Հաշմանդամություն ունեցող 15-ամյա Համլետը (անունը փոխված է) երբեւէ չի հաճախել մանկապարտեզ:
Խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվել է տատը, թեպետ վերջինս շատ է ցանկացել թոռանն ընդունել մանկապարտեզ։ «Ես մի քանի անգամ իրեն տարել եմ մանկապարտեզ, որ ընդունեն։ Հենց սկզբում էլ տեղյակ եմ պահել, որ թոռս աուտիզմով հաշմանդամություն ունի։ Հենց լսել են՝ միանգամից մերժել են, թե տեղ չկա, մասնագետ չունենք, մենք չենք կարող իր հետ շփվել։ Վերջում էլ ասում էին՝ մանկապարտեզը հո դպրոց չէ, պարտադիր չէ, որ մանկապարտեզ գնա ձեր թոռը»,-պատմում է Համլետի տատը։
Համլետը միանգամից հաճախել է դպրոց, բայց ստացած կրթությունից գոհ չէ տատը։ Ասում է՝ գրել, կարդալ չգիտի, միայն նկարում է։
Լարիսան (անունը փոխված է) պատմում է, որ շուրջ մեկ տարի էխոսքի խանգարման խնդիրներ ունեցող իր երեխան հաճախում է Գյումրու մանկապարտեզ: Ասում է
երեխային ընդունել են, երբ հասել է հերթը, ընդունելության հետ կապված խնդիրների չի հանդիպել: Ծնողը, ընդհանուր առմամբ, գոհ է մանկապարտեզի աշխատանքից, միայն թե մասնագետի պակասի պատճառով ստիպված երեխային տանում է վերականգնողական հաստատություն: «Մանկապարտեզը լոգոպեդ չունի, ես աշխատող մայր եմ, ինձ համար դժվար է երեխային մանկապարտեզից հետո տանել նաեւ այլ կենտրոնի մասնագետի մոտ»,-ասում է նա: Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները եւս հաստատում են՝ հաճախող սաներից միայն 1 տոկոսն են եղել հաշմանդամություն ունեցողներ, ծնողները շատ հաճախ չեն նախընտրել ուղարկել մանկապարտեզ, քանի որ տեղյակ են եղել՝ մանկապարտեզը ոչ մասնագետ ունի, ոչ՝ պայման ու անհրաժեշտ պարագա։
«Ծնողները մեզ շատ չեն դիմել, թեպետ ունեցել ենք հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Մեթոդիստը, բուժքույրը, դաստիարակը խնամել են նրանց, դաստիարակել։ Համատեղ աշխատել ենք, չենք ունեցել մասնագետներ»,-ասում է «Ժպիտ» մանկապարտեզի տնօրեն Արևհատ Սահակյանը։
«Սուրբ Մարիամ» մանկապարտեզի տնօրեն Աշխեն Գեւորգյանը պատմում է, որ 2014 թվականին հաստատությունն ունեցել է հաշմանդամություն ունեցող սան։ Նրա հետ անհատական աշխատանք չի տարվել, որովհետեւ մասնագետ չեն ունեցել։
«Հենզել եւ Գրետել» մանկապարտեզը հաշմանդամություն ունեցող սաներ ունեցել է դեռեւս 90-ականներից։ «Մենք այդ ժամանակ չգիտեինք, թե ինչ է աուտիզմը, ինչպես կարելի է աշխատել նրանց հետ, մասնագետներն էլ չունեինք։ Հիմա վերապատրաստվում ենք»,- ասում է մանկապարտեզի տնօրեն Կարինե Մելիքյանը։
2000 թվականից ներառական կրթությունը, որպես կրթական բարեփոխումների մի մաս, հանդիսանում է ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից։ Կրթության իրավունքը համընդհանուր է եւ պետք է ներառի բոլոր երեխաներին, երիտասարդներին ու մեծահասակներին, որոնք հաշմանդամություն ունեն։ Կրթության իրավունքն առաջին անգամ սահմանվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, հետագայում՝ 1960-ականեերին Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հռչակագրում, այնուհետ այս իրավունքը սահմանվել է «Երեխայի իրավունքների մասին» հռչակագրում (1989թ.) եւ արտացոլվել է միջազգայնորեն ընդունված մի շարք հռչակագրերում, ներառյալ՝ «Կրթություն բոլորի համար» համաշխարհային հռչակագրում (1990թ.) «Հաշմանդամ անձանց համար հնարավորությունների հավասարեցման ստանդարտացված կանոնները (1993թ) Սալամանկայում ՅՈՒՆԻԵՍԿՕ կազմակերպության կողմից ընդունված որոշումը եւ գործունեությունների ենթատեսքտը (1994թ.) ու Դակարի գործողությունների ենթատեքստը (2000թ.) 2020 թվականի մայիսի 6-ին ԱԺ-ի հաստատմամբ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվեցին որոշակի փոփոխություններ։ Օրենքի առանձնահատկություններից է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը, որը, համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի եւ ժամանակացույցի, մեկնարկելու է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։ «Լուսափայլ» ՀԿ-ն Գյումրու 11 նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2020 թվականին մշտադիտարկել է ներառական կրթության համակարգը։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցված 33 ծնողից 15-ը պատասխանել է, որ հաստատությունում տեսնում է կադրային հագեցվածության խնդիր, 8-ը՝ շենքային պայմանների, 1-ը՝ կադրային հագեցվածության եւ դիդակտիկ պարագաների, 6-ը՝ շենքային պայմանների ու կադրային հագեցվածության, 2-ը չի ցանկացել պատասխանել հարցին, 1-ը նշել է՝ «խնդիրներ չկան»։
11 հաստատության տնօրենից 7-ը պատասխանել է, որ շենքային պայմանները չեն համապատասխանում հաշմանդամություն ունեցող երեխաների պահանջներին, իսկ 4-ը՝ պատասխանել է «մասամբ»։ 11 տնօրենից 6-ը պատմել է, որ հաստատությունը չի կարող հաշմանդամություն ունեցող երեխաներին ապահովել դիդակտիկ նյութերով և զարգացնող խաղերով, իսկ 5-ը պատասխանել է, որ հաստատությունը չի կարող տրամադրել իրազեկող ձեռնարկներ ու աուդիո-վիդեո ձայնագրություններ։ ՀԿ-ի դիտարկման ընթացքում պարզվել է նաև, որ 11 հաստատությունից 8-ի մուտքի մոտ չի եղել թեքահարթակ։
11 հաստատության թեքահարթակի կողքին չի եղել բազրիք, հաստատությունների հարկերի միջեւ չեն եղել թեքահարթակներ, ոչ մի հաստատության սահնհանգույց հարմարեցված չի եղել հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների կարիքներին։ Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական թերհագեցվածությունը, շենքային, մեթոդական ռեսուրսների անբավարար պայմանները հարցվողների գերակշիռ մասը բացատրել է նախադպրոցական կրթական համակարգում հաշմանդամություն ունեցող երեխաների բացակայությամբ, նաեւ նախադպրոցական կրթությունը ՀՀ-ում պարտադիր չլինելու հանգամանքով։
Ընթացիկ տարվանից նախադպրոցական ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց հետ կաշխատեն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի համապատասխան մասնագետները, իսկ հաստատությունների աշխատողները մասնակցում են վերապատրաստման դասընթացների։
Կրթության ոլորտի մասնագետներն արդեն իսկ կանխատեսում են՝ մասնագետների պակասն ակնհայտ է։ ՀՀ-ում մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը ներդրվելու է համընդհանուր ներառական կրթության համակարգը, իսկ մասնագիտական առկա ռեսուրսներն այս դեպքում բավարար չեն լինելու։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական
բարեփոխումների կոալիցիան, եւ պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության
տեսակետները:
Անի Մկրտչյան