Ստելլա Դրմոյանը աշխատանք ունենալու համար երկարատև պայքար է մղել։ Գործատուները դռները փակել են նրա առաջ, երբ իմացել են, որ բուժքույրի, խոհարարի և համակարգչային օպերատորի մասնագիտություն ունեցող Ստելլան հաշմանդամություն ունի։
«Խոհարարի համար մի քանի տեղ եմ դիմել, ինձ ասել են՝ հաշմանդամություն ունես, չենք ընդունում։ Մեկ շաբաթով փորձաշրջան եմ անցել, ինչ հանձնարարել են արել եմ, ժամանակի մեջ տեղավորվել եմ։ Իրենք մի քանի կետ ունեին, տեղից տեղ էին ուղարկում, որ չընդունեին»,-պատմեց Ստելլան։
Ստելան 33 տարեկան է։ Մինչ այս պահն ապրած կյանքի կեսն անցել է հաշմանդամության հետ ամենօրյա պայքարով։ 15 տարի է՝ ինչ 3-րդ խմբի հաշմանդամություն ունի։ Քայլում է մեծ դժվարությամբ, սայլակից չի օգտվում, բայց եթե տեղանքը հարմերացված չի լինում, տեղաշարժը սահմանափակվում է։
«Մեկ այլ տեղ էլ դիմեցի, գնացի, հասա, բայց տնօրենը հեռախոսով ասաց՝ տեղում չեմ, դուրս եմ եկել, բայց իմացել էր, որ հաշմանդամություն ունեմ։ Այստեղ գորգագործությամբ պետք է զբաղվեի, աշխատանքը ձեռքերով էր, բայց չընդունեցին»,-ասաց նա։
Ստելլան Գյումրիում է բնակվում։ Նշեց՝ եղել է իրավիճակ, որ նույնիսկ իրեն ճանաչողն աշխատանքի չի ընդունել՝ հաշմանդամության պատճառով։ «Խոհարարի օգնականի աշխատանքի համար էի դիմել, գործատուն ինձ ճանաչում էր, նույն դպրոցում էինք սովորել, ասաց՝ կներես, բայց, որ դու խնդիր ունես չեմ ուզում վերցնել»։
Այս մերժումները, սակայն, Ստելլային չեն կոտրել։ Նշում է՝ միայն պայքարելու ուժ են տվել, որ կարողանա աշխատանք գտել։ Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ աշխատանքի է ընդունվել կարի արտադրամասում։ Սակայն, նշում է, որ հիմա առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի աշխատում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան