«Մի անգամ ուշ տուն եկա, մայրս հարցրեց ու՞ր էի, ասացի ծեր կնոջ եմ օգնել ու շատ կոպիտ արտահայտություն արեց՝ «Մեկը լինի քեզ օգնի» ասաց և դա միակ դեպքը չէր, որ իմ կյանքի ու հոգեբանության վրա անջնջելի հետք են թողել», — պատմում է 37-ամյա Տ․ Մ․-ն։
Տ․ Մ․-ն ապրում էր մոր, քրոջ և եղբոր հետ։ Մանկական ուղեղային կաթված ունի և դժվարությամբ է տեղաշարժվում: Մոր վերաբերմունքը, ըստ նրա, հենց դրանով պայմանավորված միշտ տարբերվող է եղել իր նկատմամբ․ նախատինքներ, արհամարական ու ստորացուցիչ վերաբերմունք։
«Դեն էր նետում իմ իրերը` առանց ինձ հարցնելու: Մի օր իմացավ, որ տղայի հետ եմ հանդիպել` չհավատաց, մտածելով, թե ես չեմ կարող որևէ տղայի ուշադրությանն արժանանալ: Այս և նման դեպքերն ու վերաբերմունքը չէր կարող իմ կյանքի վրա հետք չթողնել, ես ունեի ցածր ինքնագնահատական, ինքնավստահության բացակայություն ու հոգեկան ծանր ապրումներ, երբեմն նաև մեղադրանքներ իմ հասցեին՝ թե ինչու՞ եմ ես այդպես ծնվել», — պատմում է մեր զրուցակիցը։
Կրկին իր կարծիքը հաշվի չառնելով, տարիներ առաջ մայրը վաճառել է բնակարանն ու արտերկիր տեղափոխվել: Տ․ Մ․-ն ստիպված է եղել մի քանի տարի միայնակ վարձով ապրել՝ չունենալով բավարար եկամուտներ: Իր բնութագրմամբ՝ դժոխային այդ տարիներին 3 տարում տասնյակից ավելի բնակարան է փոխել ու այդ ընթացքում հոգեբանական, երբեմն նաև ֆիզիկական բռնության զոհ դարձել։ Բայց այդ ամենի համար կարճ պատասխան ունի. «Եթե սեփական մայրը չի հանդուրժում, ի՞նչ սպասել օտարներից»։
Տ․ Մ-ն, սակայն, իր մեջ կարողացել է ուժ գտնել, հաղթահարել ամեն դժվարություն, այսօր ունի աշխատանք ու ապրում է բարեկեցիկ կյանքով։
Հաշմանդամություն ունեցող կանայք շատ ավելի խոցելի են և չեն կարողանում դիմել բռնությունից պաշտպանվելու համար, քանի որ հաճախ կախման մեջ են գտնվում իրենց ընտանիքի անդամներից: Այս համոզմունքին «Ագաթ» ՀԿ-ն եկել է ուսումնասիրության արդյունքում: 2022-ին «Ագաթ» ՀԿ-ն նախաձեռնել է հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության ծրագիրը, խտրականությունն ու բռնությունը բացառելու նպատակով:
«Հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկները հաճախ ենթարկվում են բռնության ու խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական, տնտեսական բռնության մասին է, ինչ վերաբերում է մտավոր խնդիր ունեցող կանանց, ապա նրանք ավելի հաճախ ենթարկվում են սեռական բռնության», — օրերս կայացած «Հաշմանդամություն ունեցող կանայք ընդդեմ բռնության» համաժողովի ժամանակ ասաց «Ագաթ» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Գրիգորյանը:
Հայաստանում, նախորդ տարվա տվյալներով, մոտ 92 000 հաշմանդամություն ունեցող կին կա հաշվառված, սակայն չկա վիճակագրություն, թե քանի՞ հաշմանդամություն ունեցող կին է բռնության ենթարկվել, ոստիկանությունը նման վիճակագրություն չի վարում, բայց արձանագրում է` առավել հաճախ հանդիպում են հոգեբանական բռնության տեսակները` թիրախավորելով անձի ֆիզիկական խնդիրները:
Իրավիճակը բարելավելու նպատակով, օրենսդիրը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և կից փաթեթների բարելավմանն ուղղված փոփոխություններ է նախատեսում, հեղինակը ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթայանն է:
«Հետամտուը ևս սահմանում ենք որպես հանցակազմ քրեական օրենսգրքում: Կարևոր ենք համարում նաև բռնությանը ականատես երեխային ևս դիտարկել որպես բռնության ենթարկված անձի կարգավիճակ ունեցող, որպեսզի երեխան նույնպես կարողանա օգտվել բոլոր ծառայություններից», — ասաց պատգամավորը:
Հաշմանդամություն ունեցող կանանց բռնության դեմ պայքարի գործում իր դերակատարումն ունի նաև ՄԻՊ գրասենյակը: Աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը խոսելով խնդիրների մասին, առանձնացրեց հատկապես առողջապահության ու հանրակրթության ոլորտում առկա կարծրատիպերը:
«Բժշկական ծառայությունները անձին տրամադրվում են միջնորդավորված, ուղեկցող անձի միջոցով, ինչը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության ոտնահարում է: Մենք առաջարկ ենք ներկայացրել բուժհաստատություններում վարքագծի ու վարքականոնների մշակման համար: Մյուս խնդիրը ահազանգերն են, որ ստացվում են հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հաշմանդամության հիմքով սեռական ոտնձգությունների ու բուլինգի դեպքերի վերաբերյալ: Այս մասով ակտիվ համագործակցում ենք ոստիկանության հետ», — նշեց Մոնիկա Սարգսյանը:
Մանրամասները` տեսագրությունում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 3 ծրագիր է նախատեսել իրականացնել հաշմանդամություն ունեցող կանանց համար, ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցության կենտրոնների հիմնում մարզերում և Երևանում, կացարան, երբ կյանքին վտանգ է սպառնում և միանվագ դրամական աջակցություն 50-150 000 դրամի չափով`կախված անձի կարիքներից:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Սաթենիկ Հայրապետյան