15 երկրից 163 մարզիկների մասնակցությամբ կայացած Չեխիայի պարաաթլետիկայի միջազգային առաջնությանը Հայաստանը ներկայացնող մարզիկը՝ Սարգիս Ստեփանյանը 2 հաղթանակ տարավ F55 դասակարգում՝ գնդի հրում և սկավառակի նետում վարժություններում։
«Ես հաղթանակ տարա բոլոր մրցակիցների նկատմանբ։ Գրանցեցի 9,65 սմ արդյունք գնդի հրում և 23,89 սմ սկավառակի նետում վարժություններում՝ զբաղեցնելով առաջին տեղերը։ Ամենակարևորը իմ առջև դրված առաջադրանքը կատարեցի։ 2024թ-ի պարալիմպիկ խաղերին մասնակցելու համար կա մինիմալ արդյունք, այսպես ասած վարկանիշ, որ պետք է ունենաս և այս մրցույթն ինձ համար նաև ստուգատես էր»- ասում է Սարգիս Ստեփանյանը։
Թեպետ այս մրցաշարը վարկանիշ ապահովող չէր, բայց նա կարողացավ ոչ միայն կատարել, այլև գերազանցել իր առջև դրված խնդիրը։ Վարկանիշ ապահովող մրցումներին մասնակցել չի կարողացել, ասում է Սարգիսը, որովհետև Հայաստանի պարալիմպիկ կոմիտեն անգործության է մատնվել։ Այս մասին նախկինում էլ են բարձրաձայնել։
«Վարկանիշ ապահովող մրցաշարին մասնակցելու համար դեռ նախորդ տարվա դեկտեմբերին դիմել էինք կոմիտեին, խնդրել, որ լրացնեն հայտերը։ Մենք տեղեկացրել էինք, որ բոլոր ծախսերը մենք հոգում ենք և իրենք միայն պետք է մի քանի րոպե համակարգչի առաջ նստելով լրացնեին հայտերը, բայց չարեցին։ Ինչևէ, հուսանք կզգան իրենց սխալը և մենք կշարունակենք պատվով ներկայացնել մեր երկիրը», — ասում է Սարգիսը։
Չեխիայում կայացած մրցույթին Սարգիսը գնացել էր իր օգնականի հետ, մարզիչը նրան ուղեկցել չէր կարողացել, քանի որ նույն ժամանակահատվածում մեկ այլ մրցույթ էլ Մոլդովայում էր կայանում, որին Հայաստանի մարզիկները ևս մասնակցում էին։ Սարգիսը կարողացել է հաղթանակ գրանցել՝ ունենալով ավելի մեծ դժվարություն, քան մյուս մարզիկները։
«Բոլորը զարմանում էին, որովհետև գնդի հրման համար ձեռքի խնդիր չունեին, իսկ ես մի ձեռքի խնդիր ունեմ, բայց կարողացա հաղթել։ Կարճ ժամանակում մեծ արդյունքներ եմ գրանցել, սա նաև հպարտանալու առիթ է», — պատմում է Սարգիսը։
Սարգիսը պարաաթլետիկայով զբաղվում է ընդամենը մեկ տարի, բայց արդեն մի քանի միջազգային մրցույթների է մասնակցել ու հաղթանակ տարել։ Հաղթանակները նրա կյանքում շատ են։ Ի դեպ, Չեխիայում հաթանակած մարզիկը անմիջապես Մոլդովա է մեկնել, միացել թիմին ու ևս մեկ հաղթանակ տարել՝ դառնալով Եվրոպայի հաշմանդամային բազկամարտի չեմպիոն։
«Հայաստանը 15 մարզիկ էր ներկայացնում։ Մենք վերադարձանք մեծ հաղթանակներով, ընդհանուր բերել ենք 7 ոսկի, 5 արծաթ և 9 բրոնզ։ Ինձ իմ հաղթանակից ավելի շատ ոգևորում էր մեր նոր մասնակիցների հաղթանակը», — նշում է նա։
Սարգիսը բազկամարտով է զբաղվում 2015թ-ից, հետևաբար այս հաղթանակը սպասելի էր, իսկ պարաաթելիտակայում ունեցած հաղթանակը, որ քրտնաջան աշխատանքի ու մարզումների արդյունք էր, առավել քան ոգևորիչ էր։
«Մենք որպես զինվորական ծառայել ենք, տարբեր առաջադրանքներ կատարել, պատերազմ տեսել, պայքարել ենք ու հաղթել։ Հիմա այդ պայքարը շարունակվում է սպորտի բնագավառում ու երբ այստեղ էլ ենք հաղթանակ տանում, ոգևորությունն ու ուրախություն աննկարագրելի է, ավելի է մեծանում սերը կյանքի հանդեպ ու այդ հաղթողի տեսակն է, որ մեզ ուժ է տալիս», — ասում է Սարգիսը։
Սարգիս Ստեփանյանը հաշմանդամություն է ձեռք բերել 2014թ-ին, պաշտպանական հենակետերից մեկում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ։ Նա հիմա էլ շարունակում է իր ծառայությունը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան