Համացանցում մեծ աղմուկ հանած չտեսնող պապիկի դեպքից հետո գտնվեցին մարդիկ, ովքեր կապ էին հաստատել պապիկին օգնած Անահիտ Նաղդալյանի հետ ու օգնություն խնդրել։ Coalition.am-ը խոստացել էր նաև այդ դեպքերին անդրադառնալ։
Նրանցից մեկը հրաժարվեց զրուցել մեզ հետ, նշելով, որ դիմել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից խոստացել են օգնել։ Կխոսեն, եթե խնդիրը չլուծվի։
Ալավերդիում բնակվող տարեց բնակիչներից մեկի համար էլ հարևանուհին էր դիմել մեզ։ 73-ամյա Սիրանույշ Թամազյանը տեսողության խնդիր ունի։ Դստեր հետ է ապրում, բայց հաճախ միայնակ ու առանց խնամքի է մնում։
Նրա դուստրը հաճախ է բացակայում տնից և տարեց կինը օրերով միայնակ է մնում՝ առանց սնունդի ու օգնության։ Այս մասին մեզ ասաց նրա բարեկամուհին։
Սիրանույշ տատին հիմա միակ օգնողը հենց այդ բարեկամուհին է, ով նախընտրեց գաղտնի մնալ։ Նա թեպետ երբեմն ճաշ է պատրաստում ու միայնակ կնոջը տանում, բայց տանը երկու հիվանդ է խնամում և հաճախ չի կարողանում Սիրանույշ տատին այցելության գնալ։
«Կինը շաքար ունի, որից էլ աչքերի տեսողությունը վատացել է, չի տեսնում։ Ինքն իր մասին հոգ տանել արդեն չի կարողանում։ Տան մեջ պատերից բռնված է քայլում, բայց մի քանի անգամ ընկել է ու վնասվել», — ասում է Սիրանույշ տատիկին խնամող բարեկամուհին, իսկ հենց իր՝ Սիրանույշի հետ խոսել չկարողացանք, ինքը հեռախոս չունի, դուստրն էլ տանը չէր, բայց մեզ հաջողվեց հեռախոսով կապ հաստատել դստեր՝ Արմինեի հետ։
Արմինեն հաստատեց, որ պարբերաբար Երևան է գնում ու մայրը մնում է առանց խնամքի։ Արմինեն մեզ նաև ասաց, որ 3 երեխա ունի, 20, 15 և 12 տարեկան, նրանք էպիլեպսիա ունեն և իրենք ևս օգնության կարիք ունեն։
«Ես ամեն տեղ էլ դիմել եմ, բայց ոչ մի օգնություն մեզ չեն տալիս, ասում են թոշակ ու նպաստ եք ստանում, դրանով ապրեք։ Մամայիս կուզենայի տանել խնամքի կենտրոն, երեխաներիս՝ ոչ, դիմել եմ Վանաձորի խնամքի կենտրոն, ասել են տեղ չկա։ Ի՞նչ անեմ, չգիտեմ», — ասաց Արմինե Թամազյանը։
Coalition.am-ը կապ հաստատեց Լոռու մարզպետարանի հետ, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ Սիրանույշ Թամազյանի կամ դստեր անունով մուտք եղած դիմում և օգնություն չի եղել։ Մարզպետարանը դիմումների հիման վրա խիստ կարիքավոր ընտանիքներին փոքր՝ 10-15 000դր-ի սահմաններում աջակցություն է միայն ցուցաբերում։
Մենք կապ հաստատեցինք նաև Ալավերդու համայնքապետարանի սոցաշխատողի Աստղիկ ***յանի հետ, ով մեզ ասաց, որ ընտանիքին ծանոթ են։ Դուստրը՝ Արմինեն իրենց դիմել է և ֆինանսական աջակցություն է ստացել համայնքապետրարանից, բայց տարեց կնոջ ունեցած խնդիրների ու դժվարությունների մասին չգիտեին։ Ասացին տնից դուրս չի գալիս և խոստացան տնայց իրականցնել՝ կնոջ կարիքները պարզելու համար։
Coalition.am-ը հետևողական կլինի, հասկանալու համար, թե ինչ օգնություն ցուցաբերվեց Սիրանույշ Թամազյանին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան