ՀՀ կառավարության որոշմամբ՝ մինչև 2026 թվականը նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնել պետական շուրջ 30 շենք-շինություն։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ այդ շինությունների ցանկում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Ազգային պատկերասրահի, Սահմանադրական դատարանի, ոստիկանության, Մատենադարանի, Օպերայի, մարզահամերգային համալիրի, Գիտությունների ակադեմիայի, Ազգային գրադարանի, նկարիչների միության, ճարտարապետների պալատի, ՄԻՊ-ի, մետրոպոլիտենի, Սունդուկյանի անվան թատրոնի շենքերը և երկաթուղու կայարաններ։
Գերատեսչությունից հայտնում են, որ առաջիկայում պատրաստվում են ընդլայնել շենք-շինությունների ցանկն՝ ընդգրկելով նաև մարզերից։ Այսպիսով՝ ընդհանուր նախատեսվում է մատչելի դարձնել 54 օբյեկտ։ Սակայն, եթե, կառավարության որոշմամբ, մայրաքաղաքի շենք-շինությունների ցանկն ու ժամկետները հստակեցված են, ապա մարզերի դեպքում հստակություն որևէ հարցով չկա։
Տեղեկացրել էինք, որ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի առաջարկով «Դեմոքրասի Ինթերնեյշնլ» («Democracy International) կազմակերպությունը Իսպանիայից Հայաստան է հրավիրել մատչելիության երկու փորձագետների, որոնք նախագծեր են առաջարկելու Երևանի մետրոպոլիտենի և շենք-շինությունների արդիականացման համար։
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Սիփան Ասատրյանը նշում է, որ ՀՀ պետական գերատեսչությունների շենքերում, մասնավորապես, ԱԺ-ում, Երևանի քաղաքապետարանում և մյուս կառույցներում, չկան հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար նախատեսված նվազագույն պայմաններ։
«Պատերին ուղորդող գրությունները չկան, սլաքները՝ ինչպե՞ս գնալ, ո՞ւր գնալ։ Ազգային ժողովի շենք մուտք գործողները, ես մի քանի անգամ եղել եմ, և այդ լաբիրինթոսներում կարող են մոլորվել նաև հաշմանդամություն չունեցող անձիք։ ԱԺ-ում մասնակի լուծումներ են տրված, միայն մի կողմից կարող ես մտնել, այնպես չէ, որ շենքի բոլոր հատվածներ կարող ես գնալ։ Այնտեղ ընդամենը մեկ վերելակ կա, որը տեղադրված է նիստերի դահլիճի մոտ գտնվող հանդիպումների սենյակի համար։
Քաղաքապետարանում էլ մեկ կամրջակ կար, որը հանդիպումների ժամանակ դնում են, քաղաքապետարանի գլխավոր մուտքը չունի թեքահարթակ, ներսում շարժվելն ապահովված չէ, այնպես չէ, որ միայն մուտքը պետք է մատչելի դարձվի։ Խնդիրներ կան նաև Ազգային գրադարանի շենքում, քննարկման ժամանակ խոսում էինք այս շենքի մասին և պարզ դարձավ, որ մատչելիություն ապահովվող դժավարություններ հարուցող շենք է լինելու»,-ասաց նա։
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Սիփան Ասատրյանը կարծում է, որ այս գործընթացը մեծ դժվարությամբ է իրականացվելու՝ որոշ հանգամանքերով պայմանավորված։
«Ենթադրելով գործընթացների դանդաղությունից՝ մրցույթներ, չգիտենք, թե այդ մրցույթները շահողներ կլինեն, գուցե էլի միջազգային կառույցները շահեն, մի քիչ կասկածում եմ, որ տեղական որևէ կառույց կարող է մատչելիության ապահովվման հետ կապված գլուխ հանել։ Իմ պատկերացմամբ այս ամենը անցնելու է երկար գործընթացներով»,-ասաց նա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան