Անօթևանների կացարաններում բնակվող հաշմանդամություն ունեցող անձինք ունեն դժվարություններ։ Չկան հարմարություններ և նրանք ստիպված են ինքնուրույն հոգալ սեփական կարիքները։ Այս մասին coalition.am-ին տեղեկացրել էր ընթերցողներից մեկը, ով վերջերս եղել էր «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում։
«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել և անօթևանների համար ժամանակավոր կացարան է ապահովում։
Նման հաստատություններ առանց թույլտվության մուտք գործելու հնարավորություն մենք չունենք, հետևաբար հեռախոսով կապ հաստատեցինք կացարանի տնօրեն Շավարշ Խաչատրյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ այս պահին կացարանում խնամք է ստանում շուրջ 100 անձ, նրանցից մոտ 20-ը տարբեր հաշմանդամություն ունեցող անձինք են։
«Հիմնադրամը հաշմանդամություն ունեցող անձանց համար չէ նախատեսված, բայց մենք ունենք նաև հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր այստեղ ստանում են իրենց անհրաժեշտ խնամքն ու աջակցությունը։ Կացարանը տրամադրում ենք, այստեղ լողանում են, սնվում են, իրենց շորերն ու սպիտակեղենը լվացվում է, շորերը մենք են ապահովում։ Դրանից ավելի էլ ի՞նչ աջակցություն պետք է տրամադրենք»- մեզ հետ զրույցում նշեց Խաչատրյանը։
Կացարանում երկու կույր քաղաքացի է բնակվել, մեկը համացանցից հայտնի դարձած Նորայր պապիկն էր, որ արդեն տուն-ինտերնատ է տեղափոխվել, մյուսը դեռ կացարանում է։
«Ունենք նաև անկողնային հիվանդներ, որոնց կերակրում են, անհրաժեշտության դեպքում ուղեկցում են համապատասխան բուժհաստատություն, լողացնում են, տանում են տուալետ, էլ ի՞նչ ձևա լինում օգնությունը», — ասում է տնօրենը։
Կացարանը 4-րդ հարկում է գտնվում և ունեն նաև սայլակով տեղաշարժվող քաղաքացի, ում կարիքները, ըստ տնօրենի, ևս հոգում են աշխատակիցները։ Նա վաղուց հաշվառված է Վարդենիսի տուն-ինտերնատում, բայց տեղ չլինելու պատճառով դեռ չեն կանչել։ Հարցին, թե անհրաժեշտության դեպքում սայլակով տեղաշարժվողղ անձը կամ առհասարակ, տեղաշարժման դժվարություն ունեցող անձը ինչպե՞ս է 4-րդ հարկից իջնում, տնօրենը նշեց, որ անհրաժեշտության դեպքում իրենց աշխատակիցներն են օգնում, բայց վերելակի առկայությունը իրենց հաստատության ամենամեծ խնդիրն է այսօր, որ պետք է լուծվի։
«Տարիների ընթացքում եղել են տարբեր դեպքեր, երբ հաշմանդամություն ունեցող անձի կարիքներից ելնելով կացարանում որոշակի հարմարեցումներ են արվել, օրինակ սանհանգույցները հարմարեցված են, հատուկ հարմարեցրել ենք նաև լոգասենյակը, որ հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան նստած կամ սայլակով լողանալ։ Եղել են դեպքեր, որ դռները նեղ են եղել, սայլակը չի անցել, մենք Եվրոպայից նոր սայլակ ենք պատվիրել, որ այդ խնդիրը չլինի մեզ մոտ։ Այլ խնդիր այս պահին չունենք, եթե լինում է հընթացս լուծում ենք։ Մենք նույնիսկ դրսից աջակցող միջոցներ ու սայլակներ ենք ստանում և օգնում ենք ուրիշներին, սայլակ, ձեռնափայտ և այլ պարագաներ տրամադրելով», — նշում է Խաչատրյանը։
Փակ հաստատություններում մշտապես խնդիր է եղել իրական վիճակը գնահատելու առումով։ Ակնհայտ է, սակայն, որ նման հաստատությունները նախատեսված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար և նրանք այնտեղ ստանում են այնքան օգնություն, որքան որ հնարավոր է լինում ապահովել աշխատակիցների միջոցով։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղղված մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ այս պահին միայն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամն է ծառայություններ մատուցում անօթևաններին, քանի որ 2023 թվականին հայտարարված մրցույթին Հիմնադրամից բացի այլ կազմակերպություն չի դիմել։ Այնտեղ այս պահին ծառայություններ է ստանում 100 շահառու, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող 14 անձ (այդ թվում՝ երեք կին), սակայն անօթևանների թիվը, համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ուսումնասիրությունների, ակնհայտ ավելի մեծ է։
Հիմնադրամի շենքային պայմանները հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնակի են հարմարեցված։ Հաշմանդամություն ունեցող անձանցից երբևէ դժգոհություն, բողոք չեն ստացել անօթևանների կացարանի անհարմարության, դժվարությունների, խնդիրների մասին։
Հիմնադրամն ուսումնասիրել է օթևանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, փաստել, որ հենաշարժական և տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար շենքը հարմարեցված չէ, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով աշխատանքներ չեն իրականացվել։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարը հիմնադրամի ֆեյսբուքյան էջի
Սաթենիկ Հայրապետյան