«Մեկն ինձ երկու բաժակ շաքարավազ տվեց, ես էլ իրան աղ տվեցի», — երիտասարդ աղջիկը, որ շաքարային դիաբետ ունի, ֆեյսբուքյան գրառումից հետո է երկու բաժակ «փրկության» շաքարավազը գտել։ Մի աղջիկ էր արձագանքել ու շաքարավազ առաջարկել՝ քաղցրի պակասը լրացնելու համար։ Սա նշանակում է առաջիկա մի քանի օրն էլ կդիմանա։ Արցախի դառը իրականության մեջ քաղցրը դարձել է անհասանելի։
«Քաղցրը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի։ Եթե շաքարային դիաբետի դեպքում գլյուկոզան իջնում է, ուշագնացությունից մինչև մահվան կարող է հասցնել։ Ոչ մի տեսակի քաղցր չկա, ո՛չ տանը, ո՛չ խանութներում», — ասում է զրուցակիցս։
Շուտով կլրանա 250 օրը, ինչ Արցախը շրջափակման մեջ է, իսկ հունիսի 15-ից լիովին կասեցվել է որևէ բեռի ու անգամ առաջնային անհրաժեշտության ապրանքների մուտքը Արցախի Հանրապետություն։ Արցախն ու արցախցին գոյատևում են ներքին ռեսուրսների հաշվին, բայց դրանք էլ անսպառ չեն, պարբերաբար հիշեցնում է զրուցակիցս, օր-օրի ավելի է զգում շրջափակման վտանգը։ Հիմա նույնիսկ քայլելն է սահմանափակել, ասում է, որ գլյուկոզան հանկարծ չիջնի, ուշագնացություն չլինի։ Վառելիքի սղության պատճառով նույնիսկ շտապօգնության մոտենալն է դժվարանում։
«Ոչ մի տեսակի քաղցր չունեմ արդեն, էդ երկու բաժակ շաքարավազի վերջանալուց հետո թե ինչ եմ անելու՝ չգիտեմ։ Էստեղ բարերարները գլյուկոգեն են բաժանել երեխաներին, բայց ես դրանից էլ չունեմ։ Գոնե մի քիչ շուշա կոնֆետ լիներ, էլի կկարողանայի գոյատևել, բայց դա էլ չկա, անգամ հիգիենայի պարագաներ չկան։ Աստծո հույսով ապրում ենք», — ասում է նա։
Ինչու՞ հաշմանդամության խումբ չունի, հարցնում եմ, ասում է՝ դիմել է նախարարություն, որ կարգ տան, բայց իրեն ասել են, որ ինսուլինից կախում ունեցողներին կարգ չի հասնում, թեպետ շատերն են ստացել։ Երիտասարդ աղջիկն իր իրավունքների համար չի պայքարել, բայց հիմա նրա համար ամեն օրն է պայքար դարձել՝ կենսական անհրաժեշտություն ունեցող քաղցրի համար։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան