Coalition.am-ը օրերս Ավան Առինջի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչներից դժգոհություն էր ստացել։ Բնակիչը, որ ցանկացավ անանուն մնալ, պատմում էր, որ իրենց շենքում կառուցված թեքահարթակն այդպես էլ չծառայեց հաշմանդամություն ունեցող իրենց որդուն։ Հարմար չէր։ Որդին հիմա էլ չկա, մահացել է սրտի կանգից, բայց մայրը շարունակում է պայքարել՝ թեքահարթակը չափանիշներին համապատասխան կառուցելու համար, ասում է, որ իրենց նման էլ ոչ մի ծնող չտանջվի։
Մեր զրուցակիցը պատմում է, որ ամուսինը 4 տարի շարունակ աստիճաններով մեծ դժվարությամբ ու վտանգի ենթարկելով որդուն իջացնում ու բարձրացնում էր և այդպես օրը առնվազն երկու անգամ՝ դպրոց գնալիս ու տուն վերադառնալիս։ Բազմաթիվ դռներ թակելուց ու պատկան մարմիններին դիմելուց հետո 2017թ-ին թեքահարթակ կառուցվեց, բայց իրավիճակը չփոխվեց։ Թեքահարթակը նույնքան անհարմար էր ու վտանգավոր, որքան աստիճանները։
-Միջավայրային անհարմարությունները նվազագույնի էին հասցնում տնից դուրս գալու ցանկությունը, — արցունքները մի կերպ զսպելով պատմում է զրուցակիցս։ Հիմա մայրը ամեն անգամ այդ աստիճաններով վեր ու վար անելիս իրեն հարց է տալիս, գուցե՞ որդու մահվան պատճառի մեջ նաև այդ վախը տեղ ուներ, որ 4 տարի շարունակ զգացել էր աստիճանները իջնելիս։
«Ինձ համար շատ դժվար է, թեքահարթակը հիմա մեզ էլ պետք չէ, բայց խոսում եմ, որ մեզ նման էլ ոչ մի ծնող չտանջվի։ Որդուս ամեն օր համոզում էի, որճ։պ
Հա դասի չգնա, բայց քանի որ շատ էր սիրում դպրոցը՝ գնում էր։ Երեխաս միայն հենաշարժողական խնդիր ուներ, սայլակով էր տեղաշարժվում, իսկ մտածողությունը լավ զարգացած էր և ինքը ամեն անգամ հասկանում էր, թե ինչ վտանգի միջով է անցնում։ Էդպես սթրեսի ենթարկելով տանում-բերում էինք։ Հիմա ամեն օր տնից դուրս գալով ու նայելով այդ անիծյալ թեքահարթակ կոչվածին մի մեծ ցավ ու բարկություն եմ զգում։ Խնդրում եմ, պահանջում եմ, թող բոլոր շենքերում սարքեն թեքահարթակ, որ մարդկանց կյանքը մի փոքր գոնե հեշտանա, քանի որ ծնողի համար այդ անզորությունից սարսափելի ոչինչ չկա», — ցավով պատմում է մայրը։
Թեքահարթակը սարքել է շենքը սպասարկող «Նարեկ» համատիրությունը։ Մեր հարցերին պատասխանեց համատիրության ինժեները՝ Զավեն Գալստյանը, ով նախ վստահեցնում էր, որ թեքահարթակը կառուցվել է պահանջվող չափանիշներին համապատասխան։ Մեր այն հարցին, թե որոնք են պահանջող չափանիշները, ստացանք պատասխան, որ չի հիշում։ Զավեն Գալստյանը հետո էլ նշեց, որ շենքերը կառուցելիս թեքահարթակ նախատեսված չի եղել , հետևաբար իրենք հարմարեցրել են որքան որ կարողացել են։
«Էդ թեքահարթակը մի անգամ քանդել ու նորից ենք կառուցել, իրենց սայլակի չափերին համապատասխան։ Նույն թեքահարթակից մեկ այլ շենքում էլ ենք կառուցել, նույն չափերով ու շատ էլ գոհ են մարդիկ։ Հիմա այդ շենքի բնակիչները ասում են ապամոնտաժեք թեքահարթակը, էլ պետք չի», — պարզաբանում է Զավեն Գալստյանը։
Մեր այն հարցին՝ գուցե հարմար չէ օգտագործման համար, դրա համար են ուզում ապամոնտաժել, ինժեները վստահորեն բացասական պատասխան տվեց։ Ինչևէ, «Նարեկ» համատիրության ենթակայության տակ 35 շենք կա, դրանցից միայն 3-ում է թեքահարթակ կառուցվել։ Շենքերից մեկում թեքահարթակն արդեն ապամոնտաժվել է՝ բնակիչների պահանջով։ Հիմա 2-րդ շենքում են ուզում ապամոնտաժել, բայց համատիրությունը ապամոնտաժելու համար այս անգամ բնակիչների ստորագրությունն է պահանջել։
Որ նոր կառուցվող թեքահարթակները մեծամասամբ չեն համապատասխանում չափանիշներին, հարմար չեն օգտագործման համար, մեկ անգամ չէ, որ ասվել է և ապացուցվել։
Մեզ կառուցված անհարմար թեքահարթակների լուսանկարներ են ուղարկել նաև մեր ընթերցողները։ Այս թեքահարթակն, օրինակ, կառուցվել է Աբովյան քաղաքում։
Այս թեքահարթակն էլ Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկում էր կառուցվել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան