«Արբես» առողջության կենտրոնին տրվող պետական ֆինանսավորումը չի կրճատվել և կենտրոնը շարունակում է սպասարկել պետպատվերի շրջանակներում։ Այսպիսի պատասխան ստացանք Առողջապահության նախարարությունից։ Coalition.am-ը հարցում էր արել, թե ո՞րն է պատճառը, որ կենտրոնի ֆինանսավորումը դադարեցվել է։ Այդպիսի ահազանգով մեզ էին դիմել ծնողները, նշելով, որ «Արբես» կենտրոնում իրենց ասել են, որ պետության կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով այլևս անվճար չեն սպասարկում։
««Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ» ՍՊԸ-ի «Մտավոր, հոգեկան, լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ (1208)» ենթամիջոցառման տարեկան պայմանագրային գումարը չի սպառվել և բժշկական օգնության և սպասարկման դիմաց առողջապահության նախարարության կողմից կազմակերպությանը իրականացվում է ամենամսյա փոխհատուցում՝ պայմանագրային ամսական համամասնությունների շրջանակներում: Միաժամանակ հայտնում ենք, որ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման մասին» 318-Ն որոշման համաձայն պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով», — նշված է նախարարությունից ստացված պաշտոնական գրության մեջ:
«Արբես» կենտրոնից coalition.am-ին տեղեկացրեցին միայն, որ Աննա Կարապետյանի որդիները սպասարկվել են պետպատվերի շրջանակներում մարտի 27-ին։ Այլ մանրամասներ հոգեբույժի հետ տեղի ունեցած զրույից չհայտնեցին։ Նշեցին նաև, որ երեխաները իրենց կենտրոնում հերթագրված են և երբ որ հերթը հասնի, կկանչեն։ Ավելի վաղ «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշել էր, որ կենտրոնը մշտապես աշխատել է ծանրաբեռնված և ամեն ինչ արվում է, որ աշխատանքը կարգավորվի։
Կարգավորվե՞լ է աշխատանքը, թե՞ ոչ․ մեր նախորդ նյութում այս խնդրի մասին բարձրաձայնած Աննա Կարապետյանը տեղյակ չէ։ Ինքն այլևս ոչ մի կենտրոնի չի դիմում և չի սպասում, որ աուտիզմ ունեցող երկու երեխաներից գոնե մեկի հերթը հասնի։ Ասում է հոգնել է, իսկ եթե խնդիրը կարգավորված լիներ, իրենց պետք է կենտրոնից զանգեին և կանչեին, բայց նման բան չեն արել։
«Ես այնքան եմ հոգնել, որ այլևս ոչ մի կենտրոնի չեմ դիմում։ Ուղիղ 3 տարի 8 ամիս երկու երեխաներիս հերթագրել եմ տարբեր կենտրոններում ու սպասել, սպասել, որ մի օր մեր հերթը կհասնի։ Արդյունքում ընդամենը 2 ամիս Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ենք այցելել և 3 ամիս էլ Քանաքեռի մանկական զարգացման միջազգային կենտրոն։ Սա է եղել իմ տարիների սպասումի արդյունքը։ Դիմել եմ գրեթե բոլոր պատկան մարմիններին ու ոչ մի բան չի փոխվել։ Արդյունքում ես սովորեցի հատուկ մանկավարժություն, էրգոթերապիա և իմ երեխաների հետ ինքնուրույն սկսեցի պարապել։ Օրվա մեջ մեկ ժամ էլ կարողանում եմ հատկացնել այլ երեխաների հետ աշխատելուն ու բացարձակ անվճար։ Պետությունից այլևս ոչ մի սպասելիք չունեմ, որովհետև եթե նախկինում ամբողջ աշխարհում ամեն 1000 երեխայից մեկն ուներ աուտիզմ, այսօր ամեն 36-ից մեկն ունի։ Սա նշանակում է, որ պետպատվերով աշխատող տեղերը առնվազն 3 անգամ պետք է ավելանային, որ նման պատկեր չունենայինք, ինչը չի արվել, հետևաբար սպասել, նշանակում է թանկագին ժամանակը զոհել», — ասում է Աննան։
Պետպատվերով սպասարկման խնդիրն ամենուր է։ Կառավարության 2019թ-ին ընդունված որոշման մեջ կատարված փոփոխությամբ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության իրավունք է ստանում բնակչության ավելի քան 30 տոկոսը։ Բացի այդ, հերթագրման համակարգը ամբողջությամբ ավտոմատացվել է, ինչն էլ հաճախ դառնում է դժգոհության առիթ, քանի որ սպասարկվելու համար դիմած քաղաքացին երբեմն ստիպված է լինում ամիսներով սպասել իր հերթին։ Ըստ պաշտոնական պարզաբանման համակարգի ավտոմատացումը նպատակ ունի բացառել հերթագրման համակարգում տեղի ունեցող խախտումները։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան