Սմբատյանների ընտանիքում հաճախ կարելի է 43-ամյա Անահիտին եղբոր երեխաների հետ խաղալիս տեսնել։ «Սիրով զբաղվում է երեխաների հետ, բայց երբեմն էլ նյարդերը տեղի են տալիս», -coalition.am-ի հետ զրույցում պատմում է Անահիտի մայրը՝ տիկին Լիդան։
Անահիտը ծնողների հետ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից է Երևան տեղափոխվել, հիմա եղբոր ընտանիքի մոտ են ապրում, 7 հոգով մեկ հարկի տակ, Երևանի ծայրամասերից մեկում վարձակալած բնակարանում։ Մանկական ուղեղային կաթված ունի։
«28 տարի Աղավնոյում ենք բնակվել, առաջին բնակիչներից ենք եղել Աղավնոյի։ Այնտեղ ամեն ինչ ունեինք, ազատությունից ու մաքուր օդից մինչև կենցաղային պայմաններ։ Այստեղ կարծես բանտում լինեմ, տնից դուս չեմ գալիս, երբեմն միայն մինչև մոտակա աղբարկղն եմ գնում, աղբը թափում ու հետ գալիս։ Աղավնոյում ես տանը չէի մնում, անելիք շատ կար, անասուններին էի կերակրում, հողամասում գործ անում, փայտ բերում, մոշ էի քաղում, տնային գործերով զբաղվում», — պատմում է Անահիտը։
Անահիտը ծնողների հետ օգոստոսի 13-ին է գյուղից դուրս եկել։ Մինչ այդ պատերազմի ամբողջ ընթացքում ահը սրտներում, պայթյունների ու կրակոցների սարսափը ականջներին ապրել են իրենց տան մեջ՝ հույսով, որ օր առաջ սարսափը կվերջանա, բայց ճիշտ հակառակը, ամեն օր մեկը մյուսին հաջորդող վատ լուրեր էին ստացվում, հերթականն էլ գյուղը լքելու մասին էր։
«Բառերով նկարագրել ապրումները, որ ունեցել ենք պարզապես հնարավոր չէ։ Մենք մեքենա չունեինք, իսկ այդ օրերին դեպի Երևան իրերը տեղափոխելու համար բեռնատարները 300 000-350 000 դրամ էին ուզում։ Մեր անասունները վաճառեցինք էժան գներով, որ գոնե կարողանայինք մի մեքենա վարձել ու որոշ իրեր տեղափոխել։ Միայն մեր հագուստը, անկողինն ու պահածոներն ենք կարողացել փրկել, մնացած ամեն ինչը թողել ենք ու դուրս եկել։ Ի դեպ, պահածոների մեջ նաև Անոյիս վերջին հավաքած մոշի կոմպոտներն էին», — պատմում է Անահիտի մայրը, Լիդա Սմբատյանը։
Անահիտի սիրած զբաղմունքներից մեկն էր գետի ափին մոշ հավաքելը, նույնիսկ վերջին օրերին էր գնում, չնայած ծնողների՝ չգնալու հորդորներին ու հնարավոր վտանգների մասին զգուշացումներին։ Հարևաններն էլ սպասում էին ու սիրով գնում Անահիտի հավաքած մոշը։
«Անահիտը շատ է հիշում մեր տունն ու հուզվում։ Երբ գյուղից մեկի հետ ենք խոսում կամ անունը տալիս եմ մեր հարևանների, հուզվում է, լացում։ Այստեղ Անոյիս հոգեկան վիճակը սրվել է, շատ է նյարդայնանում։ Երևի նաև նստակյաց կյանքն է իր վրա ազդել։ Գյուղում շատ ակտիվ էր, նույնիսկ պատերազմի օրերին մենք հաց էինք թխում ու դիրքեր ուղարկում, ինքն էլ ամբողջ օրը մեզ հետ էր, օգնում էր, ջուր բերում, սուրճ դնում, իսկ այստեղ անելիք չունի, դրանից էլ վիճակը վատացել է», — պատմում է մայրը, հիշելով, թե ինչ ծանր ապրումներ ուներ դուստրը գյուղից դուրս գալիս։
Հոգեկան ապրումներին նաև սոցիալական ծանր վիճակն է գումարվել։ Ընտանիքի ապրուստի միակ եկամուտը տիկին Լիդայի որդու աշխատավարձն է ու իրենց թոշակը։ Կորցրածը հետ բերել արդեն չեն կարող, հիմա միայն հույսն է ուժ տալիս ապրելու, հույս, որ կկարողանան նորից սկսել զրոյից ու հաշմանդամություն ունեցող դստեր համար ստեղծել ապահով ապագա։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան