29-ամյա Սյուզաննա Աղաբաբյանը կյանքում որևէ դժվարության հանդիպելիս միշտ փորձում է դրանում նկատել դրականը, շնորհիվ դրա հաղթահարել այն և շարժվել առաջ։
Սյուզաննան ունի մանկական ուղեղային կաթված, դժվարությամբ է քայլում։ Նրա ամենամեծ մտահոգությունը` կապված հաշմանդամության խնդիրների հետ` փողոցների և հասարակական վայրերի այդպես էլ վերջնական լուծում չստացած անմատչելիության խնդիրն է, որը խոչընդոտում է իր և այլ հաշմանդամություն ունեցողների ազատ տեղաշարժը։ Նշում է՝ ազատ տեղաշարժման խնդրին ամեն օր է բախվում, ոչինչ այդպես էլ չի փոխվում, խնդիրն էլ՝ մնում է։
«Ես իմ տանը և ինձ համար հասանելի վայրերում լիարժեք մարդ եմ, կարողանում եմ հանգիստ տեղաշարժվել, բայց դրսում՝ այդպես չէ։ Այսօր, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար… Փողոցում աստիճանները շատ են, նրանց կողքին չկան բազրիքներ, որոնցից կարող եմ բռնվել և բարձրանալ, թեքահարթակներն էլ մատչելի չեն, անցումները՝ ևս»,- coalition.am-ին ասում է Սյուզաննան, ում համար ամեն անգամ փորձություն է աստիճաններ բարձրանալը։
Նա համոզված է, եթե բոլորն ապրեին լիարժեք հավասար պայմաններում, ապա հաշմանդամություն ունեցող մարդն իրեն երբեք տարբեր չէր զգա մյուսներից։
Ասում է՝ շատ անգամներ է անհարմար զգացել որևէ մեկի օգնությանը դիմելուց, փոխարենը՝ նախընտրել է թեկուզ դժվարությամբ, բայց ինքնուրույն բարձրանալ անհարմար աստիճանները։
«Որևէ մեկի օգնությանը չդիմելը բարդույթ էր, որը, ի վերջո, հաղթահարեցի, քանի որ հասկացա՝ մինչև չբարձրաձայնես մարդիկ միգուցե չնկատեն էլ, որ դիմացինը ունի օգնության կարիք, իսկ բարձրաձայնելու դեպքում հասարակությունն ավելի ուշադիր է դառնում շրջապատի նկատմամբ»,- նկատում է Սյուզաննան։ Ասում է՝ այժմ իր համար դժվարանցանելի աստիճանների առկայության դեպքերում խնդրում է՝ օգնեն իրեն, իսկ, երբ շրջակայքում ոչ ոք չի լինում, հաճախ շրջանցում է և ճանապարհը փորձում անցնել իրեն ավելի հարմար տեղով։
Միջավայրի անմատչելիության և վերաբերմունքի պատճառով բազմաթիվ բարդ իրավիճակներում է հայտնվել։ Պատմում է՝ դպրոցում, համալսարանում մարդիկ զարմանքով էին նայում իրեն, թերահավատորեն մոտենում՝ իր կարողություններին՝ չհավատալով, որ հաշմանդամություն ունեցողը ևս կարող է ստանալ բարձրագույն կրթություն, լինել բանիմաց և բարեկիրթ։
Այս ամենը հաղթահարելու հարցում Սյուզաննային օգնել են ծնողները․ «Փոքրուց հայրս ինձ սովորեցրել է՝ չեմ ուզում, չեմ կարողանում՝ չկա։ Պետք է միշտ առաջ գնալ՝ ինչ գնով ուզում է լինի, ես այդպես դաստիարակվելով կյանքում ցանկացած պարագայում առաջ եմ գնացել, ընկել ու նորից վեր բարձրացել»։
Սյուզաննան պատմում է՝ հաճախ է հուսահատվել իր կարգավիճակի համար, մտածել՝ ինչու՞ ինքն էլ չի կարողանում բոլորի նման ազատ քայլել, բայց հետո հասկացել է՝ միայն նստել և այդպես մտածելը սխալ է, պետք է դրական տրամադրվել և փնտրել սեփական կյանքն ինքնուրույն բարելավելու ուղիներ։
Չնայած այդ դժվարություններին, ասում է՝ երբևէ հետ չի կանգնել իր նպատակներից և երազանքներից, չի կոտրվել, այլ մտածել Է, եթե կա նպատակ, բայց կա դժվարություն, ուրեմն կա նաև տարբերակ՝ ցանկալի վերջնարդյունքին հասնելու։
«Ինձ նախևառաջ հավատացել են իմ ընտանիքի անդամները, նրանք մանուկ հասակից իմ մեջ սերմանել են հավատ, որ ես կարող եմ քայլ կատարել, առաջ գնալ․ այդ հավատն ավելի ամրապնդվել է հասուն տարիքում, որի շնորհիվ գնացել եմ առաջ՝ վստահ լինելով, որ եթե մյուսները կարողացել են, ես էլ կարող եմ միանշանակ»,- ասում է նա։
Սյուզաննան մասնագիտությամբ հոգեբան է և սոցիալական մանկավարժ, զուգահեռաբար մասնակցում է տարբեր դասընթացների՝ գիտելիքները կատարելագործելու նպատակով։ Ասում է՝ սեփական օրինակով է համոզվել՝ ինչին մարդ իսկապես ձգտում է, անպայման հասնում է։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ-ն՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մերի Մաթևոսյան