Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձին անգործունակ ճանաչելու հարց առաջ է գալիս հիմնականում տան օտարման գործարք սկսելիս:
Պատմենք մեկ պատմություն, որին Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան է բախվել.
Արարատի մարզի «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի բնակիչ՝ Սիրանուշ Մխեյանը, 6 տարեկանից ընտանիքի հետ որեւէ կապ և առնչություն չունի, սակայն բոլորովին վերջերս կնոջ/նրա ծնողները դիմում են դատարան վերջինիս անգործունակ ճանաչելու պահանջով:
Պարզվում է՝ Սիրանուշ Մխեյանը իր ծնողների հետ հանդիսանում է տան համասեփականատեր։ Սակայն նոտարը, ով պետք է վավերացնի գործարքը հրաժարվել է վավեր համարել Սիրանուշ Մխեյանի ստորագրությունը, քանի որ նա ունի մտավոր զարգացման խնդիր։ Նոտարն առաջարկում է ճանաչել նրան անգործունակ, որպեսզի արդեն խնամակալի ստորագրությամբ վավերացվի համապատասխան փաստաթութը:
«Շարժառիթն համատեղ սեփականությունն է եղել, ընտանիքը չէր կարողանում որևէ նոտարական գրասենյակում, Կադաստրի կոմիտեում գործարք կնքել, առերևույթ մասնագետները գործունակության հետ կապված որոշակի խնդիրներ էին տեսնում։».- պատմում է փաստաբան Մարգարիտա Ղազարյանը:
Մի փոքր ավելի մանրամասն.
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի գործադիր տնօրեն Մուշեղ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում պատմեց՝ երբ իմանում են դեպքի մասին, հասկանում, որ ծնողների շարժառիթն է՝ իրենց բնակչին անգործունակ ճանաչելը, ինչին իրենք սկզբունքորեն դեմ են, դիմում են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիային:
«Ես դիմեցի և ասացի, որ օգնություն է պետք, նման խնդիր ունենք, չենք կարող թողնել, որ անձն անգործունակ ճանաչվի, բարեբախտաբար, օգնությունը շատ մեծ էր այս առումով, և սկսվեց պայքար անգործունակ ճանաչելու որոշման դեմ, այսպես ասած: Որևէ շահառու մեզ մոտ անգործունակ ճանաչված չէ և չի ճանաչվելու, որովհետև մենք դրան դեմ ենք: Յուրաքանչյուր անձ, անկախ մտավոր կարողություններից, պետք է լիարժեք իրավունքներ ունենա: Դրա համար մենք սկսեցինք պայքարել այս ամենի դեմ»:
Անգործունակ ճանաչվող անձի փաստաբան Մարգարիտա Ղազարյանն ասում է՝ կարևոր էր գտնել այնպիսի լուծում, որի արդյունքում հավասարակշռություն կապահովվի բոլոր կողմերի իրավունքների և օրինական շահերի միջև:
Փաստաբանի խոսքով, չնայած անգործունակության ինստիտուտի խնդիրներին, այդուհանդերձ առկա է որոշակի գործիքակազմ, որի կիրառմամբ հնարավոր է ստեղծել այնպիսի վիճակ, որ անձին անգործունակ ճանաչելու շարժառիթը վերացվի:
Որպես այդպիսի օրինակ նշում է անձի դատական պաշտպանության իրավունքը, որը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, և՛ ՀՀ Սահմանադրական դատարանի արձանագրմամբ, սահմանափակման ենթակա չէ:
Այսինքն, եթե անձն իրեն անգործունակ ճանաչելու վարույթի շրջանակներում կարող է դատավարական գործողություններ իրականացնել, դատական ակտեր բողոքարկել, ապա նույն հաջողությամբ կարող է նաև այլ գործով հայց հարուցել և իր իրավունքները պաշտպանել այդ գործի շրջանակներում:
Նկարագրված մեխանիզմի կիրառմամբ Սիրանուշն իրեն համատեղ սեփականությամբ պատկանող գույքում բաժնեմասն առանձնացնելու պահանջի վերաբերյալ հայցադիմում էր ներկայացրել դատարան: Վեճն ավարտվել էր Սիրանուշի և մյուս համասեփականատերերի՝ ծնողների միջև կնքված հաշտության համաձայնությամբ:
«Արդյունքում, մեր վստահորդին վճարվեց տան իր բաժնեմասի արժեքը, իսկ համատեղ սեփականություն հանդիսացող հողամասերից մեկից ծնողները հրաժարվեցին հօգուտ մեր վստահորդի, մյուս հողամասում ունեցած բաժնեմասից մեր վստահորդը հրաժարվեց հօգուտ մյուս համասեփականատերերի:
Երբեմն, երբ պահանջը վերաբերում է անձին անգործունակ ճանաչելուն, ապա փաստաբանները մտածում են, որ էական անելիք չկա, որովհետև դատարանը կնշանակի փորձաքննություն ու արդյունքում, եթե կան որոշակի հիմքեր՝ անձը կճանաչվի անգործունակ, բայց իմ նշած գործիքակազմի շնորհիվ, հնարավոր է հասնել իրական նպատակին, շրջանցել անգործունակությունը և անձին չզրկել իրավասյուբեկտությունից:
Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ կարծես թե բոլորի օրինական շահերը պաշտպանված են». նշում է Մարգարիտա Ղազարյանը:
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի իրավական աշխատանքների համակարգող Անահիտ Չիլինգարյանը, նշում է՝ սրանք, իհարկե, բացառիկ դեպքեր չեն մեր երկրում, նման պատմությունները բազմաթիվ են, երբ մեկ գործարքի համար անձին ճանաչում են անգործունակ, զրկելով նրան բազմաթիվ այլ հարթակներում գործելու հնարավարությունից: Խնդիրը մասնավոր չէ, այլ՝ համակարգային, այստեղ իրավաբանի պնդմամբ, առաջ է գալիս աջակցության համակարգի անհրաժեշտությունը, ինչը մեր երկրում չկա, ինչի հետևանքով անձինք զրկվում են գործունակությունից։:
«Եթե մենք ունենայինք որոշումների կայացման աջակցության համակարգ, և դրա հանդեպ պատշաճ, ներառյալ պետական վերահսկողոթյուն մեխանիզմ, կլինեին որոշումներին օժանդակող մարդիկ, այդ գործընթացները վերահսկող համակարգեր։Աջակցության ու դրա հանդեպ պատշաճ պետական վերահսկողության համակարգ. սրանք այս խնդիրների լուծման համար առաջնահերթ համարվող մեխանիզմներ են, տարբեր երկրներում գործի դրված մոդելներ կան, Հայաստանը այս մոտեցումների կարիքն ունի: Անգործունակության համակարգը տառացիորեն անձին զրկելու է բոլոր տեսակի՝ նույնիսկ ամենակենցաղային գործարքներ իրականացնելուց: Անգործունակ ճանաչված անձը նաև ունենում է հուզական և հոգեբանական դժվարություններ, իրեն զգալով իրավունքի ներքո ոչ լիարժեք ճանաչված և պաշտպանված։ Սկզբունքային ու բովանդակային առումով անգորրծունակ ճանաչման համակարգը ճիշտ չէ: Թեև ենթդա Անձի վիճակը սրանով միանշանակ չէր լավանալու եւ հակառակը՝ վատանալու էր»:
Իրավաբան Անահիտ Չիլինգարյանի խոսքով, անգործունակության համակարգը պետք է լիովին վերացվի, փոխարինվի աջակցությամբ որոշումներ կայացնելու համակարգով:
Հոգեկան առողջության և մտավոր հաշմանդամություն ունեցող անձին աջակցելու փոխարեն մենք զրկում ենք նրան իր իրավունքները իրացնելու հնարավորություն։ Համակարգի փոխարինում, սա մասնագետների պնդմամբ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության տեսակետից առաջնային ու կարևոր խնդիրների լուծում կլինի:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Տիգրանուհի Կուրղինյան