2023 թվականի փետրվարի 1-ից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» եւ այլ հարակից օրենքներում կատարվել է սահմանումների փոփոխություն, նախկինում հաշմանդամություն ունեցող անձը սահմանվում էր որպես անձ, որն առողջական վիճակի պատճառով ունի սոցիալական պաշտպանության կարիք, իսկ ուժի մեջ մտնող օրենքով պետք է գնահատվի անձի ֆունկցիոնալությունը՝ հաշվի առնելով նրա առողջական, մտավոր, զգայական, միջավայրային արգելքների փոխազդեցությունը, որպեսզի հնարավոր լինի նրան ապահովել տվյալ միջավայրում հնարավորինս լայն ներառում, ըստ իր ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակման։ Ներկայումս կան բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող խմբեր, որոնք հաստատուն խմբեր են, բաղկացած են հիմնականում բժիշկներից, եւ անձին հաշմանդամություն է սահմանվում՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո լինելու է մասնագետների ռեեստր, որտեղ ներգրավված են լինելու բացի բժշկական մասնագետներից, նաեւ հարբժշկական մասնագետներ։
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանի խոսքով՝ եթե հաշմանդամություն ունեցող անձի տեսանկյունից նայենք փոփոխություններին, ապա բարեփոխումները որոշակի առումով ուռճացված են։
![](https://coalition.am/wp-content/uploads/2022/09/mushex-1024x609.jpg)
«Ընդհանուր առմամբ այս բարեփոխումը պետության համար հաշմանդամություն ունեցող անձանց մասին տվյալներ հավաքելու վերաբերյալ է, թե օրինակ քանի մարդ է օգտագործում սայլակ, քանի մարդ ինքնասպասարկման դժվարություններ ունի, քանի մարդու տունը հարմար չէ և այլն։ Այս գնահատվող համակարգով արդեն կիմանան, բայց դրանից մարդու տունն ավելի հարմար չի դառնալու, ծառայություններ չեն տրամադրվելու, որովհետև այդ ծառայությունները Հայաստանում հասանելի չեն։ Պարզապես պետությունը կունենա տվյալներ, որը հետագայում հնարավորություն կտա մշակել այնպիսի ծրագրեր, որոնք առարկայական փոփոխություններ կբերեն։ Թե հետագայում դրանք կմշակվեն, թե՝ ոչ, արդեն երկրորդ փուլն է, որը բարեփոխումը ենթադրում է»,-ասաց նա։
Լուսանկարում՝ Մուշեղ Հովսեփյանն է
Մուշեղ Հովսեփյանն ասաց, որ փետրվարի 1-ից, երբ օրենքն ուժի մեջ մտնի հաշմանդամություն ունեցող անձիք որևէ արտոնություն չեն ստանալու։
«Արտոնությունների մասով, իրականում, ոչինչ չի փոխվում և այդ խմբերը, որ ասում են վերանում են՝ հիմա կա առաջին, երկրորդ և երրորդ խումբ, հիմա ֆունկցոնալուցիան գնահատման նոր համակարգով լինելու է չորս խումբ՝ թեթև, միջին, ծանր և խորը։ Ըս էության՝ պետության թեթև ֆունկցիոնալության սահմանափակումը չի համարի հաշմանդամություն ունեցող։ Ստացվում է, որ այդ խմբերի բառերն են փոխվում՝ երրորդը համապատասխանաբար կլինի միջինը, երկրորդը՝ ծանրը, իսկ առաջինը՝ խորը»,-ասաց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող Մուշեղ Հովսեփյանը՝ շեշտելով․
«Այլ երկրներում բարեփոխումների արդյունքում հաշմանդամություն ունեցողների թիվն աճում է, բայց մեր դեպքում վստահ չեմ, որ պետությունը կգնա այդ քայլին, որովհետև դա ենթադրում է պետական բյուջեի վրա մեծ ծախս։ Կարծում եմ՝ հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի այդ տարբերությունը ներկայի խմբերի և ֆունկցիոնալության աստիճանների միջև շատ չլինի, որովհետև թիվը, եթե մեծանա, կմեծանա նաև թոշակների և նպաստների բյուջեն, ինչը պետությունը իրեն չի կարող այս պահին թույլ տալ։ Ընդհանուր առմամաբ՝ չեմ կարծում, որ էական բան կփոխվի։ Ես կարևորում եմ այս բարեփոխումը, բայց կարևորում եմ, որ քաղաքացիներին ճիշտ ներկայացվի, որ շատ ակնկալիքներ չունենան այս փոփոխություններից»։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան