Երբ ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձ կա, ընտանիքը կարող է նպաստել տվյալ անձի դիմակայուն լինելուն այն կարծրատիպերի դեմ, որոնք հասարակությունը ստեղծել կամ, այսպես ասած, հորինել է։
«Ընտանիքը կարող է այնքան գրագետ, այնքան իրազեկ և բաց լինել, որ ամուր կանգնի տվյալ մարդու կողքին և հակառակը՝ կարող է թուլանալ: Սա շատ անհատական է: Պիտի հաշվի առնենք, որ ընտանիքներում ապրում են տարբեր կրթական ցենզ ունեցող մարդիկ, մեկում իրազեկված են, մյուսում՝ ոչ այնքան: Հենց այստեղ է պետության համապատասխան կառույցների դերը շատ կարևոր: Համապատասխան իրազեկման արշավների միջոցով, սոցիալական գովազդների և այլ ռեսուրսների օգնությամբ, պատասխանատուները պետք է տեղեկացնեն իրավունքների մասին: Երբ տեղյակ չես իրավունքիդ մասին, անգամ պետական կառույցում կարող են մանիպուլացնել կամ խուսափել պատասխանատվությունից: Անկախ ամեն բանից՝ ընտանիքը պետք է ամուր, վստահ կանգնած լինի, որովհետև հաշմանդամություն ունենալը ընտրություն չէ, մեզնից ամեն մեկը կարող է մի օր ունենալ հաշմանդամություն՝ անկախ մեր կամքից: Եթե մենք ունենանք կուռ համակարգ, դժվարությունները չենք նկատի»,- նշում է Կուշանե Չոբանյանը: Նա կարող է շատ երկար խոսել ներառականության ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, բայց ոչ միայն նրա համար, որ մասնագիտությամբ լրագրող է ու բազմիցս լուսաբանումներ է ունեցել այս թեմաների շուրջ, այլ իր որդին՝ Ռաֆայելը, հաշմանդամություն ունի։ Ինչպես Կուշանեն է նշում, ընտանիքում հաշմանդամություն ունեցող մարդու առկայությունը կարող է փոխել անդամների մոտեցումները, կարծրատիպերը, եթե նրանք պատրաստակամ են ուսումնասիրել, հասկանալ և ընդունել: Իրենց ընտանիքը այս ճանապարհով է շարժվում, չնայած այսպես բոլորի մոտ չէ, որ ստացվում է, բայց և մեղավորությունը անհատներին թողնել պետք չէ. նշում է Կուշանեն։
«Կան ընտանիքներ, որտեղ ծնվում է հաշմանդամություն ունեցող երեխա, և ծնողները հրաժարվում են նրանից: Պիտի նաև ընդունենք, որ որքան էլ սրա հիմքում մենք փնտրում ենք միայն տվյալ մարդկանց մեղավորությունը, հաճախ երեխային մանկատուն հանձնելը այլ պատճառ ևս ունի՝ սկսած իրազեկման պակասից մինչև պետության կողմից ոչ բավարար աջակցության տրամադրում: Ինչ վերաբերում է կյանքի, կենսակերպի փոփոխությանը, ապա կրկին խիստ անհատական է: Կան մարդիկ, որոնք արագ ընդունում են հաշմանդամության փաստն ու փորձում ամեն բան անել, որ թե՛ իրենց, թե՛ տվյալ անձի առօրյան հնարավորինս անխոչընդոտ կազմակերպվի: Իհարկե, կան նաև դեպքեր, երբ ծնողները նախընտրում են երեխային պահել տանը, տալ տնային ուսուցում և այլն: Մեր խնդիրն է ոչ թե մեղադրել մեկս մյուսին՝ ծնողը՝ պետությանը, պետությունը՝ ծնողին և այսպես շարունակ, այլ գիտակցել, որ փոփոխությունը համակարգային պետք է լինի, մենք պետք է համագործակցենք դպրոցի, պետական կառույցի, հասարակության անդամների հետ: Եթե անգամ այս ամենը պահանջում է տարիների ջանք, միևնույն է, պետք է հասկանանք, որ մի օրում հասարակությունն ի վիճակի չէ փոխվել»:
Համակարգային փոփոխությունների մասին խոսելիս առաջնայինը կրթականն է. ևս մեկ անգամ է ընդգծում է Կուշանեն։ Հաշմանդամություն ունեցող անձին խտրական արտահայտություններով դիմելուց մինչև անգամ իրական ներուժը չնկատելու սկիզբը դրվում է կրթական հաստատություններից։ Ճիշտ մոտեցումը շատ բան կարող է փոխել, երբ շրջապատող անձանց թույլ տաս նկատեն, որ հաշմանդամություն ունեցող անձինք բոլորովին էլ ուրիշ չեն, այլ իրենցից մեկը։ Պետք չէ խղճալ, առանձնահատուկ հոգատարություն ու ուշադրություն ցուցաբերել, փոխարենը անհրաժեշտ է նայել ինչպես հավասարը հավասարին. նշում է Կուշանեն ու մեջբերում մի դրվագ, որը տեղի է ունեցել որդու հետ դպրոցում։
«Դպրոցում հաճախ կարող են պատահել դեպքեր, որոնք գուցե դուրեկան չեն՝ մեղմ ասած: Օրինակ, մի անգամ երեխայիս դասընկերուհին մոտեցավ, ասաց, որ իր մայրիկն իրեն բացատրել է, որ տղաս հիվանդ է: Դասղեկը ականատես եղավ այս տեսարանին, ասաց՝ գուցե խոսե՞մ ծնողի հետ: Վստահեցրի, որ կարիք չկա, և ընդամենը մեկ-երկու ամիս անց երեխան ինքը կգնա և ծնողին կբացատրի, որ իր դասընկերը հիվանդ չէ, ընդամենը՝ հաշմանդամություն ունի, որը պարզապես կարգավիճակ է և երբեք չի կարող լինել խոչընդոտ ընկերության համար: Վստահ եմ, որ մեր հասարակության մեջ ապրում են մարդիկ, որոնք շատ ավելի վատ իրավիճակներում են հայտնվել, բայց եթե նրանք կարողացել են հաղթահարել, ուրեմն, բացատրելով, զիջելով, հարգելով միմյանց չվիրավորելով՝ պիտի հասնենք արդյունքի»։
Այն հարցին, թե միջադեպը կարո՞ղ էր չպատահել, եթե հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերը չլինեին, Կուշանեն պատասխանում է՝ առկա կարծրատիպերի մեղավորն ու պատասխանատուն հասարակությունը չէ կամ այն մասամբ է պատասխանատու մշակութային, սոցիալական, քաղաքական դրդապատճառներով գոյացած կարծրատիպերի համար:
«Պիտի հաշվի առնենք, որ Հայաստանը ներառական կրթությունը պետական քաղաքականություն հռչակեց ընդամենը մի քանի տարի առաջ, իսկ քանի որ ամեն բան սկսվում է կրթությունից, մենք կարող ենք ենթադրել կամ հուսալ, որ տարիներ անց կունենանք ավելի քիչ կարծրատիպեր ունեցող հասարակություն»:
Պատնեշը, որը ստեղծվել է կարծրատիպերի պատճառով, որքան էլ լուծումը կրթական ուղին է, միևնույն է կարծրատիպերի կարելի է հանդիպել ցանկացած ոլորտում՝ մասնավորապես աշխատաշուկայում։
«Ենթադրենք, գործատուն ունի հստակ կարծրատիպեր հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների վերաբերյալ, և երբ որևէ մեկը, որ, դիցուք, տեղաշարժվում է անվասայլակով, դիմում է աշխատանքի, նրան բացառում են միայն այն պատճառով, որ հաշմանդամություն ունի: Գործատուն ոչ թե փորձում է նախ ծանոթանալ տվյալ մարդու ունեցած հմտություններին, հասկանալ՝ արդյո՞ք համապատասխանում է հաստիքին, թե ոչ, հետո՝ հարմարեցնել միջավայրը տվյալ անձի համար, եթե անհրաժեշտ է խելացի հարմարեցում ապահովել, այլ միանգամից մերժում է նրա ներկայությունը՝ համարելով ավելորդ հոգս: Ես չեմ խոսում քաղաքային կամ գյուղական միջավայրում հաշմանդամություն ունեցող մարդկանց տեղաշարժի մասին: Եթե հարցնեք, օրինակ, Երևանում ապրող մարդկանց՝ արդյո՞ք կարծում են, որ ավտոբուսները, կրթական հաստատությունները, ժամանցի վայրերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ենթադրում եմ, որ մեծ մասը կասեն, որ շատ մարդկանց չեն տեսնում, հետևաբար, ավելորդ ծախսի կարիք չկա, այնինչ մենք չենք տեսնում հաշմանդամություն ունեցող մարդկանց, քանի որ համապատասխան հարմարեցումներ չկան: Վստահ եմ, որ շատ եք լսել նաև պատմություններ, երբ տաքսիների վարորդները իրենց ունեցած կարծրատիպերի պատճառով մերժում են սայլակ օգտագործող մարդկանց տեղափոխվել»,-նշում է Կուշանեն։ Իր խոսքով՝ պատկերի փոփոխության համար մեծ աշխատանքի կարիք կա, հատկապես կրթական ոլորտում: Բայց իրական փոփոխություն տեսնելու համար ժամանակ է անհրաժեշտ։
«Ես հաշվի եմ առնում, որ ներառական կրթության ներդրումը մեծ քայլ է մեզ համար և այն դեռ շատ փուլերի միջով պիտի անցնի՝ լիարժեք կայանալու համար: Եթե հստակ օրինակ ներկայացնեմ, ապա կարծում եմ, որ առաջին հերթին պետք է փոխվի գնահատման համակարգը: Երբ հաշմանդամություն ունեցող երեխան ընդունվում է դպրոց, ՏՄԱԿ-ը համապատասխան մասնագետների խումբ է ուղարկում՝ գնահատում անելու: Հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն չունեցող երեխային գնահատել նույն չափանիշներով, առնվազն զավեշտալի է: Վերցնել որևէ պետության կրթական համակարգի, օրինակ, և պարզապես թարգմանել այն ու կիրառել, ևս ընդունելի չէ: Անգամ եթե մենք վերցնում ենք եվրոպական երկրի կրթական մոդել, ապա անպայման պետք է այն տեղայնացնենք, հասկանանք՝ արդյո՞ք կիրառելի կդառնա մեր երկրում, թե՞ ոչ: Լիքը մարդիկ գտնում են, որ Հայաստանը պատրաստ չէր ներառական կրթությանը, սակայն 2016 թվականից լուսաբանելով հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, լինելով տարբեր հատուկ դպրոցներում, ծանոթանալով մարտահրավերներին՝ ուզում եմ ասել, որ ներառական կրթության ներդրումը լավագույն փոփոխություններից մեկն էր, որ կարելի էր անել կրթական համակարգում»։
Կուշանեն չի սահմանափակվում միայն հավատալով ու սպասելով, որ ներառական կրթության ներդրումը մեր երկրում բան կփոխի։ Այլ սեփական օրինակով՝ որպես ծնող, հաշմանդամություն ունեցող երեխային ճիշտ մոտեցում ցույց տալով և մասնագիտությունը ճիշտ օգտագործելով՝ գրագետ լուսաբանումներով է ճաքեր առաջացնում կարծրատիպերի հսկա պատում ու վստահեցնում, որ այս մարտահրավերը վաղ թե ուշ հաղթահարելու է մեր հասարակությունը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան