Կար ժամանակ, երբ նունիսկ աշխատանք ունենալու մասին չէր երազում, բայց աշխատասիրության շնորհիվ այսօր Վանուշ Հակոբյանը աշխատանք ունի։ 32-ամյա Վանուշը հպարտությամբ արձաագրում է՝ սա միայն սկիզբն է։
«Ես մասնագիտական կրթություն չեմ ստացել։ 8-ամյա կրթությունն ավարտելուց հետո առողջական խնդիրներով էի զբաղված և չեմ կարողացել սովորել, բայց միշտ սիրել եմ ինքնակրթվել, կարդալ ու զարգանալ և դա ինքնուրույն էի անում», — պատմում է Վանուշը։
Հանգամանքների բերումով, կար ժամանակ, որ Վանուշը մեկուսացել էր հասարակությունից, տնից դուրս չէր գալիս, ընկերներ չուներ։ Ասում է, եկավ մի օր ու հասկացավ, որ այս կյանքում իրեն տրված պայքարում հաղթողն ինքը պետք է լինի։ Ամեն ինչ փոխվեց 2019թ-ից, երբ Վանուշը սկսեց ծրագրավորում ուսումնասիրել, հետո սկսեց սովորել։ Լավ էր ստացվում ու որոշեց շարունակել կրթությունը։
«Քանի որ ինձ մոտ ծրագրավորումը ստացվում էր, գնալով ավելի հեշտ էի սկսում հասկանալ ու յուրացնել, որոշեցի շարունակել ուսումը այդ ուղղությամբ, նաև ընթացքն արագացնելու համար։ Ընդունվեցի Արմաթ ինժեներական լաբորատորիա ու հիմա սովորում եմ մեծ սիրով։ Հետագայի համար արդեն մեծ պլաններ եմ կազմում, բայց ամեն ինչի քայլ առ քայլ եմ հասնելու։ Հիմա կարևորը լավ աշխատանք ունեմ», — ասում է Վանուշը։
Նա հիմա աշխատում է «Շանի» ընկերությունում, որտեղ տեխնիկական սարքավորումների մասերն են քանդում, առանձնացնում, որ դրա մասերից հետո նոր սարքավորումներ հավաքեն։ Ինքն աշխատանքից է գոհ, տնօրենն ու աշխատակիցներն էլ՝ իրենից։
Վանուշը, որպես կյանքի կարևոր շրջադարձ, նաև Աուտիզմի ազգային հիմնադրամի «Իմ ուղի» վերականգնողական կենտրոն այցն է առանձնացնում։ 2020թ-ին այնտեղ այցելեց, շատ ընկերներ ձեռք բերեց։ Ընկերներ, որոնք իր կյանքում մինչ այդ բացակայում էին, չնայած նրան, որ Վանուշը ընկերասեր է ու շփվող։
«Ես հիմա շատ ընկերներ ունեմ։ Կար մի պահ, որ պարզապես հիասթափված էի, իսկ պատճառը դպրոցական տարիներն էին։ Դպրոցում վատ չեմ սովորել, ուսուցիչների կողմից վատ վերաբերմունք չի եղել, բայց 2 դասընկեր ունեի, որ ինձ վատ էին վերաբերվում, նույնիսկ բռնություն էին գործադրում, իսկ ուսուցիչը դա չէր կանխում։ Հենց դա էլ պատճառ է դարձել, որ ծնողներս 8-րդ դասարանից ինձ հանեցին, թույլ չտալով շարունակել կրթությունը», — ասում է Վանուշը։
Դպրոցական տարիներին ունեցած դժվարությունների մասին Վանուշը խոսել չի ուզում, միայն ասում է, որ դպրոցն ավարտելուց հետո ինքնուրույն է գտել գրականություն ու սովորել՝ բաց թողածը լրացնելու համար։ Հիմա ընկճված ու մեկուսացած տղայի փոխարեն ինքնավստահ ու կյանքին այլ աչքերով նայող Վանուշ Հակոբյանն է ապրում ու աշխատում։
«Հիմա ապագայի համար նոր պլաններ եմ կազմում ու դրանց հասնելու համար պետք է ծրագրավորման դասընթացներն ավարտեմ, լավ սովորեմ ու շատերին նաև ապացուցեմ, որ ես կարող եմ ավելին անել։ Ցանկացած մարդու կյանքում կարևոր դեր ունեն հարազատները, շրջապատող մարդիկ, որ կարող են և՛ թև տալ , և՛ կոտրել դրանք։ Ես շնորհակալ եմ այն մարդկանցից, որ իմ կողքն են եղել, ինձ հավատացել ու ուժ են տվել, հիմա իմ հերթն է զարգանալու ու նոր հաջողություններ գրանցելու», — եզրափակում է նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան