Մարտի 28-ին Երևանում կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Ագաթ» ՀԿ կողմից իրականացվող «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայքում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Վարչապետի օգնական Նազելի Բաղդասարյանը, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանը, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրերի ղեկավարը, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի ղեկավար Օլգա Օսալենկոն, ծրագրի մասնակից լրագրողներն ու հաշմանդամություն ունեցող կանայք․
«Նրանք մեզ հույս են ներշնչում՝ որ մենք կարող ենք լինել կիսող, ներառող և բոլորի համար նույն իրավունքներն ու հնարավորություններն ապահովող հասարակություն։ Պետք է գիտակցենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ անհատականություն է, օժտված ուրույն տաղանդով և սուբյեկտիվ հետաքրքրությամբ։ Եվ, նրանց կողմից այնքան նոր լիցքեր են ներթափանցում դեպի մեր համայնքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը տևական և մշտական պայքար է, որը կրում է առատաձեռնության, բարության և ուշադրության համամարդկային արժեքները։ ԵՄ-ն ձեր կողքին է»,- ելույթի իր խոսքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Միջազգային և տեղական պետական կառույցների ներկայացուցիչ հյուրերը ողջունել են ներկա մասնակիցներին, փաստել, որ մեր օրերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ձևավորված կարծրատիպերը կոտրելու հարցում մեծ է լրատվամիջոցների դերը:
Ծրագրի մանրամասները, այդ թվում՝ արդյունքներն ու կյանքի կոչված նպատակները ամփոփելուց, ծրագրի մասին պատմող տեսաֆիլմը դիտելուց հետո տեղի ունեցավ նաև 7 հաշմանդամություն ունեցող կանանց հաջողության պատմությունները ներկայացնող գրքույկի շնորհանդես:
Ծրագրի շրջանակներում 1 ամիս առաջ ավարտվեց Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերից թվով 20 ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների համար նախատեսված երկօրյա դասընթացը, որից հետո հայտարարվեց լրատվական նյութերի պատրաստման մրցույթ։ Մասնակիցները ներկայացրել էին 12 բազմաժանր նյութեր։ Լրատվական նյութերը գնահատվել են անկախ լրագրողների, գենդերային և հաշմանդամության հարցերով փորձագետների կողմից։
Հետո հերթը պարգևատրումներինն էր:
Լավագույն հոդվածը «Ցայգ» ՀԸ և Coalition.am կայքի լրագրող Տիգրանուհի Կուրղինյանինն էր:
Հոդվածը տպագրվել է Coalition.am կայքում և պատմում է հաշմանդամություն ունեցող կանանց վերարտադրողական առողջության, մայրանալու ցանկության և կարծրատիպերի մասին։ Հերոսուհին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ նախագահ Նարինե Ղուկասյանն է։
Լավագույն ռեպորտաժ անվանակարգում հաղթող ճանաչվեց «Շանթ» ՀԸ լրագրող Ալեքսան Սարգսյանի ռեպորտաժը:
Լավագույն ռադիոհաղորդումը վարել է «Շանթ» ռադիոկայանից Էմմա Չոբանյանը:
Նվերներ նախատեսված էին ոչ միայն լավագույնների, այլ նաև բոլոր մասնակից ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Վերջիններիս պարգևատրեցին ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանն ու «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի Հայաստանի ազգային խորհրդատու Քրիստինե Հովհաննիսյանը:
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «ՄԱԿ Կանայք» կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: