Լուսանկարում գետնացումի աստիճանավանդակներն են
2023 թվականի փետրվարի 16-ին Երևանի Մաշտոցի պողոտոյում վերանորոգված գետնանցումը շուրջ կես տարի է՝ շարունակում է անմատչելի մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Գետնանցումը վերանորոգվել էր համայնքային բյուջեից հատկացված 50 մլն դրամով, սակայն, այն թեքահարթակ չունի։ Բացման օրերին բարձրաձայնված քննադատություններին ի պատասխան Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ թեքահարթակի տարբերակը հնարավոր չէ, այնտեղ նախատեսվում է տեղադրել վերելակ, երբ գետնանցումը բիզնես նպատակով կվարձակալվի։
Տարածքում դեռ որևէ մեկը բիզնես գործունեություն չի ծավալում։ Ստացվում է՝ Երևանի քաղաքապետարանն ընդգծված խտրական վերաբերմունք է ցուցաբերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, նրանց համար չապահովելով տեղաշարժվելու նվազագույն պայմաններ։
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանն ասում է՝ քաղաքային իշխանությունների մոտեցումը սխալ է, վերելակի տեղադրման աշխատանքները պիտի վերանորոգմանը զուգահեռ իրականացվեին։
«Անմատչելիությունը, միանշանակ, խտրականություն է ոչ միայն հաշմանդամության, այլ նաև տարիքի հիմքերով։ Գետնանցումից նույն ձևով չեն կարողանում օգտվել տարեց մարդիկ։ Մեր գրասենյակը հենց գետնանցումի դիմաց է, մենք տեսնում ենք, թե ամենօր ինչպես են հաշմանդամություն ունեցող ու տարեց մարդիկ դժվարությունների հանդիպում անցնելիս։ Մատչելիությունը շատ ավելի լայն խմբերի համար է, ոչ միայն հաշմանդամություն ունեցողների։ Խնդիրն իրականում խորն է։ ՀՀ-ում մատչելիության չափանիշները 2006 թվականից կան, բայց չկա մի տեղ, որը կարող ենք ամբողջությամբ մատչելի համարել»,-ասաց Մուշեղ Հովսեփյանը։
Ինչու շուրջ կես տարի անց գետնանցումը չի հարմարեցվում հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար․ Երևանի քաղաքապետարանից այս հարցին ի պատասխան հայտնում են, որ վերելակների տեղադրման համար մրցույթ է հայտարարվել, արդեն կա ծառայությունները մատակարարող ընկերություն։ Թե հստակ երբ վերելակները կտեղադրվեն քաղաքապետարանը ժամկետներ չի նշում։
Մուշեղ Հովսեփյանը նշում է՝ հաշվի առնելով բազմաթիվ օրինակներ, եթե չլիներ հանրային աղմուկը, ապա քաղաքապետարանը վերելակներ չէր տեղադրի։
«Շատ կարևոր է, որ քաղաքապետարանը և կառավարությունն այս հարցերին անդրադառնան, որովհետև կա աղմուկ կամ հանրային պահանջ, այլ լինի համակարգային մոտեցում։ Շատ դեպքերում հանրային աղմուկ չի լինում, օրինակ, վերջերս մոդուլային դպրոց բացվեց Արգինա համայնքում, Բյուրեղավանում սուբվենցիոն ծրագրով պոլիկլինիկա բացվեց։ Դրանք անմատչելի են ու նույնքան անտրամաբանական կառուցված, ինչպես գետնանցումը»,-ասաց նա։
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համայնքների հզորացման համակարգող Հայկ Մկրտչյանը այս խնդիր առնչությամբ նշում է, որ Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում կան բազմաթիվ գետնանցումներ և վերնանցումներ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար։
«Այստեղ կարեւոր է յուրաքանչյուր գետնանցում-վերնանցումը մատչելի լինի տեղաշարժվելու տարբեր դժվարություններ ունեցող մեր քաղաքացիներին։
Պատկերացնում ես` վերնանցում, որի մյուս մայթում դպրոց է, հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը պետք է գրկի և անվասայլակը և երեխային որպեսզի բարձրանա կամ իջնի անցումով, որ երեխայի հասցնի դպրոց։ Պատկերացրու, որ անցումի մյուս մայթին բանջարեղենի կամ մթերքի կամ Հայփոստի բաժանմունք է որտեղ տատիկը կամ պապիկը պետք է գնա, կամ այգի որտեղ մանկասայլակով մայրիկը պիտի տանի իր երեխային։ Մեկ, երկու, տաս գետնանցումով կամ վերնանցումով հարցը չի լուծվում»,-ասաց նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան