Հայաստանում տաքսի ծառայություն մատուցող Yandex Go ընկերության հավելվածում հունիսի 21-ից հատուկ հնարավորությունների էկրան հայտնվեց։ Այն նախատեսված էր հաշմանդամություն ունեցող անձանց համար և էկրանի վրա 4 հիմնական տարբերակ կա՝
«Օգնեք գտնել մեքենան»,
«Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»,
«Չեմ խոսում, բայց լսում եմ»,
«Անվասայլակով եմ լինելու»:
Լուսանկար՝ հավելվածից
Այս տարբերակները վարորդին հուշում են, թե ինչ է պետք անել ուղևորության ժամանակ՝ «Օգնեք գտնել մեքենան»․ վարորդի ուղևորությունների պատուհանում կհայտնվի մեկնաբանություն այն մասին, որ օգտատիրոջը պետք է օգնել գտնել մեքենան, ապա մոտենալ ու նստել։
«Միայն հաղորդագրությունների միջոցով եմ շփվում»․ եթե ուղևորը ձայնով հաղորդակցվելու հնարավորություն չունի, ապա վարորդին կխնդրեն բոլոր ճշտումները կատարել նամակագրությամբ։
«Չեմ խոսում, բայց լսում եմ»․ պատվերին կից վարորդը կստանա մեկնաբանություն, որ ուղևորն իր հարցը կլսի, բայց կարձագանքի ժեստերով կամ տեքստով:
«Անվասայլակով եմ լինելու»․ եթե ընտրվում է այս տարբերակը, ապա վարորդն ստանում է հետևյալ մեկնաբանությունը՝ «ես կլինեմ անվասայլակով, պետք է օգնություն մեքենա նստելու համար և դատարկ բեռնախցիկ»։
Այս տաբերակներից յուրաքանչյուրը հասանելի է ցանկացած սակագնով երթևեկելու դեպքում, և այն չի նախատեսում երթևեկության արժեքի բարձրացում։
Եթե վարորդը գիտակցում է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարող կատարել հատուկ տարբերակներով պատվերը, վարորդը ունի նաև հրաժարվելու հնարավորություն։
Վարորդների մեծամասնությունը պատրաստ է սպասարկել հաշմանդամություն ունեցող ուղևորներին։ Yandex Go-ի իրականացրած փոքրիկ հետազոտության համաձայն՝ վարորդների 75 տոկոսը պատրաստ է պատվեր ընդունել հաշմանդամություն ունեցող ուղևորներից, 19 տոկոսը պատրաստ է ընդունել՝ ելնելով իրավիճակից և միայն 4 տոկոսոը պատրաստ չէ։ Վարորդների 77 տոկոսը գիտի ինչպես ճիշտ վարվել հաշմանդամություն ունեցող ուղևորների հետ։
Coalition.am-ը փորձեց կարծիքներ ճշտել տաքսի ծառայությունից օգտված ուղևորներից։ Հիմնական մասը գոհ էր սպասարկումից, մեր զրուցակիցներից մեկն էլ նշեց, որ վարորդը ուներ վերապատրաստման կարիք, քանի որ իրեն թվում էր, թե ինքը լավություն է անում հաշմանդամություն ունեցող անձին տեղափոխելով։
«Յանդեքսի վարորդները վերապատրաստում չեն անցել, բայց բարձր դասի վարորդները քննություն են հանձնում և դրա շրջանակում նաև հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու էթիկային վերաբերող հարցեր են ընդգրկված, սակայն ստարտ սակագնով սպասարկվող վարորդները պարզապես ծանուցում են ստանում, որտեղ նշված են բոլոր կանոնները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկելու նրբությունները։ Վարորդները, սակայն, իրենք են որոշում կարդա՞լ այդ ծանուցումները, թե՞ ոչ։ Մինչ այս պահը մենք չենք ստացել գրավոր դժգոհություն ուղևորներից, սակայն վարորդներից մեկից ստացել ենք առաջարկ այն մասին, որ առանձին դաս բացվի հաշմանդամության սայլակ տեղափոխող մեքենաների։ Իհարկե մեքենաները քիչ են, դաս չենք բացել, բայց առանձին ֆունկցիա է ավելացվել հարմարեցված մեքենաների համար։ Եթե ուղևորից, ու բնավ կապ չունի, թե որ սակագնային պլանի ուղևոր է, ստանում ենք դժգոհություն, որ վարորդը պատշաճ չի սպասարկել, ապա այդ վարորդը արգելափակվում է, որից հետո հրավիրվում է գրասենյակ, հասկանալու համար հետագա աշխատանքի հնարավորությունը », — մեզ հետ զրույցում պարզաբանում է Yandex Go ընկերության գլխամասի աշխատակից, փորձագետ Աննա Հովհաննիսյանը։
Օգոստոսի 10-ին էլ ընկերությունը հայտարարեց, որ Yandex Go ծառայությունն սկսում է անվճար ուղևորություններ տրամադրել բարեգործական կազմակերպություններին: Տաքսին հասանելի կլինի խնամակալության տակ գտնվող անձանց և նրանց աջակցող մասնագետներին, օրինակ՝ բժիշկներին կամ հոգեբաններին։ Բարեգործական ուղևորությունների ծրագիրը մշտական բնույթ է կրելու։ Այս պահին ծրագրում ներառված է 4 կազմակերպություն՝ «Հայ մայրեր», «ՎԻՎԱ», «Ժպիտների քաղաք» և «Շտապիր դեպի բարին»։
«Մեզ համար կարևոր է, որ Yandex Go-ն հարմարավետ լինի տարբեր կարիքներ ունեցող օգտատերերի համար։ Մենք մեկտեղում ենք մեր ռեսուրսներն ու
տեխնոլոգիաները՝ օգնելու նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Հուսով ենք, որ այս ծրագիրը թույլ կտա հիմնադրամների շահառուներին ավելի արագ մասնագիտական աջակցություն ստանալ, պատշաճ հարմարավետությամբ գնալ բուժման կամ աշխատանքի» — հայտարարեց Հայաստանում Yandex Go-ի տարածաշրջանային մենեջեր Բագրատ Եղիազարյանը։
Այս ընթացքում շուրջ 2000 ուղևորություն է իրականացվել։ 55 տոկոսն օգտվել է ստարտ, 16 տոկոսը կոմֆորտ, 15 տոկոսը էկոնոմ, 7 տոկոսը բիզնես, 5 տոկոսը մինիվեն դասերից։ Ամենից շատ՝ 50 տոկոս, կիրառվել է «Օգնեք գտնեմ մեքենա» հնարավորությունը, «տեքստային հաղորդագրություններով եմ շփվում» հնարավորությունից օգտվել է 37 տոկոսը, «հաշմանդամության սայլակի» հնարավորությունից 23 տոկոսը և «չեմ խոսում, բայց լսում եմ» հնարավորությունից՝ 8 տոկոսը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան