ՀՀ Ազգային ժողովը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության: Համաձայն օրենքի՝ մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հանրապետությունում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգը: Չնայած նրան, որ արդեն 9 տարի է այն գործում է, այդուհանդերձ հաճախ կարելի է ծնողներից լսել դժգոհություն, որ դպրոցներում ներառումն այդպես էլ չի ստացվում, մանկավարժները պատրաստված չեն։
Coalition.am-ը բազմիցս անդրադարձել է նման խնդիրների, լսել ծնողներին։ Ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս իրականացնել ներառումը․ այս հարցի շուրջ զրուցել ենք հոգեբան Անդրանիկ Բաբայանի հետ։
Դպրոցների ֆինանսավորման վերջին հաստատված բանաձևով նախատեսվում է, որ այս ուսումնական տարվանից բոլոր հաստատություններում պարտադիր կդառնա հոգեբանի հաստիքը, իսկ հոգեբանը դպրոցներում իսկապես ունի անելիք՝ սկսած աշակերտներից, վերջացրած ուսուցիչներով ու ծնողներով, ասում է հոգեբան Անդրանիկ Բաբայանը։
«Մենք դպրոցում կազմակերպում ենք տեսագործնական դասեր ուսուցիչների համար, օրինակ, դասընթացներ երեխաների հուզական աշխարհի, ապրումների, տրամադրությունների մասին։ Խոսում ենք ներառական կրթության դժվարությունների, կարևորության մասին, սեմինարներ ու խորհրդատվություն ենք անում, ուսումնական և միջավայրային հարմարեցումներ ենք իրականցնում, այլ կերպ ասած՝ ուսումնական նյութը մատչելի ենք դարձնում՝ միջավայրը հարմարեցնելով։ Այսինքն, եթե դասաարնում կա տեսողության խնդիր ունեցող երեխա, նրան պետք է նստացնենք առջևում, հակառակ դեպքում չենք կարող հույս ունենալ, որ նա դասապրոցեսից ինչ-որ բան կստանա։ Թվում է, թե սա տարրական ու փոքր թվացող հարց է, բայց շատ տեղերում խնդիրը կա», — ասում է Անդրանիկ Բաբայանը։
Բաբայանը այս պահին աշխատում է Ռանչպարի միջնակարգ դպրոցում, որտեղ տարատեսակ միջոցառումներ են իրականացվում ներառականությունն ապահովելու համար։
«Յուրաքանչյուր երեխա, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, իրավունք ունի իրացնելու իր՝ կրթություն ստանալու իրավունքը մյուսների հետ հավասար պայմաններում։ Այս իրավունքի ապահովման համար էլ ներդրվեց համընդհանուր ներառումը և եթե դպրոցում սովորում է հաշմանդամություն ունեցող երեխա, ապա նրա համար պետք է գրվի անհատական ուսուցման պլան, հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի կարողությունները և աշխատեն համաձայն այդ պլանի։ Այլ կերպ ասած, միջոցառումներ են իրականացվում, որ երեխաները ստանան կրթություն իրենց հնարավորությունների սահմաններում և շեշտը դրվում է նաև սոցալիզացիայի վրա՝ բացառելով խտրական վերաբերմունքը », — ասում է հոգեբանը։
Մեր այն հարցին, թե հատկապես ի՞նչ միջոցառումներ են իրականացվում խտրականությունը բացառելու համար, հոգեբանը նշեց, որ մեթոդները տաբեր են, օրինակ, իրականացվում են հոգեբանական խմբային աշխատանքներ, որոնք ուղղված են երեխաների միջանձնային հարաբերություններին, որպեսզի որևէ երեխա իրեն անտեսված չզգա։ Իրականացվում են դերային խաղեր, խաղային թերապիաներ, արտթերապևտիկ տարբեր աշխատանքներ են տարվում, ինչը նպաստում է, որ աշակերտները իրար հետ ավելի լավ շփվեն։
«Օրինակ, եթե դասամիջոցին տեսնում ենք մեկուսացված աշակերտի ու կապ չունի, նա հաշմանդամություն ունի, թե ոչ, ստեղծում ենք միջավայր, կազմակերպում ենք խաղեր, որ այդ երեխաներին ներգարվենք, կամ եթե երեխան ունի մտավոր խնդիրներ ու չի կարողանում ամբողջությամբ տված նյութը ընկալել, ԱՄՆ-ում կա տարածված փորձ, որ նրա կողքը նստում է գերազանցիկ աշակերտ, ով կարող է օգնել նյութը յուրացնել, այդ փորձն ենք կիրառում», — նշում է հոգեբանը, հավելելով, որ որքան էլ ուսուցիչները անցնում են վերապատրաստման դասընթացներ, այդուհանդերձ միշտ կա նրանց հետ աշխատելու անհրաժեշտություն ամենատարբեր հարցերի շուրջ, իսկ կոնկրետ դպրոցում տարվում են աշխատանքներ անհատական դեպքերի հիման վրա, ամեն երեխայի համար առանձին մշակելով ծրագիր ու աշխատանքի մեթոդիկա։
«Ռանչպարի դպրոցում հաշմանդամություն ունեցոող 5 երեխա է սովորում՝ խոսքային, մտավոր, հենաշարժողական խնդիրներով։ Առհասարակ, եթե դասարաններում լինում է ուսուցչի օգնական, գործն ավելի հեշտ է լինում, հակառակ դեպքում մեկ ուսուցիչը, ով պետք է զբաղվի 30 աշակարտների, այդ թվում ՝ խնդիր ունեցող աշակերտի հետ, չի կարողանում անհրաժեշտ ուշադրությունը ցուցաբերել», — ընդգծում է հոգեբանը։
Հոգեբանը նշում է, որ իրենց աշխատանքը որքան որ կարևոր, նույնքան էլ բարդ աշխատանք է և հոգեբանները նույնպես պետք է հոգեպես պատրաստ լինեն այդ աշխատանքին։ Հաճախ դժվար է լինում աշխատել հենց ծնողների հետ, բայց նրանց հետ ևս աշխատելն ու կապի մեջ լինելը շատ կարևորում է։
«Մեք բոլորս շատ աշխատելու տեղ ունենք մեզ վրա, հատկապես ծնողների ու ըտանիքների հետ, քանի որ դեռ կան դեպքեր, երբ ծնողը չի ընդունում երեխայի խնդիրը ու պետք է նաև այստեղ աշխատանք տանենք, որ ընդունեն ու չամաչեն երեխային դպրոց բերելուց, որ կրթության իրավունքը չոտնահարվի։ Վաղուց կա այս խնդիրը։ Իհարկե, շատ բաներ հիմա փոխվել են, բայց կան ծնողներ, որ դեռ ունեն ներքին կոմպլեքսներ», — նշում է Անդրանիկ Բաբայանը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան