«Ես ակտիվ եմ տեսակով, փորձում եմ մասնակցել ամեն ինչի. դա կլինի դասընթաց, մրցույթ, թե մեկ այլ բան»,- նշում է Սուսաննա Մամբրեյանը, որը ծնունդով Վանաձորից է։ Սուսաննան մանկական ուղեղային կաթվածով է ծնվել, իր խոսքով՝ հաշմանդամություն ունենալը չպետք է բաժանարար դառնա տվյալ անձի և հասարակության միջև։
«Ես մինչև 6 տարեկան ծանր վիճակում եմ եղել, ինքնուրույն շարժվել չէի կարողանում, բայց հետո ես վիրահատվեցի և հիմա կարող եմ քայլել ավելի հեշտ, քան նախկինում և ամենակարևորն է՝ հիմա ավելի ինքնուրույն եմ քան առաջ, ճիշտ է, շատ դժվարություններ լինում են՝ սկսած փողոցների անհարթ լինելուց մինչև տրանսպորտի անհարմար լինելուց, բայց ես ելք գտնում եմ»։
Ինչպես Սուսաննան է նշում՝ իր բախտը բերել է կրթության հարցում, քանի որ թե՛ համադասարանցիները, թե՛ ուսուցիչները իրեն չեն առանձնացրել, ու ինքն իրեն երբեք ստիպված չի եղել ուրիշ զգալ։ Ճիշտ հակառակը, դպրոցում ինքը ակտիվների շարքում է եղել ինչպես դասերի ժամանակ, այնպես էլ ցանկացած միջոցառման։ Իհարկե, այս ամենը սկսվում է նաև ընտանիքից, քանի որ եթե աջակցում է ընտանիքդ, ապա դու կհաղթես ցանկացած դժվարություն. վստահեցնում է Սուսաննան։
«Ասել միայն, որ ընտանիքս աջակցում է, դա ամենաքիչն է, որ կարող եմ, երբեմն իրենք ավելի են ինձ վստահում ու առաջնորդում, քան ես ինքս, և ինտեգրվել հասարակություն, առանց այս վստահության աղբյուրի, ավելի բարդ կլիներ, ես նաև երկու տարբեր երգչախմբերում եմ երգել. դա ևս իմ սիրելի զբաղմունքն է, ու ես դա մեծագույն հաճույքով էի անում։ Վանաձորի Հայորդյաց տան «Առաջին Շողակն» երգչախումբն էր, որի մասին լսել էին մանկությանս ընկերուհուց։ Վախեր կային, որ այնտեղ արդեն փորձառուներն են, բայց երբ ես գնացի, ինձ շատ լավ ընդունեցին, 7 տարի խմբում երգելուց հետո երկրից մեկնելու պատճառով ես թողեցի սիրածս զբաղմունքը։ Հայաստան վերադառնալուց հետո ես հիմա կրկին երգում եմ, բայց արդեն այլ երգչախմբում՝ իմ սիրելի «Բիայնայում»։ Ես այսպիսին եմ՝ երազկոտ ու ակտիվ, իմ մեծ երազանքն է լինել Ֆրանսիայում, ես ճամփորդել շատ եմ սիրում, նպատակներս շատ են, ու ես վստահ եմ, որ դրանք իրականացնելու եմ»։
Քանի որ Սուսաննան ակտիվ կյանքի սիրահար է. դասընթացներն ու վերապատրաստումները ինչպես Լոռիում, այնպես էլ մարզից դուրս բաց թողնել չի կարող. պատմում է ինքը։
«Ես մասնակցում եմ տարբեր սեմինարների, որոնց ընթացքում խոսվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, առհասարակ, հավասար իրավունքների ու ներառական միջավայրի մասին»։
Բայց մեկ բան է այդ մասին խոսելը, մեկ այլ բան՝ ունենալը. նշում է Սուսաննան ու օրինակ բերում իր փորձը։
«Ցավոք, ես չեմ աշխատում, և դա իմ ամենախոցելի տեղն է, երբ աշխատանքի հայտարարությունը տեսնելուց դիմում ես ու գործատուն մերժում է՝ նշելով ,որ չի ստացվելու և վերջ՝ թույլ չտալով անգամ փորձաշրջան անցնել. դա միայն այն պատճառով, որ ես հաշմանդամություն ունեմ։ Այսպիսի դեպք ինձ հետ եղել է, ու ես հիասթափված էի, բայց որոշեցի մատնահարդարում սովորել ու դրանով գումար աշխատել , ինչը ինձ մոտ ստացվեց»,-նշում է Սուսաննան։
Հիմա 21-ամյա Սուսաննան նոր նպատակ ունի՝ դառնալ ֆոտոմոդել, որի համար ևս քայլեր ձեռնարկում է։ Նա սկսել է բլոգինգով զբաղվել՝ սոցցանցերը օգտագործելով լսարան ձեռք բերելու նպատակով։ Ինքը կյանքի կարգախոս չունի, բայց հաշմանդամություն ունեցող անձնանց Սուսաննան խորհուրդ է տալիս սիրել իրենց եսը, էությունը ու բացահայտել ունեցած սեփական ներուժը, քանի որ հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերը շղթայում են, ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ ցանկացած անձի հնարավորությունները ու դանդաղեցնում, երբեմն էլ կասեցնում դեպի երազանք տանող ճանապարհի ընթացքը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան