«Ես չե՛մ հիասթափվում, ուզում եմ միշտ լավը տեսնեմ, քանի որ եթե աշխարհում կա վատ բան ուրեմն հակառակ կողմում կա նաև լավը։ Եթե ես հիասթափվեի, կոտրվեի, այսօր չէ՛ի լինի այն՝ ինչ կամ», — անասելի լավատեսությամբ լցված 31-ամյա երիտասարդը Վրեժ Մանուկյանն է՝ «Հայաստանի Կույրերի միավորման երաժշտական կոլեկտիվների» տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, ով իր կյանքում ունեցած դժվարությունների ու հաջողությունների մասին պատմել է coalition.am-ին։
Վրեժը փոքր տարիքում կորցրել է տեսողությունը, ասում է սխալ դեղամիջոց ներարկելու հետևանք է։ Ունի մնացորդային տեսողություն։ Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ ժողովրդական վոկալ բաժինը։ Երգում է, երգեր գրում, ստեղծագործում։ 2013թ-ից նույն անսամբլում, որն այսօր ղեկավարում է, և հանդես է եկել որպես երգիչ։
Ասում է կյանքում դժվարություններ ու հիասթափություններ եղել են, բայց որևէ անգամ դրանք իր կյանքի որակին չեն ազդել։ Հիշում է, որ առաջին ու ամենամեծ հիասթափությունը դեռ դպրոցական տարիներին է ապրել, երբ տեղափոխվել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց և այնտեղ պարզել, որ կան երեխաներ, ովքեր ընդհանրապես տեսողություն չունեն։
«Ես մտածում էի, որ ամենավատ վիճակում ես եմ, որ մնացորդային տեսողություն ունեմ, մինչդեռ հասկացա, որ կան երեխաներ, որ ընդհանրապես լույսը տեսնելու հնարավորություն չունեն ու հասկացա, որ ամեն մարդ պետք է գնահատի այն, ինչ ունի», — ասում է Վրեժը։
Խոսելով դժվարությունների ու հիասթափությունների մասին, Վրեժը աշխատանք գտնելու դառը փորձերն է հիշում։ Մինչև 2019թ-ը փորձել է աշխատանք գտնել, փորձերը շատ են եղել, հաջողված դեպքերը՝ չնչին։ Միայն մեկ ընկերությունում է կարողացել աշխատել որպես փաթեթավորող, այն էլ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ ծրագրի միջոցով, իսկ մնացյալ փորձերը ձախողվել են տեսողության խնդրի պատճառով։
«Աշխատանքի հայտարարություն էի տեսնում, զանգում էի, ասում էին արի, ունենք տեղ, բայց երբ հասնում էի ու տեսնում էին, որ տեսողության խնդիր ունեմ, այդ տեղը միանգամից վերանում էր ու նման վերաբերմունք գործատուները ունեն բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ։ Բայց մի հաճելի փորձ էլ է եղել, եզակի։ Մի օր խանութներից մեկը մտա, ասացի, որ տեսողության խնդիր ունեմ և աշխատանք եմ փնտրում։ Մենեջերը անմիջապես պլանշետը ձեռքս տվեց ու ասաց հեսա՛ ապրանքները, սա է գործը, եթե կարող ես անել՝ խնդիր չկա։ Ես ինձ շատ լավ զգացի այդ վերաբերմունքից, բայց իհարկե հասկացա, որ այդ աշխատանքը չեմ կարողանա անել», — պատմում է Վրեժը։
Չնայած բազմաթիվ չհաջողված փորձերի, Վրեժն ասում է չի՛ ընկճվել, չի՛ կոտրվել։ Իրավիճակին ծանոթ լինելով միշտ պատրաստված է գնացել, իմանալով, որ չեն ընդունելու աշխատանքի, բայց և սեփական խղճի առաջ հանգիստ լինելու համար գնացել է։ Եթե չունենար այդ համառությունն ու չկարողանար ուղիղ խնդրի աչքերի մեջ նայել, այսօր չէր ունենա այն հաջողությունները, որ ունի, իսկ դրանք քիչ չեն։ Տարբեր մրցույթների մասնակցություն, մրցանակներ, արտագնա համերգներ, սիրած աշխատանք։ Վրեժը նաև հեղինակային երգեր ունի։ Արդեն ձայնագրել է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված երգը, առաջիկայում նաև 44-օրյա պատերազմի մասին է ձայնագրելու։ Պլանավորում է նաև տեսահոլովակներ նկարել։ Իր նպատակասլացությունը հիմք է տալիս հավատալու, որ առաջիկայում երկու երգերի տեսահոլովակներն էլ պատրաստ կլինեն։
Վրեժը նաև կույր ֆուտբոլի մարզիկներից է։ Սա էլ, ասում է, հերթական մի փորձություն էր, որ կարողացավ անցնել։
«Ֆուտբոլ փոքրուց եմ սիրել խաղալ։ Իհարկե, միշտ հումոր ենք անում, որ սկի աչքերս բաց չենք կարողանում խաղալ, հիմա պետք է աչքերս փակ խաղանք, բայց երբ առաջարկը եղավ, ասեցի՝ պետք է՛ փորձեմ։ Սկզբում մի քիչ վախ կար, իհարկե, մտածում էի չի ստացվի, բայց լավ էլ ստացվեց։ Նախորդ տարի նաև թիմով Շվեդիա գնացինք, միակ գոլի հեղինակը դարձա։ Իհարկե, նաև ցավոտ բախումներ եմ ունեցել, հենց նույն Շվեդիայում, բայց եթե դրան նայես ոչ մի սպորտի ու ոչ մի բանի չպետք է մասնակցես։ Սպորտում հենց դա է հետաքրքրությունը, որ մտնում ես դաշտ ու չգիտես դուրս կգա՞ս, թե՞ քեզ կհանեն», — պատմում է Վրեժը։
Հարցին՝ թե հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչը կփոխեր, ասում է, որ կստեղծեր այնպիսի իրավիճակ, որ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց տրվեր շանս իրենց պոտենցիալը ցույց տալու, բացահայտելու։ Ասում ե, որ այսօր պետության կողմից թեև քայլեր արվում են, բայց դա քիչ է ու դանդաղ, իսկ յուրաքանչյուր մարդ արժանի է, որ իրեն տրվի այդ հնարավորությունն ու աշխարհն ավելի լավը կդառնար բոլորի համար։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան