Նկարներում Գոհար Պետրոսյանի արվեստանոցն է կամ այլընտրանքային աշխարհ, որտեղ գույներն ու քանդակները տանում են ուրիշ իրականություն։ Գոհարը երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն ունի, բայց դա խոչընդոտ չի հանդիսացել գնալ սիրած մասնագիտության ուղղությամբ ու ավելի քան հաջողել ոլորտում։ Գոհարի պատմությունը ևս բացառություն չէ հաշմանդամություն ունեցող այլ անձանցից, որոնք տարբեր խոչընդոտների են հանդիպել՝ սկսած կրթություն ստանալուց մինչև հասարակության ամենատարբեր կարծրատիպերը։
Երբ պայմանավորվելու էի հարցազրույց անցկացնել Գոհարի հետ, նախ որոշեցի ավագ քրոջ՝ Հասմիկի կարծիքը հարցնեի, որի պատասխանը այսպիսին էր՝ «Մեր ընտանիքի գերնպատակը Գոհարի ներառումն էր հասարակություն ու իրեն ինքուրույն դարձնելը, ինչին մենք հասել ենք։ Ես կողմ եմ, որովհետև իր պատմությունը միանշանակ հաջողության պատմություն է»․-նշում է Գոհարի քույրը՝ Հասմիկը, որը բժիշկ է ու երեխաների զարգացումն է գնահատում։
«Գոհարը սկսեց նկարել 2 տարեկանից. դա շատ պատահական էր ստացվել, մայրս գործ էր անում ու Գոհարին թուղթ ու գրիչ էր տվել, որպեսզի չխանգարի իրեն, հանկարծ տեսել է, որ մարդ է նկարել, հետո տան հեռախոսը՝ վրայի ճաքով հանդերձ։ Այսինքն՝ կարծում եմ բնածին է այդ շնորհքը, քանի որ ես ինքս բժիշկ եմ ու երեխաների զարգացումը գնահատելը իմ մասնագիտությունն է, և երկու տարեկան երեխան չի կարող նկարել այն, ինչը նկարում էր Գոհարը այդ հասակում։ Մենք գիտեինք, որ նա լսողական խնդիր ունի ու իր խոսքի լեզուն դարձավ նկարչությունը։ Որպեսզի լիարժեք ներգրավվեր հասարակություն, անգամ խանութ իրեն էին ուղարկում, սկզբից թղթի վրա գրում էին այն, ինչ պետք էր գնել, հետո արդեն դա էլ պետք չեղավ, ինքնուրույն կարողանում էր գնումներ անել, գնալ խանութ ու գնել այն, ինչն իրեն անհրաժեշտ էր»։
Գոհարն անչափ խելացի մարդ է, նշում է քույրը, դպրոցում այն առարկաներն էին բարդ, որոնք իրենցից պատմել էին ներկայացնում, բայց երբ ինքը սկսել է խոսել նկարի լեզվով, ամեն ինչ փոխվել է, ավելի հեշտացավ, երբ Գոհարը սկսել է տառաճանաչ դառնալ և այն, ինչ ուզում էր խոսել, կարող էր նաև գրել ու այդպես հաղորդակցվել։ Գոհարը որոշել է հաղորդակցման համար չսովորել ժեստերի լեզուն, քանի որ այն կսահմանափակեր իրեն։
«Մինչ դպրոցը, նկարել սկսելը սկիզբն էր Գոհարի նկարչական տաղանդը կատարելագործելուն, նա որոշեց նկարիչ դառնալ, և մենք այդ հարցում իրեն օգնեցինք։ Ինքը դեռ փոքր երեխա էր, հայրս իրեն տանում էր հայտնի արվեստագետների, նկարիչների մոտ, ցույց էր տալիս Գոհարի նկարներն ու կարծիք էր հարցնում, 30 տարի առաջվա հայտնի նկարիչ, քանդակագործները շատ բարձր գնահատանքի են արժանացրել Գոհարին»։
Գոհարը որոշում է ընդունվել Արվեստների ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ, որի ընդունելության քննությունը շատ բարձր գնահատականով է հանձնում, քրոջ՝ Հասմիկի խոսքով՝ այդ մասին խոսում էին նաև Երևանում։
«Նա ակադեմիան ևս ավարտեց շատ բարձր գնահատականներով, դրանից հետո մի որոշ ժամանակ տանն էր աշխատում և հանկարծ որոշեց, որ իր աշխատանքները պետք է ներկայացնի Իտալիայի հյուպատոսարանին կից խեցեգործության արվեստանոց, պարզապես անցել էր կողքով ու որոշել, որ պետք է ներկայացնի իր աշխատանքները։ Այնտեղ ընդունվեց աշխատանքի, երեք տարի աշխատեց, հետո հորս հետ որոշեցին, որ պետք է իր արվեստանոցը բացի ու իր բիզնեսը հիմնի»։
Հասմիկ Պետրոսյանը պատմում է՝ որոշումը կայացվել է 2015 թվականին և այդ ժամանակ, եթե իրեն ասեին, որ իրենց տունը պետք է դառնա վարպետաց դասերի կենտրոն և պետք է ունենան ցուցասրահ, ուր կգան նաև շատ պատվավոր ու հայտնի հյուրեր, ինքը կմտածեր, որ դա ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց տարիների ընթացքում դա կայացավ. նշում է Հասմիկը։
«Այո՛, սա բիզնես է ու Գոհարի «Գոհար» բրենդն է, որը ճանաչված է արդեն ու սիրված ամբողջ աշխարհում։ Մենք պատվերներ ենք ունենում տարբեր երկրներից։ Ինքը ներկայացնում է հայկական տարազը, հայկական մշակույթը դրսին և պահում, պահպանում է ներսում Մեծ Հայքի նահանգների բոլոր տարազները, որոնք ներկայացված են Գոհարի արվեստանոցում, որպես առանձին տիկնիկներ և դեկորատիվ կոմպոզիցիաներ ազգային կենցաղից»։
Գոհարը շատ հայտնի է նաև իր կերպարային տիկնիկների շարքով, ու սիրված են նաև իր կողմից ստեղծած հրեշտակները։ Իր գործերի առաջին ցուցահանդեսը եղել է 12 տարեկանում իր ուսուցչուհու Սուսաննա Մկրտչյանի միջամտությամբ։ Ցուցահանդեսներ ունեցել է տարբեր երկրներում, Հայաստանը ներկայացրել է Մյունխենում, Վիլնյուսում, Ճապոնիայում։ Ցուցասրահից արդեն բացակայում են, բայց լուսանկարները պատմում են այն աշխատանքների մասին, որոնք պատվիրվել ու վաճառվել են Հայաստնում և և այլ երկրներում։ Գոհարի լսողությունը բարելավելու համար պատրաստվել են վիրահատության. պատմում է Հասմիկը, բայց վերջին պահին հրաժարվել է։
Նկարում իմ ու Գոհարի երկխոսությունն էր, ես էլ սիրում եմ նկարել, աշխատանքներս Գոհարին ցույց տալուց հետո ինձ խորհուրդ տվեց չարտանկարել, այլ շարունակել ստեղծագործել հոգով, ինչպես ինքն է դա անում։ Իր նպատակն է ստեղծագործել խաղաղ հայրենիքում, պատերազմից հետո երկար ժամանակ Գոհարը չի կարողացել ստեղծագործել. պատմում է քույրը։ Հասմիկի խոսքով՝ երկար ժամանակ է պահանջվել իրեն վերագտնելու համար։
Գոհարի արվեստանոց գալիս են տարբեր տարիքի մարդիկ՝ ստեղծագործելու ու շփվելու իր և ստեղծագործությունների հետ, նրանցից մեկը փոքրիկ Նատալին է, որը միանգամից ընտելացավ ու սկսեց նկարել Գոհարի հետ։
Լուսանկարում՝ Գոհարն է իր փոքրիկ աշակերտի հետ
Հացիկում գեղարվեստի ստուդիա ունենալն է այժմ իր նպատակը. նշում է Գոհարը: Նա այն եզակիներից է, որի հաշմանդամություն ունենալը չի խանգարել զարգանալ, ստեղծագործել ու գնալ երազանքի հետևից. դա նաև վկայում է Հացիկ գյուղ մտնելուց հետո իր բրենդը ներկայացնող ցուցանակը, որը հյուրերին կուղեկցի դեպի Գոհարի արվեստանոց։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Հրաչ Սահակյան