Մի շարք խմբակներ, մարզումներ, դասեր ու գրանցած հաջողություններ՝ 28 -ամյա Տիգրան Գևորգյանը ազատ ժամանակ գրեթե չի ունենում։ Սովորում է, մարզվում, ընկերների հետ ժամանակ անցկացնում։ Տիգրանն իր շփվող ու ջերմ բնավորությամբ կարծես վարակում է շրջապատին, նրան բոլորն են սիրում, դրական էներգիան ու լավատեսությունը Տիգրանին բոլորից առանձնացնում է, ասում են նրան ճանաչողները։
Տիգրանը դաունի համախտանիշ ունի, բայց դա երբեք իրեն չի խանգարել առաջ գնալու ու կյանքում հաջողությունների հասնելու համար։
«Ինձ փոքրուց շատ սեր են տվել և ես կարծում եմ, որ սերը ամենակարևորն է այն երեխաների համար, ովքեր ունեն դաունի համախտանիշ։ Բոլոր ծնողներին ուզում եմ խորհուրդ տալ, որ չընկճվեն, չթաքցնեն իրենց երեխանեին ու նորից եմ ուզում շեշտել՝ շատ սեր տան նրանց, հավատալով, որ իրենց երեխաները կարող են ամեն ինչի հասնել», — ասում է Տիգրանը՝ սեփական փորձը մեջբերելով։
Տիգրանը դեռ փոքրուց լողով է զբաղվել։ Արդեն մի շարք մրցումների է հասցրել մասնակցել, այդ թվում՝ արտերկրում, 2015-ին ԱՄՆ-ում է եղել, 2011-ին՝ Աթենքում, որտեղ ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել։ Այս տարի էլ Գերմանիա է գնալու, կրկին լողի մրցումների մասնակցելու համար։ Թեպետ լողը նրա ամենասիրելի զբաղմունքն է, բայց միակը չէ։
«Ես հաճախում եմ նաև «Արևի թատրոն» թատերական խմբակ, առաջիկայում նոր ներկայացում ենք ունենալու, հաճախում եմ «Արևային զանգակներ» նվագախումբ, սովորում եմ Երևանի պետական մանկավարժական համալարանի հատուկ մանկավարժություն բաժնի 4-րդ կուրսում։ Նախասիրություններ շատ ունեմ, նույնիսկ մի մասը հիմա չեմ հիշում», — ասում է Տիգրանը։
Հարցին, թե ինչ դժվարություններ ես ունեցել, կարճ է պատասխանում, — Չեմ ունեցել, — ասում է, քանի որ սովոր չէ դժգոհելու։
«Ես իմ կյանքում միշտ բարի մարդկանց եմ հանդիպել, երևի բախտս բերել է», — ընդգծում է Տիգրանը։ Այստեղ մորաքույրն է միջամտում, պատմում, որ Տիգրանը նաև արհեստագործական դպրոցում է սովորել, որտեղ խոհարարի մասնագիտությունն էր ընտրել։ Պատրաստել շատ է սիրում, բայց չգիտես ինչու ուսուցիչը նրան թույլ չէր տալիս աշխատել, թույլ չէր տալիս դանակով գործ անել, ինչը Տիգրանին շատ էր նեղացնում։
«Ինքը պատրաստել շատ է սիրում, մենք տանը թողնում ենք և ինքը պատրաստում է։ Ուսուցչի այդ քայլից շատ էր նեղվում Տիգրանս, բայց ելքը գտանք, փոխեցինք խմբակը և նա վարսահարդարում, դիմահարդարում սովորեց։ Այսօր նաև կարողանում է գեղեցիկ հարդարել մազերը», — ասում է Տիգրանի մորաքույրը՝ Իռեն Գևորգյանը։
Ի դեպ, տխուր ժամանակ Տիգրանը այդ վիճակից դուրս գալու իր մեթոդն ունի՝ հելյունով գործում է, ասում է մորքույրը։
Երբ Տիգրանը սկսում է գործել, արդեն գիտեն ինչ-որ բան այն չէ, բայց չեն էլ հարցնում, որովհետև Տիգրանն ինքնուրույն է սովոր դժվարությունները հաղթահարել։ Եղել են նաև դեպքեր, երբ իրենք երկար խոսել են Տիգրանի հետ, բացատրել ու ուժ տվել՝ դժվար իրավիճակը հաղթահարելու համար։ Օրինակ, մորաքույրը հիշում է, որ դեռ փոքր հասակում ինչպես էին խաղահրապարակում որոշ ծնողներ, չիմանալով, թե ինչ է դաունի համախտանիշը, իրենց երեխաներին հեռացնում էին Տիգրանից, որ չխաղան միասին։
«Հասարակության մեջ կարծրատիպերը շատ են, չնայած հիմա մեծ փոփոխություն կա։ Մենք Տիգրանին շատ սեր ենք տվել, ամեն տեղ տարել ենք, դժվար պահերին կողքին ենք եղել, խոսել ենք հետն ու դժվարությունները հաղթահարելու ուժ ենք տվել», — ասում է մորաքույրը ու ինքն էլ ուրախությամբ փաստում, որ հիմնականում լավ ու բարի մարդկանց է հանդիպել Տիգրանը։ 2015թ-ից հետո, երբ Տիգրանը հայկական սերիալներից մեկում նկարահանվեց, բոլորը նրան ճանաչում էին, ասում է, ու մինչ այսօր մոտենում են, ողջունում Տիգրանին, — Կինոյի երեխեն ա, ասում են, — ժպիտով պատմում է մորաքույրը։
Տիիգրանը կարճ ժամանակով, բայց ծանոթներից մեկի սրճարանում նաև աշխատել է որպես մատուցող։
«Շատերը հենց Տիգրանիս համար էին գալիս։ Շատ էին սիրում Տիգրանին, գալիս էին ասում էին՝ «Մեր Տիգրանն ուրա՞»։ Առհասարակ, ուր էլ գնում է Տիգրանը, իրեն սիրով են ընդունում, որովհետև ինքն էլ բոլորին շատ սեր ու ջերմություն է տալիս», -նշում է մորաքույրը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան