8-ամյա Արմանի տեսողությունը կորչելու աստիճան կարող է վատթարանալ։ Դեղը, որը նա յուրաքանչյուր ամիս պետք է պարտադիր կաթեցնi աչքերին, Ստեփանակերտում չկա։ Երևանից պետք է պատվիրել, սակայն, Արցախը Հայաստանին կարող կենսական նշանակության միջանցքի փակ լինելու պատճառով, դեղը Ստեփանակերտ հասցնել հնարավոր չէ։
2020 թվականի հունվարին է Արմանի աչքը վնասվել՝ խաղալիս հասակակիցներից մեկի կողմից իր ուղղությամբ նետված ապակու կտորից։ Մայրն՝ Արմինե Ասրյանն ասում է՝ Երևանի Մալայանի ակնաբուժական կենտրոնում 12 կար են դրել որդու աչքին ու դեղ նշանակել, որ յուրաքանրյուր ամսվա 9-ին մեկ անգամ, տղան ընդունի։
Արմանին երկու տարով հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչել։ Նա այժմ բուժման կարիք ունի։
«Ամեն տարի մենք պետք է տանենք ստուգման, բայց այս անգամ չստացվեց՝ շրջափակման պատճառով։ Բժշկուհին ասում է՝ պետք է բերեք, որ ստուգվի, եթե չեք կարողանում բերել, դեղ կաթեցրեք, իսկ այդ դեղը Ստեփանակերտում չկա, Երևանից ենք բերում՝ ամիսը մեկ անգամ»,-ասաց մայրը։
Մայրը նշում է, որ դեղը բացելուց հետո երկրորդ անգամ հնարավոր չի լինում օգտագործել՝ մեկ ամիս անց, խիստ անհրաժեշտ է, որ յուրաքանրյուր ամիս նոր սրվակ լինի։
Արմինե Ասրյանը հինգ երեխաների մայր է, Արմանը միակ որդին է։ Նա սովորում է երրորդ դասարանում։ Մայրը ցանկանում է առողջական խնդիրներ ունեցող տղային բերել Երևան՝ հետազոտությունների, սակայն, մտավախություն ունի, որ էլ չի կարող վերադառնալ Ստեփանակերտ, իսկ մյուս երեխաները մնան առանց խնամքի։
«Այս շրջափակման պատճառով վախենում եմ գալ Երևան, որովհետև ունեմ երկու երեխա, վախենում եմ էլ չտեսնեմ երեխաներիս։ Պետք է գնամ դեղատներ, որ տեսնեմ կա՞, թե՞ չկա այդ դեղից։ Միայն պատվերով են բերում»,-ասում է նա։
Վերջին անգամ Արմանը դեղն ընդունել է հուլիսի 9-ին, հաջորդը՝ շուրջ 15 օրից է, բայց մայրն անհանգստացած է՝ ի՞նչ պետք է լինի, որ թշմանին թույլ տա տղայի դեղի հետևից Երևան գնալու համար։ Նշում է, եթե այս իրավիճակը չլիներ, ճանապարհները բաց լինեին, արդեն երեք-չորս անգամ բժշկի մոտ պարտադիր այցը կատարած կլինեին։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Նարեկ Կիրակոսյան