Օրերս ԱՄՆ-ում գտնվող մեդիափորձագետ Արթուր Պապյանը կիսվել էր ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում իր տեսածով, որ հաճելիորեն զարմացրել էր նրան։
Apple store-ում նրան սպասարկել էր լսողության խնդիր ունեցող աշխատակիցը, ով հաճախորդների հետ հաղորդակցվում էր էկրանից այն կողմ նստած սուրդոթարգմանչի միջոցով։
«Ես Սամվել Մարտիրոսյանի հետ էի, մենք մտանք սրահ և երբ հարց տվեցինք աշխատակցին, նա պլանշետը դրեց սեղանին, միացրեց․ սկզբում չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Հետո միացավ էկրանն ու էկրանից այն կողմ նստած թարգմանիչը ներկայացավ, ասաց, որ վաճառողը լսողության խնդիր ունի և ինքը մեզ կօգնի հաղորդակցվել։ Վաճառողը տեխնիկապես շատ գրագետ աշխատակից էր, մեզ լիարժեք սպասարկեց ու սպասարկումից շատ գոհ մնացինք»,- պատմում է Արթուր Պապյանը։
Լուսանկարը՝ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան էջից
Մեդիափորձագետին ամենից շատ հիացրել էր այն փաստը, որ ընկերությունը լսողության խնդիր ունեցող անձին աշխատանքով ապահովելու համար լավ լուծում էր գտել։ Ընդ որում, մեկ աշխատակցի համար առնվազն երկու սուրդոթարգմանիչ էր ներգրավվել, հերթափոխով աշխատող։ Զրույցի ժամանակ թարգմանիչը ներողություն է խնդրել, նշելով, որ իր աշխատաժամանակը սպառվեց և նրան փոխարինել է մեկ այլ թարգմանիչ։
«Ամերիկացիները ի՞նչ են արել․ 3 աշխատատեղ, գրագետ մարդու համար հնարավորություն էր ստեղծվել աշխատելու։ Ես ուղղակի հիացած եմ իրենց գրագետ մոտեցումը տեսնելով։ Այսինքն բիզնեսն էլ պետք է հասկանա, որ ճիշտ բիզնեսը միայն գին սահմանելը չէ, կան ավելի լայն հարցեր», — նշում է Պապյանը։
Մեր այն հարցին, թե ԱՄՆ այցի ընթացքում ուրիշ ի՞նչ լուծումներ է նկատել հաշմանդամություն ունեցող անձանց համար, նա շենքերի մուտքերում տեղադրված դոմոֆոնները նշեց, որոնց վրա նաև բրայլյան համակարգով էր նշումներ արված։
Coalition.am-ը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց, պարզելու համար, թե աշխարհում ի՞նչ միջոցներ են կիրառվում, հաշանդամություն ունեցող անձանց կյանքը թեթևացնելու համար։
2022թ-ին The Valuable 500-ը հրապարակել է հաշմանդամություն ունեցող ճանապարհորդների համար աշխարհի 10 ամենամատչելի քաղաքների ցանկը։ Հարցումը ներառում է Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Ավստրալիայի մեգապոլիսները, գրում է CNBC-ն։
Ըստ հետազոտության, Ասիայում Սինգապուրը ամենահարմարն է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Քաղաք-պետության հետիոտնային արահետների, տաքսիների և ավտոբուսի կանգառների ավելի քան 95%-ը հասանելի են սայլակից օգտվողներին և տեղաշարժվելու դժվարություններ ունեցող մարդկանց։ Նույնը վերաբերում է բոլոր վերելակներին, շարժասանդուղքներին և զուգարաններին:
Ասիայում երկրորդ տեղում Շանհայն է, որն ունի աշխարհի ամենամեծ մետրոյի ցանցը, որը լիովին հասանելի է անվասայլակով տեղաշարժվող անձաց համար:
Երրորդ տեղը զբաղեցրել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն՝ մատչելի հասարակական տրանսպորտի և մայթերին շոշափելի մակերեսների շնորհիվ։ Ճապոնական բոլոր մայթերը պատված են շոշափելի սալիկներով, որոնք ուղեցույց են կույր մարդկանց համար: Երթևեկելի մասից առաջ ալիքների ուղղությունը փոխվում է, ինչը ցույց է տալիս հետիոտնային անցմանը մոտենալը։
Ճապոնական տաքսիի նոր մոդելը, որն ակտիվորեն ներդրվեց 2020թ-ի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախաշեմին, ենթադրում է անվասայլակով ուղեւոր տեղափոխելու անխոչընդոտ հնարավորություն։ Իսկ փողոցներում չեք գտնի բարձր եզրաքարեր, որոնք խանգարում են սայլակից օգտվողների տեղաշարժին։ Ճապոնիայի մետրոյի կայարանների մեծ մասը հագեցած է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վերելակներով, որոնք միշտ աշխատում են անթերի, և անհրաժեշտության դեպքում օգնության են գալիս մետրոյի աշխատակիցները։ Հետաքրքիր է, որ Ճապոնիայում հասարակական զուգարանները և նույնիսկ հեռախոսային խցիկները նախատեսված են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից գործածման համար: Առևտրի կենտրոնները, թանգարանները, երկաթուղային կայարանները և խոշոր հասարակական հաստատությունները հագեցած են թեքահարթակներով և լայն դռներով:
Հյուսիսային Ամերիկայում Լաս Վեգասն է ճանաչվել հաշմանդամություն ունեցող ճանապարհորդների համար լավագույն քաղաքը։ ԱՄՆ-ում կազինոյի և զվարճանքի կենտրոնը գովեստի է արժանացել հյուրանոցային համարների «հսկայական քանակի» համար: Դրանք հագեցած են վերելակներով, տեսողական և ձայնային ազդանշաններով։ Հյուրանոցների անձնակազմը վերապատրաստում է անցել։
Երկրորդ տեղում Նյու Յորքն է, որտեղ մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց երթուղիների և նրանց հասանելի վայրերի մասին իրազեկման համակարգ։
Երրորդ տեղում Ֆլորիդայի Օռլանդո քաղաքն է, որտեղ կան բազմաթիվ թեմատիկ և զվարճանքի այգիներ։ Դրանք բոլորը հասանելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Եվրոպայում Հոլանդիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքները ճանաչվել են հաշմանդամություն ունեցող ճանապարհորդների համար ամենամատչելի քաղաքները։ Ամստերդամը, Փարիզը և Լոնդոնը աչքի են ընկել թանգարանների և այլ տեսարժան վայրերի, ինչպես նաև խանութների և այլ կարևոր ենթակառուցվածքների հասանելիությամբ։
Valuable 500-ն ընդգծել է, որ Ամստերդամն ունի ավելի քան 400 կիլոմետր հեծանվային արահետներ, որոնք կարող են օգտագործել նաև անվասայլակից օգտվողները՝ արագ և անվտանգ տեղաշարժվելու համար։
Ավստրալիայում հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների համար լավագույն քաղաք է ճանաչվել Սիդնեյը, որը, ինչպես և Նյու Յորքը, ունի այցելությունների մատչելի վայրերի մասին տեղեկատվության լավ մշակված համակարգ:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Լուսանկարը՝ Valuable 500-ի
Սաթենիկ Հայրապետյան