33-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի ժամանակ առաջնագծում էր։ Ծառայեց Մատաղիսում ու բեկորային վիրավորումով հիվանդանոց տեղափոխվեց՝ կորցնելով երկու ոտքերը։ Մեր զրուցակիցը չցանկացավ անունը հրապարակել, մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն հաշմանդամության առաջին խումբ էր սահմանվել, Զինվորների հիմնադրամից ստանում էր ամսական թոշակ՝ 250 000 դրամի չափով, որով, դժվարությամբ, բայց կարողանում էր ընտանիքի ու երկու անչափահաս՝ 4 և 6 տարեկան երեխաների կարիքները հոգալ։ Բժշկասոցիալական փորձաքննության վերջին այցից հետո, սակայն, նրա հաշմանդամության խումբը փոփոխվել է՝ դառնալով 2-րդ կարգ։
«Ինձ միայն ասացին, որ քանի որ արդեն պրոթեզներ ես կրում, խումբդ փոխելու ենք։ 1-ին խումբ միայն խնամակալ ունեցողներն են լինում։ Ես իրենց ասացի, որ ոտքերիս ցավերը չեն անցել, ոտքերս ուռում են ու երկար ոտքի վրա մնալ չեմ կարողանում, հետևաբար նաև աշխատել չեմ կարողանում, բայց դա բան չփոխեց», — պատմում է մեր զրուցակիցը։
Մինչ ռազմաճակատ մեկնելը նա աշխատում էր Ջրվեժի արգելանոցում որպես հսկիչ։ Պատերազմից վերդառնալուց հետո 6 ամիս անց ասացին, որ անաշխատունակ եմ և այդ հաստիքի պահանջներին չեմ համապատասխանում և ազատեցին աշխատանքից։ Այլ աշխատանք գտնել մեր զրուցակիցը չի կարողացել, հնարավորություն էլ չունի աշխատելու ասում է։
«Ինձ առաջարկեցին նոր դասընթացների մասնակցեմ, բայց ես 17 տարեկան չեմ մինչև մի բան նորից սովորեմ, հետո էլ հարմար աշխատանք կգտնե՞մ, թե՞ ոչ, դա էլ ուրիշ հարց է։ Այսինքն ի՞նչ է ստացվում, առնվազն մի քանի ամիս դեռ իմ ընտանիքը պետք է մնա իմ աշխատանքին ու աշխատավարձին սպասող ու մեծ հարց է, թե երբ կկարողանամ աշխատանք գտնել, մի քանի ամի՞ս, թե՞ տարի հետո։ Ինձ ասացին, որ թոշակից շատ չի պակասի, մինչդեռ 100 000 դրամ պակաս եմ ստանալու, իսկ ընտանիքիս հոգսերը հոգալու համար դա քիչ գումար չէ», — նշում է տղամարդը։
Coalition.am-ը պարզաբանում խնդրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, որտեղից մեզ պատասխանեցին, որ նման դեպքերում, եթե քաղաքացին համաձայն չէ որոշման հետ, գործում է բողոքարկման համակարգ։ Նախ միասնական սոցիալական ծառայության պետի, հետո նախարարի անունով պետք է դիմում գրվի, որից հետո կրկին կուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը, անձը կրկին վերափորձաքննություն կանցնի և կրկին որոշում կկայացվի։
Նախարարությունից պարզաբանեցին, որ հաշմանդամության խումբը սահմանվում է որոշակի ժամանակահատվածի համար, որից հետո կրկին վերափորձաքննություն է արվում՝ գնահատելով անձի ո՛չ թե ֆիզիկական վիճակը, այլ ֆունկցիոնալությունը։ Այսինքն, եթե անձը սկզբում զրկվելով ոտքերից չի կարողացել ինքնուրույն, առանց օգնության տեղաշարժվել, աշխատել, ապա 2-3 տարի հետո, երբ արդեն պրոթեզներ է կրում և ինքնուրույն տեղաշարրժվում է, դիտարկվում է անձի ֆունկցիոնալությունը, որի հիման վրա էլ կայացվում է նոր որոշում։
Հիշեցնենք, որ 2023թ-ից գործում է ֆունկցիոնալության գնահատման նոր կարգը, որտեղ այլևս 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր չեն սահմանվելու, այլ գանահատվելու է անձի ֆունկցիոնալությունը՝ թեթև, միջին, ծանր և խորը աստիճաներով։ Առայժմ կարող են դիմել միայն նրանք, ովքեր առաջին անգամ են դիմելու, իսկ ովքեր արդեն համապատասխան խումբ ունեն, ցանկության դեպքում արդեն հաջորդ տարվանից կկարողանան դիմել ֆունկցիոնալության գնահատման համար։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան