«Մի օր կյանքի ռիթմին ստիպված սովորում ես ու սկսում ես ապրել այդ կանոններով»,- 35-ամյա Նարինե Մովսիսյանը նկարչուհի է։ Բազմաթիվ գեղանկարներ, ձեռքի աշխատանքներ ու ցուցահանդեսներ։ Նարինեի նկարները գունեղ են, տրամադրություն ստեղծող և նայելիս դժվար է կռահել, որ վրձնի հեղինակը մեծ դժվարությունների միջով է անցել։
Նարինեն հենաշարժողական խնդիրների պատճառով 2-րդ կարգի հաշմանդամություն ունի։ Սովորել է Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի կերպարվեստ-գծագրություն բաժնում։
«Ես ժամանակին շատ մեկուսացած եմ եղել, տնից գրեթե դուրս չէի գալիս։ Պատճառն իհարկե հասարակության վերաբերմունքն էր։ Մի անգամ մի տարեց մարդ ինձ մոտեցավ ու ասաց «Աղջիկ ջան, քո համար ցավում եմ»։ Երբ շրջապատը նոր է լինում, մարդիկ էլ չգիտեն, թե քեզ ինչպես վերաբերվեն։ Ես ուսանելու տարիներին էլ շատ եմ ընկճվել իմ այս վիճակից։ Երբ, օրինակ, համակուրսեցիներս արագ քայլում էին և ես նրանց հետևից չէի հասնում, շատ էի նեղվում», — պատմում է Նարինեն։
Նարինեն նաև աշխատանք է փնտրել, մտածելով, որ այն կօգնի բարդույթները հաղթահարել, բայց գործատուների վերաբերմունքն ավելի է խորացրել այդ վիճակը, արդյունքում Նարինեն մեկուսացել է ու փակվել տանը։ Կտավն ու վրձինը դարձել են Նարինեի ամենամոտ ընկերներն ու հոգեվիճակն արտահայտելու լավագույն միջոցը։ Երևի գույների աշխարհն էր, որ Նարինեին ստիպեց կրկին առաջ նայելու փորձեր անել։
«Ես մի օր հասկացա, որ դա լուծում չէ։ Յունիսեֆի ծրագրով աշխատանքի անցա քոլեջում, ինչը ինձ շատ օգնեց դուրս գալ մեկուսացումից։ Զուգահեռաբար նկարում էի, շատ ցուցահանդեսներ ունեցա, մեծ ցուցահանդես ունեցա նաև Մոսկվայում։ Մարդկանց հիացակամ հայացքները, լավ խոսքերն ինձ ոգևորում էին։ Ես մի պարզ ճշմարտություն հասկացա, որ ինչ էլ լինի, մի օր ստիպված ես հարմարվել կյանքի ռիթմին», — ասում է Նարինեն։
Նարինեն հիմա հետ է նայում դժվարությամբ անցած ճանապարհին ու ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, որ կյանքում ամեն ինչին պետք է հասնել պայքարելով։ Նարինեն հիմա աշխատում է նաև Երևանի կոշիկի գործարաններից մեկում, բայց շարունակում է նկարել ու նկարների միջոցով իր ասելիքը հանրությանը փոխանցել։
«Ժամանակ կար, երբ ես իսկապես ապրում էի ինչ-որ մեկին ապացուցելու համար, որ կարող եմ, կարող եմ, կարող եմ։ Բայց ախր բոլորն էլ պետք է հասկանան, որ մենք ոչ մի բանով չենք տարբերվում։ Ես մի բանը կարող եմ լավ անել, դու էլ մի ուրիշ բան կարող ես լավ անել։ Էս ամենին հասնելու համար երկար տարիներ են պետք եղել, բայց կյանքի կարևոր դպրոց եմ անցել։ Հիմա կյանքի հետ ներդաշնակ եմ ապրում՝ անտեսելով վատն ու բացասականը», — եզրափակում է Նարինեն։
Նարինեն հիմա նաև փայտից ու տարբեր նյութերից ձեռքի աշխատանքներ է անում, նաև զարդեր պատրաստում։ Սիրում է կյանքն ու ապրում է իր ստեղծած գույների աշխարհում, այնպես՝ ինչպես ինքն է ուզում։
Աղջիկ է գիրկը ձկներով ակվարիում, որ լուռ են միշտ, հետևի պլանում քաղաքն էր պատուհաններով, դա քո երազանքներ են ու ձիու գլուխն է մի ոտքին, որ խորհրդանշում է քո նպատակները։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան