«Մեր երկրին ու քաղաքին հարիր չէ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առկա այս վերաբերմունքը։ Մենք այլևս ոչ մի ակնկալիք չունենք։ Այս 30 տարիների ընթացքում հաճախ ենք դիմել և՛ թոշակների բարձրացման, և՛ տեղաշարժման խնդիրներով, սակայն կամ անպատասխան ենք մնացել, կամ ստացել ենք բացասական պատասխան»,-coalition-ի հետ զրույցում պատմում է բանաստեղծ, արձակագիր,ՀՀ գրողների միության անդամ Հրանուշ Սուքիասյանը։
30 տարուց ավելի է՝ Հրանուշ Սուքիասյանը տեղաշարժվում է անվասայլակով։ Նա այսօր բնակվում է որդու, երկու դպրոցահասակ թոռների և հարսի հետ։ Բնակարանի կենցաղային պայմանները բարվոք չեն։
Դժգոհում է՝ Գյումրու Արագած 2-րդ թաղամասի 6-րդ շենքը, որտեղ բնակվում են, չունի թեքահարթակ, շենքի մուտքից դուրս գալ հնարավոր չէ։ Նույն թաղամասում է բնակվում 44-օրյա պատերազմի մասնակից, զինհաշմանդամ․ տեղաշարժվման հարցով դիմել են։ «Դիմելուց հետո եկան, երկաթգծի երկու ռելսերով ամրացրեցին, որը ամեն սայլակին հարմար չէ, ընդամենը մի թեքահարթակ է հարկավոր, որը չկա»,-ասում է Հ․Սուքիասյանը։
2022 թվականի նոյեմբերին շենքի մուտքը թեքահարթակով ապահովելու խնդրանքով Հրանուշ Սուքիասյանը գրավոր դիմել է Գյումրի համայնքի ղեկավարին, բայց, ինչպես ասում է, դեռևս սպասում է պատասխանի։
«Տանից չենք կարող դուրս գալ։ Մենք զրկված ենք մաքուր օդ շնչելու, արևի լույսը տեսնելու իրավունքից, որն արդեն ամենամեծ խնդիրն է, կարծես ճարահայտյալ բանտարկյալ ենք կամ աքսորյալ»,-նեղսրտում է արձակագիրը։
Հրանուշ Սուիքասյանը 7 գրքի հեղինակ է, ևս 7 գիրք պատրաստ է տպագրության, սակայն գումար է հարկավոր։ Հաշվարկել է՝ 7 գրքի տպագրության համար մոտավորապես անհրաժեշտ է 2 միլիոն ՀՀ դրամ։ Գրքերից մի քանիսը նվիրված են արցախյան պատերազմի հերոսներին։ Նա համատեղ մրցանակների է արժանացել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գրողների միության կողմից։
Բնակարանը, որտեղ ապրում են բանաստեղծ, արձակագիր Հրանուշ Սուքիասյանն ու իր ընտանիքը, անգամ ջեռուցում չունի։ Պատուհաններից մեկն էլ նորով է փոխարինել բարերաներից մեկը։ Ընտանիքի ամենամեծ խնդիրը Հ․Սուքիասյանի որդու առողջական վիճակն է և ապաքինման հարցը։ Ընտանիքում ոչ ոք չի աշխատում, ապրում են թոշակով և նպաստով։
«Չնչին գումարով գոյատևում ենք, տունն ահավոր վիճակում է, իսկ իմ հաշմանդամության թոշակը ամսական 40 հազար դրամ է»,-ասում է նա։
Հրանուշ Սուքիասյանը մեկ անգամ ևս ընդգծում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում իր՝ խնդիրներն անտեսված են, այդ խնդիրներով մտահոգվածներ չկան, այդ խնդիրների լուծմամբ չեն զբաղվում նաև քաղաքային իշխանությունները։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Անի Մկրտչյան