, որտեղ անվճար վերականգնողական կենտրոններ չկա, իսկ մայրաքաղ գալ չեն կարող՝ կրկին ֆինանսի պատճառով։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Մեր մյուս զրուցակցի երկու որդիներն էլ աուտիզմ ունեն։ Հոգեբանի հետ աշխատանքը ամենակարևորներից մեկն է համարում մայրը, բայց կրկին՝ ֆինանսի բացակայության պատճառով օգտվել չեն կարողանում։ Պետպատվերով հատկացված անվճար պարապմունքներն էլ շատ քիչ են։
«Ունենք հոգեբանի կարիք, բայց չենք կարողանում ապահովել։ Ես այդքան բարձր աշխատավրաձ չեմ ստանում, իսկ հոգեբանի ծառայությունը թանկ արժե, մեկ ժամը 3000 կամ 5000 դրամ է», — ասում է երկու տղաների մայրը՝ 37-ամյա Ալլա Ծատինյանը։
Տիկին Ալլայի որդիներիը մի որոշ ժամանակ կրթությունը նոր ավարտած հոգեբանի մոտ են հաճախել համեմատաբար մատչելի գնով։ Արդյունքը նկատելի է եղել, չի դժգոհում, տղաներն ավելի հանգիստ վարք են դրսևորել։ Հիմա դա էլ չկա ու այդքան կարևոր ծառայությունից օգտվել պարապես չեն կարողանում նաև ֆինանսի պատճառով։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Հոգեբանի 9 տարվա աշխատանքային փորձ ունեցող Անդրանիկ Բաբայանը, գումարի բացակայությունից բացի նաև մեկ այլ խնդիր է մատնանշում, ասում է լինում են նաև դեպքեր, երբ անձը պարզապես չի դիմում հոգեբանի, քանի որ պատրաստ չէ ընդունել ու դեմ առ դեմ կանգնել իր խնդիրների հետ։
Ըստ հոգեբանի, հաշմանդամություն ունեցող անձանց մոտ ի հայտ եկող հուզական ու վարքային խնդիրները հաճախ հետևանք են լինում նաև հասարակության վերաբերմունքի։ Շատերը վախենում են, որ հասարակությունը իրենց չի ընդունի այնպիսին, ինչպիսին կան և հենց այստեղից էլ գալիս են հիմնական խնդիրները։ Հոգեբանը կարևորում է հասարակության դերը ու չնայած նրան, որ շատ կարծրատիպեր ժամանակի ընթացքում կոտրվել են, հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ փոխվել է, այդուհանդերձ դեռ խնդիրներն ու կարծրատիպերը շատ են։
Ըստ հոգեբանի, մարդկանց մոտ դեռ թյուր կարծիք կա, որ եթե անձը հաշմանդամություն ունի, չի կարող լիարժեք ապրել, կյանքի որակը չի կարող մյուսների նման լինել, անպայման ունի օգնության կարիք կամ չունի ուժեղ կողմեր։
«Այս ամենը միֆ է։ Շատ-շատերը կարողանում են հաղթահարել խնդիրները, ապրել լիարժեք կյանքով և օրինակ դառնալ մյուսների համար։ Ցանկացած մարդ ունի ուժեղ և թույլ կողմեր, իսկ պատմությունը ցույց է տվել, որ եղել են աշխարհահռչակ հաշմանդամություն ունեցող մարդիկ, որ թողել են աշխարին իրենց գործերը որպես հարստություն», — նշում է հոգեբանը։
Խոսելով գյուղական համայնքների մասին, հոգեբանը հասարակության վերաբերմունքի առումով ևս դրական տեղաշարժ արձանագրում է, փոխարենը շարունակում է մեծ խնդիր մնալ միջավայրային անմատչելիությունը։
Ինչ վերաբերում է մասնագիտացած ու հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու փորձ ունեցող հոգեբաններին, ապա այդպիսիք կան, բայց քիչ են, ասում է Անդրանիկ Բաբայանը։
Ելնելով սեփական փորձից հոգեբանն ասում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի խոցելի են ու նրանց հետ աշխատող մասնագետներն էլ պետք է ավելի հմուտ լինեն։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան