«Մեր օրերում ծնողներից շատերը, ցավոք դեռ չեն տիրապետում իրենց իրավունքներին, ինչի հետևանքով հաճախ տուժում է երեխան, խախտվում է երեխայի կրթվելու իրավունքը», — անդրադառնալով տնային ուսուցմանը, ասում է «Բարության մոլորակ» հատուկ կարիքներ ունցող երեխաների ծնողական ՀԿ հիմնադիր-տնօրեն Ջուլիետա Նակաշյանը, ում կազմակերպությունում մի քանի տասնյակ ծնողներ են ներգրավված։
Ջուլիետա Նակաշյանը, որպես ՀԿ հիմնադիր, հաճախ է ականատես լինում նման դեպքերի։ Հիշում է, թե ինչպես է ծնողներից մեկը զանգահարել իրեն հոկտեմբերին և հարցրել, թե ե՞րբ է սկսվում տնային ուսուցումը, մինչդեռ այն դեկտեմբերից է սկսվել։ Անտեղյակ ծնողի տուն ոչ մեկը չի եկել, չի զանգել, ինքն էլ չի հետաքրքրվել՝ բաց թողնելով ժամանակը։
«Ես 2 տղա ունեմ, երկուսն էլ աուտիզմ ունեն։ Ունեցել ենք ուսուցիչ, որ շաբաթական մեկ անգամ պետք է դաս աներ, ամսվա մեջ 4 անգամի փոխարեն գալիս էր մեկ անգամ ու ասում էր տնօրենին չասեք, բայց ես թույլ չեմ տվել։ Դիմում եմ գրել և իր ծառայությունից հրաժարվել եմ։ Մասնագետի խիստ պակաս կա, ասում եմ լեզվի այս վարժությունները արեք երեխայի հետ, ասում է ես վախենում եմ, կլինի՞ դա դուք արեք, մենք՝ լոտո խաղանք, մենք այդ մասնագետին էլ ենք փոխել», — պատմում է Ջուլիետան։
Բացի այդ, ըստ Ջուլիետայի, սխալ է արվում նաև տնային գնահատումը։
«Տարին մեկ անգամ տնային ուսուցում անցնող երեխաներին գնահատում են, գրում են ինչ ուզում են, երեխան ինչ հաջողություն ունենում է իրենց են վերագրում ու եթե ծնողը առանց կարդալու ստորագրի, իրենք կներկայացնեն որպես իրենց հաջողություն», — ասում է Ջուլիետան։
Մեկ այլ դեպք՝ Ալավերդիում։ 13 տարեկան տղային մայրը ամեն օր մեծ դժվարությամբ դպրոց էր տանում, բայց ուսուցիչն ասել է միևնույնն է բան չի հասկանում, ինչու՞ եք բերում։ Մայրը երեխային հանել է դպրոցից ու տնային ուսուցման անցել, որն էլ իր հերթին պատշաճ չի իրականացվել։
«Ալավերդու թիվ 2 դպրոցից միայն հոգեբան ու լոգոպեդ է նշանակված եղել և ըստ ծրագրի երեխայի հետ 45 րոպե պետք է պարապեին, բայց 10ր-ից ավել չէին պարապում։ Երբ ասում էի, որ 45 րոպե է նախատեսված, ինչու՞ եք քիչ պարապում, ասում են երեխան չի կարողանում նստել։ Բայց ո՞նց նստի, եթե մտերմիկ միջավայր չեն ստեղծում։ Դիմել եմ դպրոցի տնօրենին, ասում է ձեր երեխան ոտքով հարվածել է ուսուցչին, մինչդեռ իմ երեխան հենաշարժողական խնդիր ունի և չի կարող ոտքով հարվածել։ Տնօրենն ասում է՝ «Ռազի չես, դիմում գրի՝ ազատվի»», — պատմում է ծնողը, ով ցանկացավ գաղտնի մնալ։
Մեր մյուս զրուցակիցը, որ Վանաձորից է, շատ գոհ է տնային ուսուցումից։ Երեխան այս տարիների ընթացքում մեծ առաջընթաց է գրանցել ու զարգացել։ Միայն թե այս դեպքում էլ մայրը ափսոսանք է հայտնում, որ երեխան դպրոցն ավարտում է և այլևս չի կարող շարունակել ուսուցումը։ Խնդրում էր, որ հնարավորության դեպքում գոնե մեկ տարի ևս տնային ուսուցումը շարունակվի։
«9 տարի առաջ, որ պետք է դպրոց տանեինք շատ անհարմար էր դպրոցը, թեքահարթակներ չկային, սայլակով չէինք կարողանում տնից հանել։ Անգամ շենքի մուտքի թեքահարթակը մենք մեր ուժերով ենք պատրաստել, դրա համար նախընտրեցինք տնային ուսուցումը։ Անչափ գոհ ենք, մեծ արդյունք ենք տեսել։ Շատ բարեխղճորեն գալիս են, պարապում են ու մեր ընտանիքի անդամն են արդեն դարձել։ Իմ երեխայի խոսքը լրիվ զարգացած է, հարուստ բառապաշար ունի, տեղեկացված է, թվաբանություն է անում, նախադասություն վերլուծում, հեքիաթներ քննարկում, իսկ շփումը հասակակիցների հետ ապահովում եմ այլ ձևերով՝ տարբեր կենտրոններ, միջոցառումների տանելով», — ասում է մայրը՝ Հռիփսիմե Մացակյանը։
Այս տարի դուստրը՝ Ալինան, որ մանկական ուղեղային կաթված ունի, ավարտում է 9-րդ դասարանը։ Առաջիկայի համար դեռ ծրագրեր չեն կազմել, միայն մեծ ցանկություն ունեն․ տնային ուսուցումը գոնե ևս մեկ տարի շարունակելու հնարավորություն ունենան։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան