Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալականացման խնդիրներով հիմնականում զբաղվում են տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունները։ Թեպետ ՀՀ-ը մի շարք միջազգային պարտավորություններ է ստանձնել, սակայն պետական մակարդակով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման քայլերը համընդհանուր չեն։
Մեր երկրում շարունակում է չլուծված մնալ միջմարզային եւ համայնքային տրանսպորտային միջոցներում հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը, մինչդեռ տրանսպորտային միջոցների մատչելիությունը մեծ դեր ունի իրավունքների ինքնուրույն իրացման, նաեւ անկախ ապրելու լիակատար մասնակցության համար։
Գյումրու բնակիչ, տեսողական խնդիրներ ունեցող Արտյոմ Դիլանյանը, համեմատելով մեր երկրի եւ Լեհաստանի ֆիզիկական մատչելիության պայմանները, ասում է. «Ես եղել եմ Լեհաստանում, այնտեղ լուսացույցները խոսող են, բանկոմատները խոսող են։ Երբ Լեհաստանում սպիտակ ձեռնափայտով մարդ են տեսնում, մեքենաները կարմիր
լույսի պես կանգնում են, իսկ մեզ մոտ հակառակն է՝ վրայովդ կանցնին»։
Այնուհանդերձ, Արտյոմը Հայաստանում դրական փոփոխություն նկատում է վերջին 30-35 տարում։ Ասում
է՝դպրոցական տարիներին՝ 80-90-ականներին, երբ ակնոցով մարդ էին տեսնում աշակերտները, փորձում էին
ծաղրել, որի հետեւանքով վեճ էր սկսվում, իսկ այսօրվա դպրոցականն իրազեկ է, մեծ մասնամբ չունի խտրական
վերաբերմունք հաշմանդամություն ունոցող անձանց նկատմամբ։
«Ես սովորել եմ կույր երեխաների միջնակարգ դպրոցում, ավարտել եմ 1992 թվականին, հետո սկսել եմ աշխատել
ավարտել «Կույրերի միավորում»-ում, սկզբում բանվոր, ապա՝ տեղամասի պետ, հետո հիմնադրել եմ
հասարակական կազմակերպություն»,-պատմում է Արտյոմը։
Արտյոմ Դիլանյանը «Մարզամշակութային ներառական կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր է, որը գործում է Գյումրիում, ՀԿ- ի գործունեությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը։
Արտյոմը մինչեւ 2018 թվականն ունեցել է տեսողական խնդիրներ, սակայն կարողացել է տեղաշարժվել ինքնուրույն։ 2018 թվականին ամբողջությամբ կորցրել է տեսողությունը։ Ասում է՝ կատարվել է եղջերաթաղանթի փոխպատվաստում եւ հույս կա, որ այս ամռանը գոնե կսկսի նախկինի նման տեսնել։
Նա համակարգիչներում, սմարթֆոններում ներառված հատուկ ծրագրի միջոցով մարդկանց հետ կարողանում է շփվել, մինչդեռ ինքնուրույն տեղաշարժվել չի կարող, հարազատ-բարեկամ մարդիկ են օգնում։
«Չտեսնողները հաշմանդամության ամենախոցելի խումբն են։ Սայլակով հաշմանդամը կարող է խանութ գնալ, իր սայլակով բարձրանալ նույնիսկ քաղաքապետարանի երրորդ հարկ, իսկ տեսողության խնդիր ունեցող մարդու համար ամեն ինչ դժվար է, մեր կառավարությունը կարող է այդ տեղաշարժը հեշտացնել»,-ասում է նա։
Որպես խնդրի լուծման տարբերակ՝ Արտյոմը մատնանշում է միջազգային փորձը. երբ Հայաստանի ամբողջ տարածքում ևս կգործեն խոսող բանկոմատներ, կստեղծվեն խոսող լուսացույցներ, հավասար պայմաններ կստեղծվեն նաեւ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան
*Լուսանկարները տրամադրել է Ա.Դիլանյանը