«Դեպքը ոչ եզակի է ու ոչ էլ՝ վերջինը», — ահասարսուռ դեպքը, որ արդեն 3 օր է համացանցում բուռն քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել, անսպասելի չէր Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանի համար։ Խնդիրն, ըստ նրա, համակարգային է և կապված է ընդհանուր հոգեկան առողջության վերաբերյալ սխալ պատկերացումների հետ։
«Այն, ինչ տեղի է ունեցել, բացառիկ չէ։ Մեր կազմակերպությունը նաև խնամքի կենտրոններում դիտորդական խմբի անդամ է և պարբերաբար այցելում ենք տուն-ինտերնատներ։ Մեր 2021թ․-ի զեկույցի հիմնական առաջարկությունը Վարդենիսի տուն-ինտերնատի մասով այն է եղել, որ առնվազն անձնակազմին պետք է վերապատրաստել՝ հոգեբուժական խնամքի ժամանակակից մոտեցումներին տիրապետելու համար, գոնե մարդկանց նկատմամբ խոշտանգումներն ու բռնությունները բացառելու համար։ Այդ հոգեբուժարանում պայմանները վատն էին, հոգեբույժը ժամանակակից հոգեբուժության հետ ընդհանրապես կապ չունեցող անձ էր և միակն էր այդ հաստատությունում, որտեղ 400-ից ավելի մարդ է պահվում։ Դա ևս ենթադրում է, որ իրավիճակը պետք է սարսափելի լիներ։ Լավ է, որ ոստիկանները կարողացել են բացահայտել, որովհետև դիտորդներից հեշտ է դա թաքցնել», — ասում է Մուշեղ Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Մասնավորապես, հիվանդներից մեկը նրա խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկում է խոշտանգման և հանձնարարում, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը:
Ոստիկանության ծառայողների տեղեկություններով՝ տնօրենը աշխատակիցների դրույքաչափերը բարձրացնելու համար միջնորդի միջոցով պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ: Բացի այդ, պաշտոնավարման տարիներին անփույթ վերաբերմունք է դրսևորել աշխատանքի նկատմամբ և համապատասխան որակավորում չունեցող աշխատողներին աշխատանքից չի ազատել:
Նման հաստատություններ, առհասարակ չպետք է գործեն, քանի որ բռնությունը, խոշտանգումները բնորոշ են նման փակ հաստատություններին ամբողջ աշխարհում։ Նախ, երբ սահմանափակումներ են կիրառվում մարդու նկատմամբ, երբ մարդը հարկադրված է այս կամ այն ծառայությունից օտվել, պահվում է որևէ տեղ իր կամքին հակառակ, դա չի կարող բխել հոգեկան առողջության պաշտպանությունից, կարծում են hասարակական կազմակերպությունները, քանի որ նման հաստատություններում անձինք զրկված են նույնիսկ կենցաղային որոշումներ կայացնելուց, օրինակ` ուտելու, խմելու, քնելու որոշումները և այլն, հետևաբար այդ հաստատությունները պետք է փակվեն ու փոխարինվեն համայնքային ծառայություններով։
«Այն միջազգային պարտավորությունները, որ Հայաստանն ունի՝ նախատեսում է փակել նման հաստատությունները, որ որևէ անձ զրկված չլինի իր կյանքի նկատմամբ որոշում կայացնելու իրավունքից։ Պետությունը այդ ռեսուրսը պետք է ուղղի համայնքներում այդ ծառայությունների զարգացմանը, որ մարդն ստիպված չհայտնվի հաստատությունում, եթե, օրինակ, մենակ է ապրում, հարազատ չունի կամ հրաժարվում են նրան պահել։ Պետությունը պետք է աջակցի, որ այդ մարդը կարողանա որևէ անձի կողմից աջակցություն ստանա ու իր որոշումը կայացնի, հետևաբար նման հաստատություններ չպետք է լինեն, բայց պետությունը շահագրգռված չէ, որովհետև դա հեշտ ձև է՝ մարդուն գցել հաստատություն, տալ սնունդ ու մոռանալ նրա մասին, մինչդեռ համայնքում այդ ծառայությունները պետք է շարունակաբար զարգացնել», — ասում է Մուշեղ Հովսեփյանը։
Մանրամասները՝ ձայնագրությունում
Հոգեբուժարաններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների մասին դեռ նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր բարձրաձայնել։ Վերջին՝ 2022թ-ի հունվարին հրապարակած իր զեկույցում նշելով, որ 2017թ-ից այդ հաստատություններում իրավիճակը չի փոխվել, իսկ իրավիճակը, մեղմ ասած, սարսափելի է։ Օմբուդսմենը իր զեկույցներում արձանագրում է, որ հոգեբուժարաններում՝ այդ թվում Վարդենիսի տուն-ինտերնատում, օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ: Օրինակ, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում կամ խնամակալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում:
Ըստ նախկին օմբուդսմենի, շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց պատշաճ հիմնավորման:
Coalition.am-ը պարզաբանում խնդրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ հաստատությունը շարունակում է գործել և որ իրենք պարբերաբար ընթացիկ ստուգումներ իրականացրել են ոչ միայն Վարդենիսի, այլև մյուս բոլոր խնամքի հաստատություններում։ Հարցին՝ արդյո՞ք այդ ստուգումների ընթացքում որևէ խնդիր չեն արձանագրել, ստացանք պատասխան, որ չունեն որևէ մեկնաբանություն, քանի որ գործը հիմա նախաքննության փուլում է։ Նախարարությունից նաև տեղեկացրին, որ իրենք այդ հաստատության վերաբերյալ որևէ բողոք որևէ մեկից նախկինում չեն ստացել։ Ավելի ուշ նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, նշելով, որ իր ենթակայությամբ գործող խնամքի որևէ հաստատությունում ցանկացած ապօրինություն, առավել ևս խոշտանգման հնարավոր դրսևորում, համարում է խստագույնս դատապարտելի։
Հիշեցնենք նաև, որ 2013 թ․-ի սեպտեմբերի 3-ին տուն-ինտերնատի բնակիչ 84-ամյա Լեոնիդ Ադունցը, որ ծեծի էր ենթարկվել մեկ այլ հիվանդի կողմից, հանկարծամահ էր եղել, ըստ պաշտոնական վարկածի՝ սրտամկանի ինֆարկտից։ Հոկտեմբերի 5-ին էլ ինքնասպան էր եղել տուն-ինտերնատի բնակիչ Արմո Ավակիմյանը` 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկի պատուհանից ցած նետվելով:
Լրագրող Լուսինե Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2019թ-ին Սպիտակի խնամքի տանը նկարահանումների ժամանակ ինքը հանդիպել է մարդկանց, որ տեսախցիկով այս ու այն կողմ տեղաշարժվող օպերատորին տեսնելիս ձեռքները բարձրացնում էին՝ կարծես թե ուզում էին պաշտպանվել, կուչ էին գալիս։
«Երբ ես հարցրեցի տնօրենին, թե ինչու՞ են այդպես արձագանքում, տնօրենն ասաց, որ Վարդենիսից են եկել, որտեղ բռնությունների են ենթարկվել», — պատմում է Լուսինե Սարգսյանը։
Ի դեպ՝ այս օրերին տուն-ինտերնատի աշխատակիցները նաև բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ազատ արձակել տնօրենին ու աշխատակիցներին, ընդ որում նրանք մեկ հերքում են բռնության դեպքերը, մեկ հակասում իրենց` խոսելով բռնության ու զսպման միջոցների անհրաժեշտության մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով), 436-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են ՊՈԱԿ-ի տնօրենը և 3 աշխատակիցներ՝ այդ թվում հոգեբույժը։
Լուսանկարներ Վարդենիսի տուն-ինտերնատից՝ ՄԻՊ 2022թ․-ի արտահերթ զեկույցից
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան