«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի շահառուների մի մասն այս տարվա սկզբից ներգրավվեցին կենտրոնի ջերմոցային տնտեսության աշխատանքներում։
Ջերմոցային տնտեսությունը, չնայած ստեղծվել էր տարիներ առաջ, բայց չէր շահագործվում։ Նոր տնօրենի՝ Արաքսյա Վարդանյանի նշանակվելուց հետո այն կրկին սկսեցին մշակվել։ Հիմա լոլիկ, վարունգ ու լոբի է աճեցվում։
«Երբ ես նշանակվեցի տնօրեն, մեր շահառուները ինձ անընդհատ ասում էին, որ ցանկանում են որևէ աշխատանքում ներգրավվել։ Լվացքատան, խոհանոցի կամ ցանկացած այլ աշխատանք պատրաստ էին անել և իմ գլխում առաջին միտքը, որ ծագեց՝ ջերմոցի մշակումն էր։ Հա՛մ էկոլոգիապես մաքուր բանջարեղեն կուտեին, հա՛մ էլ իրենց առօրյան ավելի հետաքրքիր կդառնար և մոտ մեկ ամիս տարածքը մաքրելուց ու հողը պարարտացնելուց հետո սկսեցինք մշակել»,-պատմում է կենտրոնի տնօրեն Արաքսյա Վարդանյանը։
Հողի դեղորայքային բուժումը աշխատակիցն է իրականացնում, իսկ մնացած ամբողջ աշխատանքը՝ մաքրումից, ոռոգումից մինչև կշռում ու հանձնում շահառուներն են իրականացնում։
«Ես խորհրդակցեցի նաև հոգեբույժի հետ և սա իրենց համար լավագույն թերապիան է։ Եթե ասեմ այդ աշխատանքից հետո իրենց մոտ իսպառ վերացել է ճնշվածությունն ու միմյանց նկատմամբ ագրեսիան լիովին վերացել է, գուցե չհավատաք, բայց այդպես է», — արձանագրում է տնօրենը։
Կենտրոնում 175 շահառու կա, նրանցից 10-ն են առայժմ ներգրավված ջերմոցային տնտեսության աշխատանքներում, ովքեր սեր ունեն հողի հետ աշխատելու, բայց առաջիկա ծրագրերում, ըստ տնօրենի, նպատակ ունեն 500քմ մակերեսով ջերմոցային տնտեսությունը մեծացնելու և նոր շահառուներ ներգրավվելու։
«Ոչ միայն ջերմոցային տնտեսությունում, այլև մտածում ենք նրանց այլ աշխատանքներում էլ ներգրավվելու, որովհետև նույնիսկ դժվարանում եմ բառերով նկարագրել իրենց ոգևորությունը, երբ մշակում են, ուտում ու ընկերներին հյուրասիրում են իրենց մշակածը։ Մի օր ոչ աշխատանքային օրով կենտրոն գնացի, ջերմոցից աղմուկ լսեցի։ Ճիշտն ասած շատ վախեցա, մտածեցի գուցե տարածքի բնակիչներն են եկել։ Առաջացա ու տեսնեմ մշակման աշխատանքներում չներգրավված շահառուներն են, ամեն ձեռքին մի բանջարեղեն առած նստած ուտում էին։ Ես այնքան էի ուրախացել, չնայած որ շատ էի վախեցել, բայց ասեցի թող ուտեն հետո ներս կգնան», — պատմում է տնօրենը։
Արաքսյա Վարդանյանի խոսքով կարևոր է, որ շահառուները իրենց զգան ինչպես հարազատ տանը և ցանկություն ունենան շենացնելու այն և տարբեր աշխատանքներում նրանց ներգրավումը դրա լավագույն լուծումն է։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
Սաթենիկ Հայրապետյան