Պոլիկլինիկաներում խտրական վերաբերմունք է նկատվում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, coalition.am-ի հետ զրույցում ահազանգում է քաղաքացիներից մեկը, ով նախընտրեց չներկայանալ։
Քաղաքացին, ով հաշմանդամություն ունի, Երևանի թիվ 17 պոլիկլինիկայում երկու անգամ նույն խնդրին է բախվել։ Կան անալիզներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար է արվում, սակայն բժիշկները անտեսելով այդ փաստը նրանց ուղարկում են վճարովի անալիզ հանձնելու, և եթե անձը հետևողական չլինի ու լրացուցիչ ճշտումներ չանի, ստիպված կլինի օգտվել վճարովի ծառայություններից։
«Էնդոկրինոլոգի մոտ գնացի, ինքը ինձ ուղարկեց վճարովի անալիզ հանձնելու ու 5 հատ անալիզ գրեց։ Ես եկա տուն, զանգեցի թեժ գիծ ու ճշտեցի, այդ անալիզները հաշմանդամություն ունեցող անձանց համար անվճար է։ Հետ գնացի տնօրենի մոտ ու ասացի, որ անալիզները ինձ անվճար են հասնում և ինքը փորձելով շտկել իրավիճակը, ասաց, որ երևի թյուրիմացություն է եղել։ Ինձ նորից ուղարկեցին անալիզի, բայց այս անգամ արդեն անվճար ու չգիտես ինչու 5 հատ անալիզի փոխարեն ընդամենը մեկը գրեցին ու երբ հարցրեցի, թե ինչու է 5-ը անվճարի դեպքում 1 դարձավ, դարձրեցին 2 անալիզ։ Մի խոսքով ինձ համար ակնհայտ էր, որ խտրական մոտեցում է հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ», — ասում է մեր զրուցակիցը։
Մտածել, որ տեղի ունեցածը ոչ թե թյուրիմացություն, այլ հենց գիտակցված ու խտրական մոտեցում է, մեր զրուցակցին ստիպել են նմանօրինակ կրկնվող դեպքերը։ Ճիշտ նույն կերպ հաջորդ այցի ժամանակ, բայց այս անգամ թերապևտի մոտ, նրան ուղեգրել են գլխի հետազոտության՝ գլխացավերի պատճառը պարզելու համար ու կրկին վճարովի այն պարագայում, երբ հաշմանդամություն ունեցող անձը կարող է տվյալ հետազոտությունն անցնել պետպատվերի շրջանակում։
«Դեպի գլուխ արյան մատակարարումը պետք է ստուգեին ու երբ գնացի հենց ստուգող բժշկուհուն հարցրեցի, ասաց, որ այդ հետազոտությունը իմ պարագայում պետպատվերի շրջանակում սպասարկվում է։ Հետազոտությունն արժեր 12 000 դրամ։ Ես շփոթմունքից ասացի, որ երևի ինքը լավ բժիշկ է ու դրա համար են իր մոտ ուղարկել՝ վճարովի սպասարկվելու, բայց այդ բժշկուհին ասաց, որ մյուս մասնագետը ևս շատ լավն է, — պատմում է մեր զրուցակիցը։
Այս անգամ նույն հարցը պոլիկլինիկայում բարձրացնելուց հետո ստացել է պատասխան, որ իր հաշմանդամության թերթիկն անկետայից բացակայում է, կորել է։ Թե ու՞ր է անհետացել այն, ոչ մեկը չգիտի։ Ընդ որում, անձը պարբերաբար դիմել է բժիշկի և իր հաշմանդամության մասին թերթիկից չէ, որ պետք է իմանային։
«Ամենահետաքրքիրը գիտե՞ք որն է։ Այդ դեպքից հետո թերապևտն ինձ անվճար ուղեգրելու փոխարեն որոշեց դեղ գրել և ասաց, որ եթե 3 օր հետո գլխացավը չանցնի, նորից մոտենամ ու նոր կուղեգրի ստուգման։ Ես այդպես էլ չգնացի ու այդ ստուգումը չանցա», — ասում է մեր զրուցակիցը։
Մենք փորձեցինք պարզել արդյո՞ք նման խնդրի բախվել են նաև մյուսները, պարզվեց այո՝ նման խնդրի բախվողներ եղել են, բայց բարձրաձայնել չցանկացան։ Հաշմանդամություն ունեցող անձանցից մեկը միայն նշեց, որ իրեն ուլտրաձայնային հետազոտության են ուղարկել և դրա դիմաց գումար պահանջել, մինչդեռ ինքը կարող էր պետպատվերով սպասարկվել։
Երևանի պոլիկլինիկաները գործում են Երևանի քաղաքապետարանի վերահսկողության ներքո, որտեղից փորձեցինք ճշտել արդյոք նման ահազանգեր ստացել են։ Նման ահազանգ չեն ստացել, բայց մեր բարձրացրած դեպքի մասին խոստացան մանրամասներ ճշտել՝ խնդրելով տվյալներ։ Եթե նման գործելաոճը ապացուցվի, ապա վարչական պատասխանատվության միջոց կկիրառվի բժիշկների նկատմամբ։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան