Հովսեփյանների տուն մտնելիս աչքդ միանգամից տան տարբեր անկյուններում կախված նկարներն են գրավում։ «Մանուշակագույն գիշեր», այսպես է վերնագրված նկարներից մեկը, որ Էդվինի ու հարազատների ամենասիրելիներից է։
«Մի օր տանը հյուրեր ունեինք, Էդվինն էլ նստած խաղում էր, մեկ էլ տեսնեմ չկա։ Վազեցի պատշգամբ ու տեսնեմ Էդվինս նստած նայում է երկնքին ու նկարում։ Հարցրեցի ի՞նչ ես նկարում տղաս, ասաց՝ մանուշակագույն գիշեր։ Ու շատ գեղեցիկ նկար ստացվեց, նկարն այդպես էլ անվանեցինք», — պատմում է Էդվինի մայրը՝ Արմենուհի Հովսեփյանն ու ցույց տալիս իր ծննդյան նվերը՝ ջրաշուշանները, կրկին որդու ձեռքով նկարված։ Ինքն էլ, որդին էլ ջրաշուշաններ շատ են սիրում, ասում է։
19-ամյա Էդվինն աուտիզմ ունի։ Տղան 2,5 տարեկան էր, երբ բժշկուհի հարևանուհին մոր գանգատներին, որ տղան սկսել է չարձագանքել իր հրահանգներին, ասել է, որ աուտիզմի նշաններ են։ Առաջին անգամ աուտիզմ բառը լսած մայրը մոտակա համակարգչային սրահն է վազել, բացել ինտերնետն ու կարդացել աուտիզմի մասին։ Ծանր ապրումներ, մեկ ամիս չդադարող լաց, ինչպես շատերի մոտ է լինում։ Հետո նույն հարևանուհին է մորն ուժ տվել։
«Ինձ ասաց՝ «Քո տղան մի ծառի է նման, որ եթե հիմա ջրես կկանաչի, եթե չջրես՝ հետո արդեն ուշ կլինի, էնպես որ ուժերդ հավաքի»։ Գիտե՞ք, շատ ծանր օրեր ու ապրումներ եմ ունեցել։ Մի մասնագետ կար, ասացի կպարապե՞ք տղայիս հետ, ասաց․ «Մաման մեծ երազանքներ ունի, ու՞ր է թե երկու բառ խոսել սովորի, որ մի հատ էլ գրի։ Իսկ այսօր իմ տղան 3 լեզուներով գրագետ խոսում ու գրում է, արդեն մոտ 7-8 ցուցահանդես է ունեցել», — ասում է մայրը՝ Արմենուհին։
Որդու հաշմանդամության մասին իմանալուց հետո մայրը թողել է աշխատանքն ու սկսել է ողջ օրը որդու խնամքով զբաղվել։ Երկար ու դժվար աշխատանքն իր պտուղները տվել է, ասում է մայրը։ Առաջին անգամ Էդվինը 2,5 տարեկանում է սեր ցուցաբերել նկարչության հանդեպ։ Հետո արդեն 6 տարեկանում դպրոցական տետրերի հետևում էր հեքիաթից հատվածներ ու կենդանիներ նկարում։ Էդվինը հիմա Terlemezyan Gallery քոլեջի «Գեղանկարչություն» բաժնի 5-րդ կուրսում է սովորում ու 12 տարեկանում նրա առաջին անհատական ցուցահանդեսը բացվեց։
«Ուզում էի, որ մարդիկ խոսեն աուտիզմ ունեցող երեխաների մասին։ Ես հիշում եմ, որ մեր դպրոցում կար աուտիզմ ունեցող երեխա, ում մայրը նրան մանկատուն էր հանձնել, որովհետև մտածում էր, որ այդ երեխաները ոչնչի չեն կարող հասնել կյանքում և երբեք չեմ մոռանա, որ տղայիս ցուցահանդեսից հետո այդ կինը երեխային հետ էր վերցրել մանկատնից»,- պատմում է Արմենուհին։
Էդվինի վերջին ցուցահանդեսը ապրիլի 5-10-ն անցկացվեց հենց Terlemezyan Gallery-ում։ Գունեղ, մեկը մյուսից գեղեցիկ ու աչքի ընկնող նկարները կարծես խոսքի էին բռնվում այցելուների հետ։ Բոլորը երկար կանգնում ու նայում էին նկարներին։
Երբ Էդվինին հարցրեցի, թե ո՞ր գույնն է ամենից շատ սիրում, սպասում էի, որ կասի բոլոր գույները, բայց Էդվինը դեղինը նշեց։ Պարզվեց դեղինը նաև մայրիկի սիրելի գույնն է, — գենետիկորեն է անցել, — կատակում է մայրը։
Էդվինը կարող է ժամերով նստել ու նկարել, հանգստանում է նկարելով։ Նկարելուց երբեմն նաև քթի տակ երգում է։ Հիմա Էդվինը սկսել է նաև սպասքի վրա նկարել։
Էդվինի նկարազարդած սպասքը
Էդվիի աշխատանքները իր ֆեյսբուքյան էջում են նաև տեղադրված։ Առաջիկայում նոր մեծ ցուցահանդես է սպասվում, իսկ Էդվինի արվեստով հիացած մարդիկ կասկած չունեն, Էդվինը մեծ տաղանդ ունի ու նրա մասին դեռ շատերն են խոսելու։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան