Առողջապահության նախարարության առաջարկով խստացվում է զենք կրելու պայմանները։ Ո՞ւմ է արգելվում զենք կրել․ նախարարությունը ցանկ տարածեց՝ բարձրացնելով բողոքի ալիք։ Քննադատությունները 2 հիմնական պատճառով էին՝ նախ առողջապահական գերատեսչության կողմից կիրառված սխալ բառապաշարը և հետո այն վիճակների ներառումը, որոնք, ըստ քաղաքացիների, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ ինքնապաշտպանական զենք կրելու համար։
Մասնավորապես, նախարարությունը նշված որոշման մեջ օգտագործել էր «ֆիզիկական թերություններ», «զարգացման արատներ» արտահայտությունները։
«Ի՞նչ է նշանակում ֆիզիկական թերություններ․ սա խտրական և որոշ չափով նաև վիրավորական արտահայտություն է, որովհետև եթե հաշմանդամությունը իրենց համար թերություն է, նշանակում է ըստ իրենց՝ ես ինչ-որ մեկից ավելի թերի եմ, պակաս եմ և չեմ կարող նույն իրավունքները ունենալ։ Բացի այդ, ես խտրական վերաբերմունք եմ զգում, եթե ոչ, ապա թող ինձ բացատրեն, թե ինչու՞ պետք է իմ հաշմանդամությունը կապ ունենա զենք օգտագործելու հետ, ինչպե՞ս կարող են փաստել, որ իմ հաշմանդամությունը խանգարում է զենք օգտագործելուն, եթե ես գիտեմ զենք օգտագործելու կանոնները և կարողանում եմ օգտագործել այն», — ասում է Արմինե Մելիքյանը, ով կարճահասակություն ունի։
Արմինե Մելիքյանի բարկությունն ու դժգոհությունը ավելի է խորանում, երբ նման խոսույթի ու, իր բնորոշմամբ՝ խտրական վերաբերմունքի պաշտոնական աղբյուրում է հանդիպում, ասում է ուրիշներից էլ ի՞նչ պետք է պահանջի։
«Երբ լրագրողները կամ քաղաքացիները սխալ արտահայտություններ են անում, սխալ բառեր օգտագործում և նրանց նկատողություն ես անում, ասում են մենք պաշտոնական աղբյուրից ենք վերցրել, էլ որտեղի՞ց վերցնենք, որ ճիշտ լինի։ Այսինքն, երբ մենք ամեն օր պայքարում ենք հասարակության խտրականության, կարծրատիպերի դեմ, վերին օղակներում գրչի մեկ հարվածով սաղ ջուրն են լցնում, էլ ի՞նչ պահանջես հասարակությունից»,- նշում է Արմինեն։
Ըստ նախարարության տարածած ցանկի, զենքի կրումն արգելվում է նաև լսողության խնդիր ունեցող անձանց։ Ցանկում նշված է՝ «Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն»։
Նման մոտեցումը խտրական են համարում նաև Խուլերի միությունում, չլսելը արգելք չէ և չի կարող սահմանափակել անձի զենք կրելու կարողությունը, ասում են միությունից։
«Չլսող կամ թույլ լսող անձը ևս կարող է զենքից օգտվել, ինչպես բոլորը։ Մենք խոսում ենք համընդհանուր ներառման մասին, բայց անում ենք քայլեր, որոնք այդ տրամաբանության մեջ չեն։ Սա խտրական մոտեցում է լսողության խնդիրներ կամ խանգարումներ ունեցող անձանց նկատմամբ ևս», — ասում է Խուլերի միավորման ծրագրերի համակարգող Արևիկ Հովհաննիսյանը։
Արևիկ Հովհաննիսյանը անհասկանալի է համարում նաև սխալ եզրույթների կիրառումը։ Որոշման մեջ նշված է՝ «Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն», այնինչ խուլհամրություն տերմինը վաղուց գործածությունից դուրս է եկել և կիրառելը սխալ է։
Նախարարությունը ցանկը կազմելիս օգտվել է հիվանդությունների միջազգային դասակարգչից, ինչը սխալ է՝ ասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի փորձագետ Հայկ Մկրտչյանը։
«Խնդիրն այն է, որ հիվանդության տեսակներով հնարավոր չէ և չի կարելի սահմանափակել մարդու կարողությունները։ Հիվանդությունը հիվանդություն է, կարողությունը՝ կարողություն։ Հիվանդության տեսակներ, տարբեր ձևեր ու աստիճաններ կան, օրինակ, ասել, որ չի կարելի զենք կրել հոգեկան խանգարում ունեցողներին սխալ է, քանի որ սթրեսային վիճակը ևս համարվում է հոգեկան խնդիր, իսկ սթերս 21-րդ դարում բոլորն ունեն, իհարկե տարբեր աստիճանների և եթե հանկարծ դրա պատճառով մի տեղ գրանցվեցինք՝ վերջ, զրկվում ենք։ Հոգեկան առողջությունը մարդու գործունակությունն ու հնարավորությունները չի սահմանափակում։ Պետք է հասկանալ ինչի մասին է խոսքը, տրամադրության խանգարումներ, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ, քնի խանգարումներ, ի՞նչ է այս բոլոր դեպքերում պետք է զրկել մարդուն ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Եվ ի վերջո, հիվանդություններ կան, որոնք հաղթահարելի են, սա է հիմնական անհանգստությունը։ Պետք է անհատական մոտեցում լինի՝ հաշվի առնվի հիվանդության ծանրության աստիճանը», — նշում է Հայկը։
Նախարարության ներկայացրած ցանկում նաև անհասկանալի ձևակերպումներ կան, մասնավորապես նշված է՝ «Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» կամ «Խնդիրներ կապված ապրելակերպի հետ` ինքնավնասումներ առաջացնող վարք»։
Քննադատություններից հետո նախարարությունը փոխեց ձևակերպումը՝ հրապարակելով նոր հայտարարություն և «Ֆիզիկական թերություններ» արտահայտությունը փոխարինելով «վիճակներ» բառով, բայց թվարկված մյուս բոլոր խնդիրները մնացին։ Ավելի ուշ նախարարությունը նաև պարզաբանում տարածեց, նշելով․ «Հրապարակման մեջ տեղ են գտել հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ:
Օրինակ, կետերից մեկի` «ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ» անվանումը ամենևին չի վերաբերում սուր շնչառական կամ սեզոնային բնույթ կրող հիվանդություններին, այլ սուր խանգարումների մասին է:
Խնդրում ենք պարզ մասնագիտական եզրույթները չդարձնել շահարկման առարկա:
Զենքը հատուկ վտանգավոր միջոց է, և դրա կրողը պետք է չունենա որոշակի հիվանդություններ, որպեսզի զենքի կրումը անվտանգ լինի շրջապատի համար», — ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան