Մթության ու լռության մեջ, ընտանիքի անդամների ջերմ զրույցների արանքներում ու նույնիսկ հացի ժամին Արմինե Բադալյանի տանը կարի մեքենայի ձայնը չի լռում։ Արմինեն արդեն մեկ տարի է սեփական փոքրիկ բիզնեսն է սկսել, սիրով ու ոգևորությամբ առավոտից կար ու ձև է անում, սեփական զբաղվածությունն ապահովում ու նաև շատ ավելի կարևոր նպատակի ծառայեցնում՝ թերահավատներին ապացուցում է, որ ինքը կարող է, ու կարող է ավելին, քան շատերը։ Սա այն հերթական դեպքերից կարելի է համարել, երբ հասարակության կարծրատիպերն ու խտրական վերաբերմունքը պատճառ են դառնում կյանքը վերափոխելու ու ի հեճուկս ամեն ինչի՝ կայանալու։
26-ամյա Արմինեն Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում է ապրում, կարճահասակություն ունի ու դեռ դպրոցական տարիներից դասընկերների, հետո նաև անծանոթ մարդկանց փսփսոցներից, խտրական ու ցավեցնող վերաբերմունքից վիրավորվող Արմինեն այսօր կայացած մարդ է, ով մի գեղեցիկ օր պարզապես հասկացավ, որ ինքը պետք է հարթի իր ճանապարհը, ինքը պետք է ստեղծի իր ապրուստի միջոցն ու առաջ գնա։
«Ես դեռ փոքր հասակից, այո, շատ էի նեղվում մարդկանց հայացքներից, փսփսոցներից ու ռեպլիկներից, ես հասկանում էի, որ տարբերվում եմ իրենցից, բայց ես ինձ միշտ նաև հարց էի տալիս՝ ի՞նչ չեմ կարող անել, որ նրանք կարող են, և այդ հարցի պատասխանը միշտ մեկն էր՝ ոչինչ։ Ես հասկանում էի, որ կարող եմ լիարժեք կյանքով ապրել, բայց ինչպե՞ս այդքան մարդու մտածելակերպ փոխես, այ դա էր դժվար ինձ համար։ Չեմ կարող ասել, որ այսօր լիովին հաղթահարել եմ բարդույթները, բայց միանշանակ է, որ առաջվանը չեմ ու տեր եմ իմ իրավունքներին», — ասում է Արմինեն։
Դժվարություններն էլ հաղթահարելու համար են։ Արմինեն արդեն չափահաս տարիքում դիմել է տարբեր տեղեր աշխատանք գտնելու համար։ «Ձեզ կզանգահարենք, դուք չեք համապատասխանում այդ աշխատանքին, աշխատանքն արդեն չկա»․ գործատուների շուրթերից հնչող այս նախադասությունները Արմինեի համար մի օր սովորական դարձան ու հենց այդ ժամանակ էլ ծնողների աջակցությամբ Արմինեն սեփական գործը սկսեց։
Արմինեի կարած խոհանոցային սրբիչները
Արմինեի կարած խոհանոցային սրբիչները
«Ես հիմա խոհանոցային սրբիչներ, անկողնային պարագաներ եմ կարում, հագուստի վերանորոգում եմ անում։ Չեմ դժգոհում, ստացվում է ու պատվերներ էլ լինում են։ Հիմա ավելի մեծ նպատակներ ունեմ, ուզում եմ կարի արտադրամաս ունենալ։ Դասընթացի եմ մասնակցել, ունեմ փորձ ու հիմա քիչ-քիչ գումար եմ հավաքում, որ կարողանամ նպատակս իրագործել։ Ես վհատվելու, թևաթափ լինելու ժամանակ չունեմ, պետք է պարզապես առաջ գնալ, իհարկե եթե չլիներ ծնողներիս աջակցությունը, ամեն ինչ շատ ավելի դժվար կլիներ։ Այնուամենայնիվ հիմա կարողանում եմ մարդկանց ապացուցել, որ ես նպատակասլաց եմ ու կարող եմ ավելին անել», — ասում է Արմինեն։
Բիզնեսն առայժ անվանում չունի, բայց դրա շուրջ արդեն մտածում է, երբ գործն ընդլայնվի անուն հաստատ պետք կլինի։ Աշխատանքը հիմա շատ է ժամանակ խլում, լիցքաթափվելու, ժամանցի համար ժամանակ չի մնում, բայց Արմինեն դրանից չի նեղվում՝ գիտի ինչի համար է պայքարում և ուր է գնում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան