Այս տարվա փետրվարից ներդրվեց անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը, որի նպատակն էր բժշկասոցիալական փորձաքննությունից անցում կատարել անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի։ Այն պետք է հնարավորություն տա ոչ միայն գնահատել քաղաքացիների առողջական խնդիրները, այլև բազմակողմանիորեն վերլուծել նրանց գործունեության և հասարակական կյանքին մասնակցության սահմանափակումները:
coalition.am-ը, հասկանալու համար, թե ինչ կերպ է անցկացվում գնահատումը, զրուցել է Քրիստինե Բադալյանի հետ, ում 9-ամյա տղան աուտիզմ ունի և արդեն անցել է գնահատում՝ դպրոց ընդունվելու համար։
Մեզ հետ զրույցում Քրիստինե Բադալյանը նշեց, որ երեխայի էպիկրիզի հիման վրա կազմվել է հանձնաժողով և իրենց հրավիրել են ՏՄԱԿ։
«Մեր դեպքում հանձնաժողովում 4 մասնագետ կար՝ հոգեբան, լոգոպեդ, վարքային թերապիաստ, բայց այլ մարդկանց դեպքում այդ հանձնաժողովում կարող են նաև այլ մասնագետներ ներգրավվել։ Իրենք ասում են, թե քանի օր պետք է գնաս, օրը քանի ժամ կտևի։ Ծնողին հանձնաժողովը թեստավորում է, մոտ 200-300 հարց են տալիս երեխայի մասին՝ ի՞նչ է անում, ի՞նչ չի կարողանում անել, ինքնուրույն ուտու՞մ է, հագնվում է, գրու՞մ է, չի՞ գրում և այլն, հետո երեխային են հարցեր ու հրանհանգներ տալիս։ Իմ երեխային, օրինակ, ասեցին թղթի վրա խնձոր ցույց տուր, ութ նկարի, մատը դնի քթին և այլն, — պատմում է Քրիստինեն, ով 2 ամիս առաջ է Գերմանիայից Հայաստան վերադարձել որդու հետ։ Այնտեղ 13 տարի ապրելուց հետո որոշել է որդուն Հայաստան բերել և այստեղ կրթությունը շարունակել։ Գերմանիայի գյուղերից մեկում էին բնակվում, սակայն այնտեղ եղած պայմաններից դժգոհ է Քրիստինեն, ասում է դժվարությունները շատ էին, իսկ Հայաստանում ներդրված նոր համակարգից գոհ է։
Գնահատումն անցնելուց հետո նրան 20-ից ավելի դպրոցի ցանկ են տվել, որոնք լավագույնս համապատասխանում են իր երեխայի գիտելիքների մակարդակին ու կարիքներին։
Դպրոցներից 2-ը շատ հեռու էին, դա հաստատ չեմ ընտրի, մյուս դպրոցներից պետք է ընտրեմ մեր բնակության վայրին ամենամոտ տարբերակն ու հերթով այցելեմ, տեսնեմ որը կընտրենք վերջնական, — ասում է Քրիստինեն։
Համաձայն նոր համակարգի, առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիների նկատմամբ կիրականացվի ֆունկցիոնալության գնահատում՝ ներկայում գործող բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն:
Գործող բժշկասոցիալական մոդելով գնահատվում են մարդու առողջական վիճակը և կենսագործունեության աստիճանի սահմանափակումը: Առաջարկվող նոր համակարգով գնահատվելու են մարդու կարողությունները և կատարողականությունը:
Գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն սահմանվելու է թույլ, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակում:
ֆունկցիոնալության համապատասխան սահմանափակումների դեպքերում 18 տարեկանից բարձր տարիքի անձանց սահմանվում է հաշմանդամություն` 1-2 տարի ժամկետով կամ անժամկետ, իսկ երեխաների դեպքում` 1-5 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան