Լուսանկար՝ երգչախումբը ելույթի ընթացքում
«Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնի շահառուներից շատերի ծնողները երեխաներին կենտրոն բերելով՝ մասնակիցն են դառնում նաև ծնողական ինքնաջակցման խմբերի: Սրանք փորձի փոխանակման, միմյանց օգնելու, զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման ու կրթման աշխատանքների հարցում հմտությունների կատարելագործմանը միտված խմբեր են:
Մեկ տարի առաջ կենտրոնի երաժշտաթերապևտն ու հոգեբանը որոշեցին մի նոր բան անել՝ ստեղծել ծնողների երգչախումբ:
«Երգել չգիտեմ», «բարդույթավորվում եմ», «չի ստացվի», «ձայն չունեմ». այս արտահայտությունները կենտրոնի մասնագետները ծնողներից շատ էին լսում և եթե ժամանակին այս խոչընդոտների հաղթահրաման հետքերով չգնային, ապա չէր լինի ու չէր կայանա այն երգչախումը, որ այսօր նաև երգում է հանդիսատեսի առջև:
Երաժշտությունը օգնում ինքնարտահայտվել, կառավարել զգացմունքներն ու դրանով հաղթահարել շատ դժվարություններ, իսկ երգչախմբային արվեստը միասնականության և ներառականության մասին է:
Կարինե Միրզոյանը «Էմիլի Արեգակ» կենտրոնի հոգեբանն է, ասում է՝ կենտրոնի շահառուների ծնողները երեխաների որոշակի դժվարություններով պայմանավորված՝ մշտապես հաղթահարում են հոգեբանական ծանր պահեր, կարճ ասած, հեշտ չէ, և երգելը նրանց միավորում է ու հոգեբանական կարևոր աջակցություն բերում:
«Սթրեսը հաղթահարվում է, հուզականությունը՝ կարգավորվում, ֆիզիկական առողջության համար ևս կարևոր ազդեցություն ունի երգեցողությունը: Երգչախմբի ելույթներից հետո զգում ես թեթևությունը, լիցքաթափված ես: Հավասարակշռություն ու ներդաշնակություն ես գտնում: Մեր ծնողների համար այդ ներդաշնակությունը կարևոր է: Միասնականություն կա այս ամենի մեջ, երգչախումբը ծնվեց ինքնաջակցման խմբերից ու վստահ եմ՝ կունենա զարգացում, որովհետև, երբ սկսեցինք, ամեն ինչ շատ սաղմնային փուլում էր, բայց այսօր կա ահռելի աշխատանք: Սկսելը բարդ էր, բայց փորձեցինք ու հաջողվեց: Մեր ծնողները նաև նախաձեռնող են և այդ պատճառով նաև այս ամենը հաջողություն կունենա: Մայրը եթե լավ է զգում, լավ տրամադրություն ունի՝ երեխան հաստատ լավ կզգա, սա մեզ համար շատ կարևոր է» :
Երգերն ընտրում են իրենք, հիմնականում հայրենասիրական, լիրիկական երգեր ենք երգում: Նրանցից որոշների երեխաներն էլ միանում են երգչախմբին ու երգում, որոշները՝ ոչ: Բայց այսօր կարող ենք ասել որ ծնողների՝ կայացած երգչախումբ ունենք, բոլորը ոգևորված են, մեծ ցանկությամբ ու կարելի է ասել նաև՝ ապագա մեծ պլաններով», -պատմում է կենտրոնի երաժշտաթերապևտ Գոհար Շախուլյանը:
Մասնագետի խոսքով, իրենց կարևոր նպատակն է եղել, որ երաժշտությունն իր դրական ազդեցությունն ունենա ծնողների հոգեհուզական վիճակի վրա: Երգչախմբի անդամների թիվն անընդհատ փոփոխվում է, հիմա երգչախմբում 12 ծնող է երգում:
«Երբ ելույթ են ունենում մեր միջոցառումների ժամանակ՝ նրանք հաղթահարում են մարդկանց մոտ ներկայանալու բարդույթները: Հենց երաժշտությունը, երգը միջոց է եղել, որ նրանք ազատվեն, ձերբազատվեն հոգեբանական բազմաթիվ դժվարություններից: Ոչ միայն ծնողներ ունենք, այլ նաև տատիկներ, որ մասնակցում են երգչախմբին, ունենք նաև մայր ու աղջիկ: Մեր պարապունքի օրը գալիս են նաև ծնողներ, որոնց երեխաների այցելության օրն այդ օրը չէ, նշանակում է, որ սիրով են գալիս, ուզում են գալ: Ծնողները գալիս են ինչ-որ տեղ ընկճված, տխուր, վատ տրամադրությամբ, բայց երգը վարակիչ ազդեցություն ունի, նրանք հավաքվում են ու փոխվում է տրամադրությունը, գնում են լավ տրամադրությամբ, իսկ բոլորս լավ գիտենք, որ ուրախ մայրը ուղիղ դրական ազդեցություն ունի երեխայի վրա»:
Մասնագետների խոսքով, այժմ ցանկություն կա համագործակցությունների շրջանակը մեծացնել ու մշտապես ակտիվ պահել ծնողների երգչախումբը, նպատակն է՝ միշտ երգով ու երաժշտությամբ դրական ու լուսավոր տրամադրություն բերել զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին:
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան, և պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները: