«Տեղի ունեցածը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոպիտ ոտնահարում է», —coalition.am-ի հետ զրույցում ներկայացնելով իր դժգոհությունը, ասում է Հակոբ Կարապետյանը, ով տեսողության խնդիր ունի։ Օրերս ապառիկով հեռախոս վերցնելու համար մոտեցել է Mobile center-ի վաճառասրահներից մեկը, սակայն տեղում իմանալով, որ Հակոբը չի տեսնում և ինքնուրույն չի կարող որոշ թղթեր ստորագրել՝ հրաժարվել են սպասարկել։
«Ինձ ասացին պետքա գրեք, որ տեղյակ եք վարկի տոկոսադրույքի մասին և երբ ասացի չեմ կարող, քանի որ չեմ տեսնում, պատասխանեցին, որ չեն կարող սպասարկել։ Ես առաջարկեցի, որ իմ փոխարեն ուրիշը գրի, կրկին մերժեցին», — պատմում է Հակոբ Կարապետյանը։
Վաճառասրահի աշխատակիցները, ի պատասխան զարմանքով հնչած հարցի, որ նախկինում երբեք նման խնդիր չի եղել և ո՞րն է հիմա պատճառը, պատասխանել են, որ ԿԲ-ի նոր որոշում կա, որը թույլ չի տալիս։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
ԿԲ-ի որոշման մասին հիշատակում չի եղել, բայց նույն խնդրին բախվել է նաև մեր մեկ այլ զրուցակիցը, որ չցանկացավ անունը բացահայտել։ 42-ամյա Ք․ Մ․-ն, ով ևս տեսողության խնդիր ունի, ընկերոջ հետ մոտեցել է Հայբիզնեսբանկ՝ այս անգամ ավանդ ներդնելու համար և ստացել է կոպիտ պատասխան՝ «Չտեսնողների հետ չենք անում ոչ մի տիպի գործարք»։
«Երբ իմացան, որ չտեսնող ենք, ընկերս էլ է չտեսնող, կատեգորիկ մերժեցին։ Հարցրեցինք, որ եթե վկա բերենք լիազորագրով և՞ս չի լինի, ասացին ոչ, ոչ մի ձևով չենք անում։ Երբ տեսան, որ վրդովվեցինք, ասացինք՝ կբողոքենք, հեռախոսահամար խնդրեցին և ավելի ուշ զանգեցին ու ասացին, որ հնարավոր է գործարք անել նոտարի կողմից լիազորված անձի միջոցով», — ասում է մեր զրուցակիցը։
Ք․ Մ․-ն հետո ուրիշ բանկում է սպասարկվել, մի տեղում համաձայնել են վկայի, մյուսում՝ առանց վկայի կատարել գործարքը։ Մեր զրուցակիցը նաև խնդրահարույց է համարում լիազորագրի պահանջը, քանի որ նոտարի միջոցով լիազորագիր ստանալու համար անհրաժեշտ է անձի ներկայություն, ով չի կարող լինել բարեկամ։
«Երկուսը պետք է վկա լինեն, երրորդը՝ մեր փոխարեն պետք է գրի, որ լիազորագիր տան։ Ավելորդ քաշքշուկից բացի նաև գաղտնիության իրավունքն է խախտվում, քանի որ ես չեմ ուզում, որ օտար մարդն իմանա, որ ես ավանդ եմ դնում», — նշում է Ք․ Մ․-ն։
Մանրամասները՝ ձայնագրությունում։
Պարզելու համար, թե արդյոք շատե՞րն են բախվել նման խնդրի, փոքրիկ հարցում իրականացրեցինք սոցցանցերում և մի քանի քաղաքացի ևս նշեցին, որ նույն խնդրի առաջ են կանգնել։ Երբեմն էլ պարզապես մերժել են առանց հիմքի՝ չնշելով հաշմանդամությունը որպես պատճառ։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը փորձել էր պարզել մերժման հիմքերը և նրան պատասխանել էին, որ գործարք կանեն ըստ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 298 հոդվածի 4-րդ կետի համաձայն։ Մեջբերում ենք գրառումը․
«Ժող ջան այսօր իմացել եմ թե բանկերը ինչպես են բացատրում տեսողական խնդրով անձանց գործարքների մերժումը։
Իմ լավ ծանոթներից մեկին ARMBUSINESSBANK-ը պատասխանեց , որ գործարք կանեն ըստ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 298 հոդվածի 4-րդ կետի համաձայն։
298 հոդվածի
3. Գործարքներ կնքելիս ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
4. Եթե քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձը` նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել:
Ես ամբողջությամբ չեմ հասկանում 3-րդ կետը»։
coalition.am-ը գրավոր հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ՝ պարզելու համար թե ի՞նչ նոր որոշման մասին է խոսքը և ի՞նչ հիմքով են բանկերը մերժում գործարք կատարել չտեսնող քաղաքացիների հետ։ Հարցման պատասխանը լինելուն պես այն կհրապարակենք։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան