Այս անգամ զրուցակիցս Նարինե Ղուկասյանն է, Երևանից, մասնագիտությունը՝ գեղանկարչություն:
«Հաշմանդամություն և ներառական զարգացում» հասարակական կազմակերպության նախագահն է, նաև երկու երեխաների մայր, աշխատանքն ու ընտանեկան գործերը միմյանց չեն խանգարում, սովորական հոգսեր, սովորական խնդիրներ, բոլորը՝ ենթակա լուծման, կարճ ասած, երջանիկ ընտանիք, իր մասին պատմելիս այս հավելումը պարտադիր է համարում Նարինեն: Ինքը մանկական ուղեղային կաթված ունի, ամուսինը՝ տեսողական խնդիրներ, 10 տարի միասին ապրելով՝ զույգը մշտապես ձգտել է զավակ ունենալ.
«9 տարի դժվարությունների միջով անցանք, չարչարվեցինք՝ չէր ստացվում, նույնիսկ արտամարմնային բեղմնավորման դիմեցինք, հիշում եմ՝ պոլիկլինիկայի բժիշկն էր ասում՝ ձեր ինչի՞ն է պետք երեխան: Ի հեճուկս այս ամենի՝ երբ թողեցինք հանգիստ իրավիճակը՝ ամեն ինչ ստացվեց, երեխան ծնվեց, ու երկու ամսից նշեցինք մեր ամսունության 10 ամյակը, հիմա տղա ու աղջիկ ունենք»:
Երբեմն, երբ կինը ունի հաշմանդամություն առանց վերջինիս կամքը հարցնելու, մարդիկ որոշում են՝ այս կինը ի վիճակի չէ երեխա ունենալ, կամ պահել երեխային: Այս ամենը հասարակության առողջ դատողության պակասի մասին է: Առաջին անգամ չէ, որ մեր զրուցակիցները փաստում են՝ հաշմանդամություն ունենալն ու մայրանալը միասին հերոսություն է դիտվում, կամ հակառակը՝ մեղադրանքների առիթ տալիս, այնինչ սա մի սովորական երևույթ է մարդու վերարտադրողական առողջության, վերարտադրողական իրավունքի, և ընդամենը՝ ընտանիքի՝ զավակ ունենալու ցանկության մասին:
«Զարմանքի առիթը ավելի շատ այն էր, որ իմ հաշմանդամության հետ մեկտեղ ամուսնացած եմ տեսողական խնդիր ունեցող անձի հետ ու ուզում եմ երեխա ունենալ, մենք, որպես ընտանիք, դրանով ենք գրավում, երկուսս էլ հաշմանդամություն ունենք, ու երկուսս էլ շատ էինք ուզում երեխաներ ունենալ, մարդիկ համառում էին՝ բա ո՞նց եք պահելու, բայց հիմա տեսնում են, որ ուշադիր եմ, ամուսնուցս ուշադիր անձնավորություն էլ չկա, միասին մեծացնում ենք երեխաներին, զուր էր մարդկանց իրենց կոտորելը, մենք միևնույնն է՝ արեցինք այնպես, ինչպես կամենում էինք»:
Գեղանկարչուհու և երաժիշտի կյանքը լիարժեք է, ավելի քան կպատկերացնեին նույնիսկ իրենք, նախկինում:
«Մենք ընդհանուր բաներ շատ ունենք, արվեստ, մշակույթ, պատկերացումներ, հաշմանդամություն» (ծիծաղում է):
Նարինեն իր ընտանիքի մասին հպարտությամբ ու սիրով է պատմում, հիշում է՝ երբ հարազատները լսում էին երեխա ունենալու մտադրության մասին, շտապ փորձում էին կանխել, համոզել, որ դա, մեղմ ասած, լավ որոշում չէ, բայց հիմա այդ նույն մարդիկ, զրուցակցիս խոսքով, տեսնում են, թե ինչպես է ընտանիքը մեծացնում զավակներին, կիսում կենցաղային դժվարություններն ու ապրում երջանիկ:
«Կարծրատիպերը շատ-շատ են, ուզում եմ և՛ հաշմանդամություն ունեցող և՛ չունեցող մարդկանց մեկ բան ասել՝ կինը ինքն է որոշում, ուզում է երեխա ունենալ, թե ոչ, եթե գտնում է, որ պիտի երեխա ունենա, ապա ցանկացած դժվարություն պատկերացնում է բոլորից լավ, եթե ցանկանում է զգալ մայրանալու բերկրանքը, ապա երբեք թերահավատորեն մի մոտեցեք այդ կնոջ ցանկությանը, հաշմանդամությումը խոչընդոտ չէ, և հաշմանդամությունը չկարողանալու մասին չէ: Դուք եք ձեր մարմնի և ցանկությունների տերը: Արդեն 15 տարի, ես ու ամուսինս ապրում ենք իրապես երջանիկ, լիարժեք, երբեք չենք մտածում չկարողանալու կամ չհաղթահարելու մասին: Միայն թե, պետք մի փոքր գիտակից լինել՝ չստեղծելով կարծրատիպեր»:
Այս պատմությունները լավագույն օրինակներն են այն մասին, որ ժամանակն է դառնալ այնպիսի հասարակություն, որի անդամները չեն ենթարկվի խտրական վերաբերմունքի միայն այն պատճառով, որ կին են, տղամարդ, կամ հաշմանդամություն ունեցող անձ: Սրանք սովորական պատմություններ են սովորական ընտանիքների մասին, որոնք բարձրաձայնելը մեկ նպատակ ունի՝ մայրանալ ցանկացող կնոջը սխալ է ասել ՝ ձեր ինչի՞ն է պետք երեխան, որովհետեւ նա մեծ գիտակցմամբ, սիրով ու պատասխանատվությամբ կարող է մեծացնել այդ երեխաներին, հասարակությունից ունենալով միայն մեկ պահանջ՝ հարգել իր բոլոր իրավունքները, չկասկածել ու չխոչընդոտել՝ լիարժեք ինտեգրման հարցերում:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան