Բաղդասարյանների չորս հոգանոց ընտանիքում երկուսը հաշմանդամություն ունեն։ Նրանք ադրբեջանական կողմի անօրինական ապաշրջափակման պատճառով արդեն ութ ամիս է միմյանցից առանձին են ապրում։ Մայրն ու հաշմանդամություն ունեցող որդին Երևանում են, իսկ հաշմանդամություն ունեցող հայրն ու դուստրը՝ Ստեփանակերտում։
Ընտանիքի հայրը տեսողական խնդիրներ ունի, որդին՝ հենաշարժողական, ընդհանրապես չի քայլում։ Ընտանիքի մայրը՝ Դիանա Բաղդասարյանը, նշում է՝ իրենց դժվարությունները կրկնապատկվել են, առանձին-առանձին ապրելը դժվարացնում է յուրաքանրյուրի կյանքը։
«Հայրիկի խնամքով հիմա աղջիկս է զբաղվում, ես այստեղ տղայիս եմ խնամում։ Մեզ համար շատ դժվարություններ են առաջացել։ Միմյանց շատ կաորոտում ենք, բացի այս ֆինանսական խնդիրներ են առաջացել։ Ես Ստեփանակերտում աշխատում էի, հիմա աշխատանք չունեմ, քանի որ որդուս կողքին պետք է լինեմ, իսկ այնտեղ ընտանիքի մյուս անդամներն էին մնում իր մոտ, ես կարողանում էի աշխատել»,-ասաց Դիանա Բաղդասարյան։
Բաղդասարյանների համար ֆինանսական խնդիրներն ավելի են ծանրացել նաև այն հանգամանքով, որ նրանք մասամբ զրկվել են Արցախի պետական ծրագրերից, քանի որ, ինչպես Դիանան է ասում, այն հասնում է միայն այնտեղ փաստացի բնակվողներին։ «Ընտանիքը կիսված շատ դժվար է»,-ասում է նա։
Դիանան ցանկանում է վերամիավորվել ընտանիքի հետ, սակայն, փակ ճանապարհների պատճառով հնարավոր չէ։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանն է դիմել, որ վերադառնա Արցախ, բայց այս դեպքում էլ կրկին Երևան գալու հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ որդուն պետք է պարբերաբար հետազոտություններ ու բուժում է անհրաժեշտ։
«Ինքն առանց այդ բուժումների հինգ րոպե չի կարող մնալ։ Ես կապնվեցի Ստեփանակերտի հիվանդանոց, ճշտեցի՝ եթե մենք գանք, դուք կարո՞ղ եք ապահովել, պատասխանեցին՝ չեն խոստանում, առաջարկեցին անհրաժեշտ դեղորայքն ու բժշկական պարագաները հետս տանել։ Իրենք գարանցիա չեն տալիս, որ իմ երեխան այնտեղ բուժում կստանա։ Ես ինչպես իմ երեխային վերցնեմ գնամ, չգիտեմ ինչ անել»,-ասաց նա։
Մայրն ու որդին ապրում են Արցախի կառավարության կողմից վարձակալված հյուրանոցային համարում։ Դիանա Բաղդասարյանը Երևանում էլ չի կարողանում աշխատանք գտնել, քանի որ որդու առողջական վիճակը թույլ չի տալիս նրան միայնակ թողնել՝ թեկուզ մի քանի ժամով։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան