Աջափնյակ վարչական շրջանի շենքերից մեկի շքամուտքում երկաթե կոնստրուկցիայով պատրասված թեքահարթակ տեսանք։ Այն պատի վրա էր հավաքված։ Նեղ շքամուտքում թեքահարթակ ունենալու լավ լուծում էր, մտածեցինք բնակիչն է պատրաստել իր միջոցներով, սակայն ինչպես հետո պարզվեց, թեքահարթակը «Էջմիածին» համատիրությունն էր կառուցել՝ բնակչի խնդրանքով։ Այդպիսի արդեն 2 թեքահարթակ կա տեղադրված Աջափնյակ համայնքում, ասաց համատիրության ղեկավար Ռազմիկ Ալեքսանյանը։
«Մեզ հաշմանդամություն ունեցող քաղաքացին էր դիմել, որ թեքահարթակ կառուցենք, բայց քանի որ շքամուտքը նեղ էր և բետոնե թեքահարթակ կառուցելու դեպքում բնակիչների համար կարող էր անհարմարություն ստեղծվել, մտածեցինք այսպիսի լուծում տալ։ Թեքահարթակը փակ է և բացվում է միայն այն օգտագործելու ժամանակ։ Թեքահարթակը հարմար է նաև սայլակով երեխաներին զբոսանքի տանող մայրերի համար։ 2 երկաթե կոնտրուկցիայով, 2 հատ էլ սովորական թեքահարթակ ենք արդեն կառուցել։ Մեր ենթակայության տակ 42 շենք կա։ Որոշ շենքերում արդեն իսկ կային թեքահարթակներ, 4-ում էլ մենք կառուցեցինք և այս պահին 2-3 շենք էլ կա, որտեղ պետք է թեքահարթակ կառուցվի», — ասաց Ռազմիկ Ալեքսանյանը։
Մի շարք բազմաբնակարան շենքերում կառուցված, բայց չափանիշներին չհամապատասխանելու պատճառով այդպես էլ նպատակին չծառայած թեքահարթակների կողքին, սա կարելի է լավ լուծում համարել, միայն թե այստեղ էլ խնդիր կա՝ լուծումը իդեալական համարելու համար։ Այս թեքահարթակից հաշմանդամություն ունեցող քաղաքացին կարողանում է օգտվել ինքնուրույն, եթե բաց է, սակայն միայնակ բացել ու փակել թեքահարթակը չի կարողանում։
«Թեքահարթակը պետք է անձին լիարժեք ինքնուրույնություն տա, լինի մատչելի։ Այսինքն, դրանից օգտվելու համար անձը չպետք է ունենա մեկ այլ անձի օգնության կարիքը։ Տվյալ դեպքում, եթե քաղաքացին ինքնուրույն չի կարողանում բացել ու փակել, նշանակում է լուծումը լիարժեք չէ», — ասում է Կամար 17 ընկերության տնօրեն Մհեր Բաբլումյանը։
Որպեսզի թեքահարթակը մատչելի լինի, այն պետք է համապատասխանի որոշակի չափանիշների՝ բարձրությունը, լայնությունը պետք է թույլ տան դրանից ազատ օգտվել։ Տվյալ դեպքում որպեսզի լուծումը դառնա իդեալական Մհեր Բաբլումյանը այսպիսի տարբերակ առաջարկեց։
Մհեր Բաբլումյան իր խմբի հետ նախագծեց այսպիսի լուծում, որտեղ թեքահարթակից վերև՝ պատի վրա տեղադրված է մարտկոց և թեքահարթակի վերևի ու ներքևի հատվածներում կոճակներ կան, դրանք սեղմելով թեքահարթակը բացվում ու փակվում է։ Այս լուծումը թանկ չէ, առավելագույնը 20 000 դրամ կարժենա, բայց արդյունքում կունենանք լավ լուծում հաշմանդամություն ունեցող անձանց համար, որը կապահովի լիարժեք անկախություն ու մատչելիություն՝ դառնալով մատչելի թեքահարթակ կառուցելու լավ օրինակ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան