17 տարեկանում ընկերուհու տատիկին շնորհակալություն հայտնելու անհնարինությունը ժեստերի լեզվի թարգմանիչ Լիլիթ Ասլանյանին տարավ ժեստերի լեզվի աշխարհ։ Խնդրեց, ընկերուհին էլ ամենաշատ օգտագործվող ժեստերը սովորեցրեց, որպեսզի հնարավոր լիներ լսողության խնդիր ունեցող հյուրասեր կնոջ հետ շփումն առավել սահուն դարձնել։
Աստիճանաբար դա դարձավ հոբբի, Լիլիթը սկսեց տետրում որոշ գրառումներ անել, հետո արդեն զուտ բարեգործական հիմունքով ժեստերի լեզվով ոչ միայն խոսել թույլ լսողություն ունեցող կամ չլսող անձանց հետ, այլև ավելին, օգնել նրանց տարբեր հանդիպումներում և այն պահերին, երբ հաղորդակցման կարիք է զգացվել։
20 տարուց ավել ՀՀ-ից բացակայած ժեստերի լեզվի մասնագետն այս տարվա մարտին է վերադարձել Գյումրի, եկել ու տխուր փաստ է արձանագրում։
«Տեսա սոսկալի վիճակ, ինչ վիճակում այս ոլորտը թողել, գնացել եմ, նույնն է, ոչ մի առաջխաղացում։ Բացի հասարակական կազմակերպություններից ոչ մի այլ օղակ չկա, որ զբաղվի նման խնդիր ունեցող մարդկանցով»,- մեզ հետ զրույցում ասում է Լիլիթը։
Եկել, դիմել է Գյումրու քաղաքապետին, ներկայացել որպես մասնագետ, ցույց տվել փաստաթղթերը։ Սիրով ընդունել, լսել, զրուցել են։ Սոցիալական բաժնի աշխատակիցն առաջարկել է տեղափոխվել Երևան, աշխատանք գտնել մայրաքաղաքում։
Լիլիթը, սակայն պնդել է, որ ցանկությունը Գյումրիում մնալն ու իր հարազատ քաղաքի մարդկանց, երեխաներին օգնելն է, ինչի իրավունքն ու մեծ բացն ունեն նրանք։
«Երեխաներն այստեղ սովորում են ծնողների օգնությամբ, ծնողներից էլ ոչ բոլորն են տիրապետում ժեստերի լեզվին, կամ նրանց օգնում է «Ագաթ»-ի թարգմանիչը։ Բայց նա մեկ հոգի է, և չի կարող բոլոր վայրերում միաժամանակ լինել, դա ֆիզիկապես անհնար է։ Գյումրիում չեմ կարող ասել որ կա ներառական դպրոց։ Երկու դպրոց կա, որտեղ սովորում են լսողության խնդիրներ ունեցող երեք աշակերտ։ Կարող ենք ասել, որ, լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթությունը Գյումրիում զրոյական մակարդակի վրա է գտնվում»։
Դպրոցը կլիներ ներառական այն դեպքում, երբ ծնողն ընտրեր իր բնակարանին, կամ իր մեկ այլ կարիքին հարմար ու մոտ հաստատություն, որը երեխային կընդուներ ոչ միայն գրատախտակից ինչ -որ բան արտագրելու, այլ իսկապես կրթելու համար։
Դպրոցներում, որտեղ սովորում են չլսող երեխաները, խիստ անհրաժեշտություն է ժեստերի լեզվի թարգմանչի ներկայությունը։ Հենց նա է դասի ընթացքում կարողանալու թարգմանել ուսուցչի հաղորդածը, որ երեխան կարողանա հասկանալ ինչ են խոսում և բացատրում, ստանա գիտելիք։
«Ժեստերի լեզուն համարվում է իրենց հարազատ մայրենի կամ սրտի լեզու, մեր հայերենը նրանց համար երկրորդ լեզու է։
Դրա համար ԿԳՄՍՆ-ն պարտավոր է դպրոցին ապահովել թարգմանչով, որպեսզի կրթությունը դառնա հասանելի ու մատչելի»,- ասում է մասնագետը։
Լիլիթն ասում է, քանի դեռ պետությունն այս քայլին չի գնացել, կարելի է ուսուցիչներին վերապատրաստել, սովորեցնել ժեստերի լեզուն, որպեսզի դասերի ընթացքում նվազագույն շփում ապահովվի երեխաների հետ։ Սակայն սա հարցի հիմնական լուծում համարվելուց շատ հեռու միտք է։
«Այս կերպ ուսուցիչը գոնե կկարողանա երեխային ասել գիրքդ բացիր, կարդա, նայիր գրատախտակին, բայց դաս բացատրել ժեստերի լեզվով միաժամանակ հայերենով, մաթեմատիկա կամ ռուսերեն և այլ առարկաներ՝ անհնար է։
Դրա համար ուսուցչի հետ զուգահեռ պետք է աշխատի թարգմանիչ, ով կհանդիսանա կամուրջ։
Կարող եմ մաքուր խղճով ասել որ կրթությունը Գյումրիում վատ վիճակում է, և եթե լսողության խնդիրներ ունեցող երեխան 100 տոկոսից 20 տոկոս գիտելիքով տուն գնա, արդեն շատ մեծ բան է»։
Գյումրիում խնդիրներ ունեն նաև չափահաս անձինք։ Անգամ առօրյա հարցերում նրանք փակուղում են հայտնվում։ Հիմնախնդիրն, ըստ Լիլիթի, մասնագետների բացակայությունն է։ Սրանով հանդերձ, արդեն երկրորդ ամիսն է, ինքը չի կարողացել Գյումրիում աշխատանք գտնել։
Իր մասնագիտական կարողությունները ծառայեցնում է բարեգործական նպատակով՝ օգնելով չլսող քաղաքացիներին բուժհաստատություններում, անձնագրային բաժանմունքներում ու իրենց անհրաժեշտ վայրերում։
Այս պահին Գյումրիում լսողական խնդիրներ ունեցող 70-80 քաղաքացի է ապրում։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Արմենուհի Մինասյան